Լրահոս
Օրվա լրահոսը

Օֆշորի գործ. «Խոշոր գործարար Հայրապետյանի անունը միֆ էր, իր գազի, ջրի պարտքերը ես եմ փակել»

Մարտ 03,2016 14:58

Այսօր Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «օֆշորի գործով» դատական նիստն էր: Ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանն ու նրա պաշտպանը՝ Յուրիկ Խաչատրյանը մի տեսանյութ ներկայացրեցին՝ ապացուցելու, որ մինչեւ տուժող Փայլակ Հայրապետյանին հանդիպելը ինքը խոշոր գործարար է եղել:

Մեղադրող դատախազը, Հայրապետյանի ներկայացուցիչները վստահեցրին, որ միայն կադրեր են, ոչ մի խոսակցություն չկա, ի՞նչ է երեւում տեսանյութից՝ այն, ինչ ցուցադրվում է, դրանց սեփականատերը հենց Աշոտ Սուքիասյա՞նն է, թե՞ ուրիշը: Անգամ դատավորը մի քանի դիտարկում արեց, որ սեղանի գլխին նստած նկար են ցուցադրում ու ասում, ժողով ենք անում, ես սեղանի գլխին եմ, երեւում է որ ես սեփականատերն եմ:

Այս առնչությամբ Աշոտ Սուքիասյանն ասաց, որ «Աֆրիկայի արդարադատության նախարարության թղթերը կան, որ ես սեփականատեր եմ եղել, փաստաթղթեր կան, որ գումարներ եմ փոխանցել, տեխնիկա եմ գնել 16 մլն դոլարի: Աֆրիկայի էկոնոմիկայի նախարարության թղթերը կան»:

Պաշտպանական կողմը խոստացավ այդ բոլոր փաստաթղթերը վաղը ներկայացնել:

Աշոտ Սուքիասյանը նաեւ հայտարարեց, որ Հայրապետյանին ոչ մեկը վարկ չէր տրամադրի, ինքը շատ վատ վարկային պատմություն ուներ. «Եկել էր Աֆրիկա որսի, որ մեկին էլ գտներ, իր համար վարկ վերցներ: Այնպես որ, ես կարիք չունեի ոչ իր ժողովի, ոչ էլ Հայրապետյանի: Հայրապետյանը խնդրեց, որ ես իրեն օգտակար լինեմ, քանի որ իր անունով հնարավոր չէր վարկ վերցնել, ես էլ վերցրեցի: Ես եմ բանկերի իր պարտքերը փակել, անձական պարտքեր էլ ուներ, այդ պարտքերն եմ փակել՝ գազի, ջրի, լույսի պարտքերն եմ փակել»: Փայլակ Հայրապետյանը բորբոքվեց. «Ամոթ չե՞ս անում, ա՛յ տղա»:

Աշոտ Սուքիասյանը հայտարարեց, որ խոշոր գործարար Հայրապետյանի անունը միֆ էր, ես ծանոթացել եմ սնանկացած, խեղճացած Հայրապետյանի հետ: Նա դատարանին հորդորեց մեկ զանգով ճշտել բանկից, թե ինչպես են Հայրապետյանի անունը լսել ու չեն ուզել նրան վարկ տալ:

Դատարանը ապացույցների հետազոտման փուլն արդեն ավարտում է:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց մարտի 10-ին, ժամը 12-ին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031