Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր «բարեկամ» ՌԴ իրավապահները

Մարտ 15,2016 15:00

Բարեկամության շքանշանը եւ «մեդալի» հակառակ՝ կրիմինալ կողմը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մոսկովյան վերջին այցի ընթացքում «Բարեկամության շքանշան» շնորհեց Ռուսաստանի Քննչական կոմիտեի նախագահ Բաստրիկինին եւ ՌԴ գլխավոր դատախազ Չայկային:

Անշուշտ, Հայաստանի բարեկամներին պետական պարգեւի արժանացնելն ինքնին շատ կարեւոր է: Սակայն ովքե՞ր են Հայաստանի Հանրապետության այն բարեկամները, որոնք պետք է կրեն այդ՝ Բարեկամության շքանշանը, ո՞ր արժանիքների համար: Արդյո՞ք ներկայիս բարդ ժամանակաշրջանում նման բարեկամներ ունենալը, նրանց պարգեւատրելը Հայաստանի դիրքերն ամրապնդում է, թե՞ հակառակը:

Ինչպիսի «համբավ» են վայելում միջազգային պատժամիջոցների ենթարկված սույն պաշտոնյաները որպես ՌԴ իրավապահ մարմինների ղեկավարներ՝ կարելի է դատել հենց ռուսական մամուլից: Նրանց անմիջական մասնակցությամբ կազմակերպված հետապնդումների, մամուլի պնդմամբ՝ կեղծ քրեական գործերի մասին պատմություններից կարելի է բազում հատորներ կազմել: Իհարկե, կարելի է այս ամենը վերագրել «Պետդեպին», «Սորոսին», «Մեծ Ռուսաստանի վերելքին նախանձողներին» եւ այլն:
Սակայն այստեղ հարցն ավելի բարդ է: Սույն պաշտոնյաները ոչ միայն մարմնավորում են մեր ռազմավարական դաշնակից երկրի իշխանության ռեպրեսիվ եւ կոռումպացված էությունը, ինչի մասին վկայում են բոլոր միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցները, այլեւ նրանց անուններն անհատապես կապվում են ռուսական մաֆիայի եւ արտասահմանում նրա՝ հանցավոր գործունեության հետ:

ՌԴ Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինին Իսպանիայի դատախազությունը մեղադրանք է ներկայացրել մի քանի ծանր քրեական հանցագործություններին անմիջական մասնակցություն ունենալու հետ կապված, այդ թվում՝ փողերի լվացում առանձնակի խոշոր չափով, խարդախություններ՝ կապված անշարժ գույքի հետ, անօրինական բանկային գործարքներ եւ փոխանցումներ եւ այլն: Ընդ որում, հիմնվելով գաղտնալսումների արդյունքների վրա՝ Իսպանիայի դատախազությունն իր մեղադրական եզրակացությամբ պնդում է, որ պարոն Բաստրիկինն իր պաշտոնը զբաղեցնելու համար պարտական է պետերբուրգցի քրեական հեղինակություն Գենադի Պետրովին, որն ի շարս 27 անձի՝ անցնում է «ռուսական մաֆիայի» հետ կապված քրեական գործով, եւ Տամբովյան քրեական խմբավորմանը: Քրեական գործով մեղադրանք է ներկայացված նաեւ Պետդումայի պատգամավոր Ռեզնիկին, նախկին վարչապետ Զուբկովին, պաշտպանության նախկին նախարար Սերդյուկովին, Պետդումայի նախկին ղեկավար Գռիզլովին: Նշվում է նաեւ, որ Ռուսաստանը խոչընդոտում է տվյալ անձանց հետ կապված հետաքննության անցկացմանը: Ուշագրավ է նաեւ, որ ուղղակի տեքստով տվյալ անձինք նշվում են որպես ՌԴ նախագահ Պուտինի մերձավորներ:

Ոչ պակաս սկանդալային պատմություններ են կապվում ՀՀ Բարեկամության մյուս շքանշանակիր՝ ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկայի անվան հետ: Ռուս հայտնի ընդդիմադիր գործիչ, Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի հիմնադիր ղեկավար Ալեքսեյ Նավալնին ներկայացրել է իր հեղինակած՝ «Չայկա. Կրիմինալ դրամա հինգ մասից» ֆիլմը, որը հասցրել է արժանանալ Արտդոկֆեստ կինոփառատոնի հատուկ մրցանակին: Ֆիլմը հիմնված է հետաքննության արդյունքների վրա եւ պատմում է, թե ինչով են զբաղված պարոն Չայկայի որդիները, որոնք անհասկանալի կերպով դարձել են խոշոր բիզնեսմեններ, նրանց անունները կապվում են նաեւ ընդհատակյա կազինոների հովանավորության, առանձնակի մեծ չափի փողերի լվացման հետ: Արտյոմ եւ Իգոր Չայկաների հետ համատեղ բիզնեսում նշվում են բազմակի սպանության մեջ մեղադրված եւ ներկայումս ցմահ եւ քսանամյա պատիժը կրող բանդիտներ Սերգեյ Ցապոկը եւ Վյաչեսլավ Ցեպովյազը:

Հայկական ԶԼՄ-ները, ցավոք, շատ քիչ ուշադրություն են դարձնում մեր ռազմավարական դաշնակից երկրի բարձրաստիճան պաշտոնյաների «հաջողություններին» կրիմինալ դաշտում: Դժվար է ասել՝ ինչն է պատճառը. լավ չե՞ն պատկերացնում դրա լրջագույն հետեւանքները Հայաստանի համար, չե՞ն պատկերացնում, թե երեւույթի պատճառահետեւանքային կապերը ինչպես են բռնում մեր պետականության կոկորդից, թե՞ առաջնորդվում են «շառից-փորձանքից հեռու» սկզբունքով: Սակայն դրա մասին՝ մեկ այլ առիթով:

Իհարկե, այդ երկու գործիչների նկատմամբ նույնպես պետք է կիրառվի անմեղության կանխավարկածի սկզբունքը: Սակայն այլ է քաղաքական հարթությունը: Նախ, մի կողմից՝ «նորմալ» երկրի պարագայում այդպիսի ահռելի «սկանդալային բագաժ» կուտակած պաշտոնյաները մեկ ժամից կթողնեին իրենց պաշտոնները: Մյուս կողմից՝ դժվար է ասել, թե նման սկանդալային կերպարները որպես Հայաստանի բարեկամ՝ ի՞նչ օգուտ կարող են տալ մեր երկրին, ինչպես նաեւ՝ արդյոք Հայաստանն իր վրա չափազանց ծանր բեռ չի՞ վերցնում նման անձանց բարեկամ հռչակելով եւ շքանշանով պարգեւատրելով:

ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
15.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    մէջբերում՝ «նորմալ» երկրի պարագայում այդպիսի ահռելի «սկանդալային բագաժ» կուտակած պաշտոնյաները մեկ ժամից կթողնեին իրենց պաշտոնները:
    ————————————————————————————-
    Ճիշդ է, սակայն միայն… եթէ բռնվին. եթէ ընդհանուր հանրութեան առջեւ բացայայտվի գայթակղութիւնը:

    Թէ ոչ, ամէն բան գորքի տակը կը սահեցվի, եւ… business as usual.

    Հետեւաբար, աշխարհի ամէն կողմ, այդ բարոյա-սկզբունքային մօտեցումը կը կիրարկվի միայն հազխադէպ, բացառիկ ու պատահական պարագաների, որոնք խնդրի իրական տարողութեան աննշշան համեմատութիւնը կը կազմնեն միայն:

    Ուրեմն, այդ «նորմալ» երկիրներից առնվելիք դասը, մեր հանրային ծառայութեան անպարկեշտ տարրերին համար, կրնայ ըլլալ հետեւալը՝ մի քիչ աւելի վարպետ ու ճարպիկ եղէք, որպէսզի մէջտեղ չելլէ ձեր աղտոտութիւնը, եւ հանգիստ թողեն ձեզ:

    Ըսել ուզածս հետեւեալն է, յարգելի Ռուբեն՝ անշուշտ թէ մեր միջէն պէտք է եւ անհրաժեշտ է որ – օրինապէս – մաքրենք ու մաքրագործենք անարժան, անպարկեշտ, անօրէն եւ անբարոյ տարրերը, երկրի բոլոր ոլորտներում, սկսեալ պետական հիմնարկներից: Սակայն առանց օրինակ առնելու այլ երկիրներից, որովհետեւ լաւ օրինակներ չկան այդ ուղղութեամբ:

    ( Նաեւ հասկացայ որ այստեղ նիւթը այն չէ թէ այդպիսի անձիք չեն պատժվում, այլ ընդհակառակն ՝ պատիւներ են ստանում: Սակայն այդ ուղղութեամբ եւս մեկնաբանութիւնս կը մնայ ի զօրու, որովհետեւ նոյնն է պարագան նաեւ «նորմալ» երկիրների այն աւազակների պարագային որոնք, իրենց շրջապատի մեղսակցութեամբ, կը յաջողին ընդհանուր հանրութեան նկատմամբ ծածուկ պահել բոլոր տեսակի կեղտոտութիւններ: Եւ ժպիտը դէմքին, կը փառաբանվին, շքանշաններ կը ստանան: )

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031