Լրահոս
Օրվա լրահոսը

«Եվրոպան նման է խորտակվող նավի»

Մարտ 26,2016 15:00

«Radio France Internationale»-ի լրագրողն իր դիտարկումներն է
ներկայացնում Բրյուսելում տեղի ունեցածի վերաբերյալ

«Օրեր առաջ Ֆրանսիան եւ Բելգիան միասին նշում էին իրենց հաղթանակը, ձերբակալել էին նոյեմբերին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության մեջ կասկածվող Սալահ Աբդուսալամին: Այդ մասին տեղեկատվությունը արագ տարածվեց: Ինձ թվում է՝ այդ օպերացիան է արագացրել Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչությունը. այդտեսակ ահաբեկչությունները նախապես են պատրաստվում եւ երկար ժամանակում, բայց կարող ենք ենթադրել, որ այն երկար ժամանակ պատրաստվում էր, պարզապես Սալահ Աբդուսալամին գտնելու օպերացիան արագացրեց այն»,- «Առավոտի» հետ զրույցում Բրյուսելում օրեր առաջ տեղի ունեցած ահաբեկչության մասին իր դիտարկումներն է ներկայացնում «Radio France Internationale»-ի միջազգային թեմաներ լուսաբանող լրագրող Ելենա Գաբրիելյանը: «Փաստորեն Եվրոպան բռնեց ահաբեկչին, որը չորս ամիս թաքնվում էր ոստիկանության քթի տակ: Այդ մարդուն բռնել են, եւ չորս օր հետո տեղի է ունենում ահաբեկչությունը, որը չնայած տեղի չունեցավ նույն կերպ, ինչպես եղավ Փարիզինը, բայց մենք, այնուամենայնիվ, տեսանք նույն ձեռագիրը. նույն ահաբեկչական կազմակերպությունն էր, անգամ նույն տրամաբանությունը»,- ասում է Ելենա Գաբրիելյանը: Նա նշում է, որ չնայած Բրյուսելում կենտրոնացված էր անգամ բանակ՝ քաղաքացիների անվտանգությունը ապահովելու համար, այնուամենայնիվ, ահաբեկիչները կարողացան իրենց առջեւ դրված նպատակներն իրականացնել. «Կարծես թե նրանց հաղորդագրությունն էր, թե չնայած հակաահաբեկչական գործողությունների սպառնալիքներին՝ մենք պատրաստ ենք նոր հարված հասցնել Եվրոպայի մայրաքաղաքին: Եվ այդ հարվածը ոչ միայն Բելգիային էր ուղղված, այլեւ հենց Եվրամիությանը»:

Ելենա Գաբրիելյանը կարծում է, որ ահաբեկիչների կողմից շրջանառվող երկրորդ հաղորդագրությունն այն է, որ իրենք՝ ջիհադիստները, ցանկանում են պատերազմել հենց Եվրոպայի հետ. «Մենք շատ ենք խոսում Մերձավոր Արեւելքում եղած ահաբեկիչների մասին, որ ծայրահեղ ահաբեկչական խմբավորումները ղեկավարում են Իրաքի եւ Սիրիայի տարբեր շրջաններ, բայց այստեղի ահաբեկչությունների տրամաբանությունը, իմ կարծիքով, տարբերվում է Եվրոպայում տեղի ունեցածներից: Ես կարծում եմ՝ ահաբեկիչները ցանկանում են պատերազմ սկսել Եվրոպայում: Ես կարծում եմ՝ ահաբեկիչները ահաբեկչության միջոցով ցանկանում են ապակայունացնել Եվրոպան, պատերազմ «ներմուծել» այստեղ:

Իսկ պատերազմը շատ վախեցնում է այսօր Եվրոպային, որովհետեւ այդ պատերազմին պետք է ինչ-որ ձեւով պատասխանել: Պատերազմով, թե ոչ՝ իմ կարծիքով՝ Եվրոպան այնքան էլ պատրաստ չէ, եւ պատրաստ չէ նաեւ ընդունել եւ արդյունավետ պատասխանել նրանց ուղարկած այս մարտահրավերին»,- ասում է մեր զրուցակիցը՝ նշելով, որ չնայած շատերը Մերձավոր Արեւելքում կատարվող ահաբեկչական գործողությունները կապում են Եվրոպայում կատարվողների հետ, ինքը դրա հետ համաձայն չէ: «Ես այդքան էլ մոտ կապ չեմ տեսնում: Այն, ինչ կատարվում է Մերձավոր Արեւելքում, ռազմական կոնֆլիկտի արդյունք է, իսկ ինչ կատարվում է Եվրոպայի տարածքում, եվրոպական ջիհադիզմ է, որովհետեւ ահաբեկիչները, որոնք կազմակերպել են այդ հարձակումները՝ Փարիզում, թե Բելգիայում, նրանք այդ երկրների քաղաքացիներ են: Գնում կամ ինչ-որ ձեւով ձեռք են բերում զենք նորից Եվրոպայից, գործողությունների տրամաբանությունը եւս եվրոպական է»,- ասում է Ելենա Գաբրիելյանը: Բրյուսելում իրականացված ահաբեկչությունների սերիան ուղղված էր ե՛ւ Բելգիային, ե՛ւ հենց Եվրամիությանը, ե՛ւ ՆԱՏՕ-ին, քանի որ վերջիններիս կառավարական մարմիններն էլ գտնվում են Բրյուսելում, մյուս կողմից էլ՝ ցանկացած ահաբեկչություն երկիրը տնտեսապես հետ է գցում: «Մենք գիտենք, որ ահաբեկչության զոհերը ոչ թե Եվրախորհդի պատգամավորները կամ աշխատակիցներն էին, այլ Բելգիայի կամ Եվրոպայի քաղաքացիներ:

Սակայն մետրոյում տեղի ունեցած ահաբեկչությունը, որը մոտ էր այդ կազմակերպությունների շենքերին, վկայում է այն մասին, որ ուներ քաղաքական ուղղվածություն: Պետք է նաեւ ավելացնեմ, որ օդանավակայանում եղած ահաբեկչությունը հիշեցնում է «Ալ-Քաիդան», մասնավորապես՝ Բեն Լադենին,- ասում է Ելենա Գաբրիելյանը եւ նշում, որ վերոնշյալ միջազգային կառույցները պետք է համարժեք պատասխաններ տան ահաբեկիչներին:- Կարծում եմ, որ Եվրոպան ՆԱՏՕ-ի հետ պետք է ձեւակերպեն ընդհանուր դիրքորոշում եւ խիստ պատասխան ահաբեկիչներին, որը պետք է լինի երկարաժամկետ քաղաքականություն»:

Միջազգային թեմաներ լուսաբանող լրագրողը այս իրադարձությունների համատեքստում պատահական չի համարում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի՝ Մոսկվա եւ Բելգիա այցերը. «Ես կարծում եմ, որ այս հանդիպումները կարեւոր են լինելու միջազգային ահաբեկչության դեմ պայքարում»: Ելենա Գաբրիելյանը նաեւ նկատում է, որ այժմ Եվրոպան ծանր վիճակում է՝ կապված միգրացիոն ճգնաժամի, Հունաստանի տնտեսական խնդիրների հետ: «Կարծում եմ, որ Եվրոպան հիմա նման է խորտակվող նավի բաց ծովում. ի՞նչ անել. Եվրոպայում, կարծում եմ, չեն գտնում այդ հարցի պատասխանը: Եվ ցավալի է, որ հիմա Եվրոպան դժվարանում է պատասխանել մեկ ձայնով»,- ասում է մեր զրուցակիցը: Անդրադառնալով Բրյուսելում տեղի ունեցածի վերաբերյալ Ռուսաստանի եւ Թուրքիայի հայտարարություններին, որոնք ավելի շատ մեղադրական էին, քան կարեկցական՝ մեր զրուցակիցը նշում է, որ այդ պետությունները միշտ էլ ձգտել են իրենց կարեւորությունը ներկայացնել, հանդես գալ համագործակցել ցանկացողների դերում:

Թուրքիայի դեպքում Եվրամիությունը կարծես թե «օգնության մեկնած ձեռքը» ընդունել է, սակայն Ռուսաստանի հայտարարությունը, թե Եվրոպան է մեղավոր ստեղծված իրավիճակի մեջ, քանի որ տարբերակում է «լավ եւ վատ ահաբեկիչներին», Եվրոպան կարծես մեծ ուշադրություն չդարձրեց: «Եվրամիությունն առանձնապես ուշադրություն չդարձրեց այդ հայտարարություններին: Կարծում եմ, որ Եվրոպան ավելի զգայուն է սոլիդարության կոչերի, օգնության նկատմամբ, քան դաս տվող հայտարարությունների, թե մենք ձեզ զգուշացնում էինք եւ այլն»: Մեր զրուցակիցը նկատում է, որ Ռուսաստանը Սիրիայից զորքերը հանելուց հետո փորձում է իր դերը բարձրացնել աշխարհաքաղաքական իրադարձություններում եւ բանակցության մեջ մտնել գերտերությունների հետ, քանի որ Ուկրաինայի խնդրի հետ կապված պատժամիջոցները շարունակում են թուլացնել նրա տնտեսությունը: Ելենա Գաբրիելյանը կարծում է, որ Մերձավոր Արեւելքի խնդիրը հնարավոր է լուծել դիվանագիտությամբ, գերտերություններ նոր ֆորմատով համաժողով կազմակերպեն՝ նվիրելով այն հենց այդ տարածաշրջանում տեղի ունեցողին, «Պետք է գտնեն միջազգային լուծում այս տարածաշրջանային խնդրի համար»,- ասում է Ելենա Գաբրիելյանը:

Անդրադառնալով Հայաստանի ներգրավվածությանը աշխարհաքաղաքական վերոնշյալ իրադարձություններին՝ նա նշում է, որ Հայաստանի դերը չպետք է թերագնահատել. այն անվտանգություն ապահովող կազմակերպության՝ ԵԱՀԿ-ի անդամ է, բացի այդ, ինքն էլ ունի դեռ չլուծված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը. «Մյուս կողմից էլ՝ չպետք է հաշվի չառնել այն փաստը, որ այսօրվա դրությամբ Սիրիայի խնդրում ներգրավված են Ռուսաստանը եւ Թուրքիան, որոնք միմյանց հետ, մեղմ ասած, կոնֆլիկտի մեջ են: Ես հիշում եմ՝ նաեւ Հայաստանի պաշտպանության նախարարը Ռուսաստանում հայտարարեց, որ Հայաստանը չեզոք չի լինի Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ կոնֆլիկտի սրման դեպքում: Ես կարծում եմ, որ Կովկասյան փոքրիկ հանրապետությունը, որն ունի դեռեւս չլուծված կոնֆլիկտ հարեւան պետության հետ, մտնելով երկու մեծ տարածաշրջանային գերտերությունների կոնֆլիկտի մեջ՝ կարող է բացասական հետեւանքների առջեւ կանգնել: Ես անվտանգության մասնագետ չեմ, բայց կարծում եմ, որ Հայաստանին նման բան պետք չէր: Հայաստանն այս պարագայում պետք է չեզոք դիրք զբաղեցնի»:

 
ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
25.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031