Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ԲՀԿ երբեմնի ակտիվիստը ՀՀԿ-ին անդամակցելու դիմում կտա՞, թե՞ ոչ. «Հայոց աշխարհ»

Մարտ 10,2016 10:29

Այն, որ «Բարգավաճ Հայաստանում» իշխանական կոալիցիային միանալ-չմիանալու հողի վրա լուրջ խմորումներ են սկսվել՝ որեւէ մեկի համար գաղտնիք չէր։

Ցանկության դեպքում անգամ հնարավոր չէր չնկատել, որ «Բարգավաճի» վերակազմավորման արդյունքում մոտ մեկ տարի առաջ ձեւավորված, ըստ էության, նոր կուսակցության ակտիվի զգալի մասը իրեն տեսնում է ՀՀԿ-ի կողքին՝ իշխանության մեջ, ինչը չի կարելի ասել ԲՀԿ լիդերությունն ստանձնած Նաիրա Զոհրաբյանի ու նրա մի քանի համախոհների մասին։

Տիկին Զոհրաբյանը, ճիշտ է, բավականաչափ պրագմատիկ գտնվեց՝ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, պաշտպանեց սահմանադրական բարեփոխումների նախագիծը, բայց առանձնապես խանդավառություն չդրսեւորեց դրա բարեմասնությունները հիմնավորելու հարցում։

Քարոզարշավի ընթացքում փութաջանություն էին դրսեւորում հիմնականում ԲՀԿ խմբակցության խոսնակի դերում հայտնված Վահան Բաբայանը եւ Միքայել Մելքումյանը։ Ընդ որում, եթե առաջինը դա անում էր բացառապես սեփական կարիերայի համար բարենպաստ «մթնոլորտ» ստեղծելու նկատառումով, ապա Մելքումյանը՝ «ի խորոց սրտի». վստահ, որ բարեփոխումները նպաստում են քաղաքական մենաշնորհների վերացմանը։
Իսկ այն, որ նախկինում ճիշտ հակառակն էր ասում՝ որ առաջարկվող փոփոխություններն ամրապնդում են իշխող կուսակցության քաղաքական մենաշնորհը, բացատրում էր քաղաքական իրավիճակի փոփոխությամբ։

ՀՅԴ-ՀՀԿ բանակցությունների հրապարակային փուլի մեկնարկից հետո ո՛չ մեկը, ո՛չ մյուսը, չէին թաքցնում այդ գործընթացում ներգրավվելու իրենց ցանկությունը։ Վ.Բաբայանի դեպքում այդ ցանկությունն այնքան ընդգծված էր, որ կասկածի տեղ չէր թողնում՝ երիտասարդը վաղ թե ուշ տարանջատվելու է համագործակցության հակառակորդներից եւ գնալու է իր «ուրույն» ճանապարհով։

Հանգուցալուծումը չուշացավ. պատգամավորը վայր դրեց խմբակցության խոսնակի լիազորությունները, կարելի է ենթադրել՝ ո՛չ այնքան սեփական կամքով, որքան հարկադրաբար։ Համենայն դեպս Ն.Զոհրաբյանը, մեկնաբանելով սույն փաստը, արձանագրեց, որ մամուլի խոսնակը պարտավոր է արտահայտել խմբակցության դիրքորոշումը, ոչ թե իր անձնական կարծիքը։

Ավելի վաղ, ի պատասխան մեր հարցի, ԲՀԿ նախագահը բավական կոշտ արտահայտվեց օր առաջ ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիային միանալու Բաբայանի ձգտումների մասին՝ ասելով. «Իմ որոշ գործընկերներ, եթե այդքան մղվում են դեպի ՀՀԿ, կարող են դուրս գալ ԲՀԿ-ից եւ անդամագրվել ՀՀԿ-ին»։

Քանի որ դա ասվեց ո՛չ «մամուլի համար», այն ժամանակ զերծ մնացինք դա հրապարակման նյութ դարձնելու գայթակղությունից։ Հիմա, երբ բանը բանից անցել է՝ Վ.Բաբայանը արդեն իսկ հաստատել է խոսնակի դերից հրաժարվելուց բացի նաեւ ԲՀԿ-ից դուրս գալու վերաբերյալ լուրերը, դրանից գաղտնիք սարքելն այլեւս անիմաստ է։
Մնում է «պարզել»՝ ԲՀԿ երբեմնի ակտիվիստը, որը իր կուսակցական գործունեությունն սկսեց Արամ Զ.Սարգսյանի հիմնած գերարմատական «Հանրապետություն» կուսակցությանն անդամագրվելուց, հետո դարձավ իշխանամետ ՀԵԿ-ի փոխնախագահ, ապա՝ նախագահ, միայն դրանից հետո հայտնվեց ԲՀԿ համամասնական ցուցակում՝ Գագիկ Ծառուկյանի թեւի տակ, ՀՀԿ-ին անդամակցելու դիմում կտա՞, թե՞ ոչ։

Ս. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031