Լրահոս
Օրվա լրահոսը

Մրցանակաբաշխություն՝ 42 միլիոն դրամ բյուջեով

Մարտ 15,2016 17:09

Հայաստանի անկախության 25-ամյա հոբելյանին ընդառաջ Ռուսաստանի հայերի միության աջակցությամբ Հայաստանում տեղի կունենա մրցանակաբաշխություն՝ «Համազգային միասնությունը՝ հավաքական ուժի և հզորության գրավական» թեմայով, մարտի 15-ին կայացած ասուլիսում հայտնեցին Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ, ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Ռուբեն Գևորգյանցը, «Կինո+» ամսագրի գլխավոր խմբագիր Ռուբեն Մաթոսյանը և Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Վլադիմիր Աղայանը:

Այս մրցանակաբաշխությունը կազմակերպվում է արդեն տասներորդ անգամ և կրում է ամենամյա բնույթ: Այն նախատեսված է ինչպես արվեստի, այնպես էլ գիտական աշխատանքների համար: Այս տարի մրցանակաբաշխության ընդհանուր ֆոնդը կազմում է 42 միլիոն դրամ, որը հավասարապես կբաշխվի ուղղությունների միջև՝ յուրաքանչյուրին դրամական պարգևի համար հատկացնելով 7 մլն դրամ:

Բանախոսները ներկայացրին կինեմատոգրաֆիայի մրցույթի մանրամասները: Նրանք հայտնեցին, որ ընդունվում են տվյալ թեմային համապատասխանող լիամետրաժ վավերագրական ֆիլմերի մասնակցության հայտեր մինչև մարտի 20-ը: Հայտ կարող են ներկայացնել ինչպես Հայաստանից, այնպես էլ սփյուռքից, բայց ֆիլմի ռեժիսորը պարտադիր պիտի լինի Հայաստանի կինոմիության անդամ: Ներկայացված ֆիլմերի ամփոփումը կլինի օգոստոսին, իսկ արդյունքները պատրաստ կլինեն մինչ սեպտեմբերի 21-ը, հույս հայտնեցին բանախոսները:

«Մենք չենք ֆինանսավորելու մասնակիցներին, նրանք ինքնուրույն պիտի ֆինանսավորում գտնեն, ու եթե ֆիլմը նկարահանվելուց հետո հաղթի այս մրցույթում, դրամական պարգևի շնորհիվ նրանց ծախսերը կչեզոքանան: Հայտեր արդեն ստացել ենք, մասնակցության շահագրգռվածություն ենք նկատում: Մասնակցության պայմանները հրապարակված են մի շարք կայքերում»,- հայտնեց Գևորգյանցը:

«Մրցանակաբաշխությունը նպատակ ունի բարձրացնել գիտության ու արվեստի դերն ու արժեքը 21-րդ դարի մարտահրավերներին դիմագրավելու գործում, նպաստել գիտական և ստեղծագործական գործունեության բարելավմանը և գլխավորը՝ Հայաստանի մտավոր կյանքի աշխուժացմանը: Մենք չունենք ոչ նավթ, ոչ գազ, մեր հիմնական հարստությունը մտավորականությունն է, և այն կարող է մեր երկիրը ճանաչելի դարձնել ողջ աշխարհում»,- ասաց Վլադիմիր Աղայանը:

Կինեմատոգրաֆիայի մրցանակաբաշխության հանձնաժողովի նախագահը Ռուբեն Գևորգյանցն է, իսկ մյուս անդամներն են Վադիմ Ղարիբյանը, Նինա Հովդովյանը, Արտյոմ Երկանյանը և Ռուբեն Մաթոսյանը: Միջոցառումը հովանավորում է Ռուսաստանում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:

Շուշան ԳԱԼՍՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031