Առաջիկա իմ ամենակարևոր անելիքը համարում եմ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վավերացումը, կառավարության երեկվա նիստում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը, ասելով, որ իր համար դրել է այդ կոնկրետ խնդիրն ու ժամանակացույցը մինչեւ 2031 թվականն է։ Այն, որ Փաշինյանը դրել է իր առաջ այդպիսի խնդիր, նա հայտարարել է երեք օր առաջ։ Բայց փաստորեն ստացվում է, որ այդ խնդիրը լուծելու համար նա դիտարկում է հնգամյա ժամանակահատված։ Իհարկե, չի հայտարարում, որ հենց 2031-ին կլինի ստորագրումը, բայց փաստորեն այնքան թերահավատ է, որ համենայնդեպս հնգամյա ժամկետ է սահմանում այդ «առաջնահերթ նպատակին հասնելու» համար։
Եվ սա այն դեպքում, երբ խոսքը նախաստորագրված համաձայնագրի մասին է։ Այսինքն, մնում է ստորագրել ու վավերացնել։ Իհարկե, կա Ադրբեջանի պայմանը՝ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը։ Մի՞թե Նիկոլ Փաշինյանը համարում է, որ դա անելու համար կարող է պահանջվել մինչեւ հինգ տարի։ Թե՞ նա վստահ է, որ այդ պայմանը կատարելը չի բերելու ստորագրման եւ Ադրբեջանը առաջ է քաշելու այլ պայման կամ պատրվակ, որովհետեւ շահագրգռված չէ ստորագրելով ու վավերացնելով։
Բայց այստեղ գուցե ավելորդ չի լինի դիտարկել եւս մի տարբերակ։ Իսկ կարո՞ղ է, արդյոք, Նիկոլ Փաշինյանն ինքը իրականում շահագրգռված չլինել խաղաղության պայմանագրի արագ ստորագրում–վավերացումով, եւ 2031 թվականի մասին հայտարարությունը մատնում է հենց դա։ Ի վերջո, դա մի թեմա է, որով Նիկոլ Փաշինյանը ապահովում է իր հանդեպ «պահանջարկ» թե Հայաստանի հանրության որոշակի շրջանակում, թե նաեւ միջազգային դերակատարների շրջանում։ Ըստ այդմ, Նիկոլ Փաշինյանի շահերից չի բխում դրանից հրաժարվելը։ Չէ՞ որ այդ դեպքում նա չի կարող ընդդիմության ցանկացած քննադատության հակադարձել, թե՝ «պատերազմ են սադրում» կամ «խանգարում են խաղաղությանը»։ Մեծ հաշվով, եթե ստորագրվում է խաղաղության պայմանագիրը՝ լավն է դա, թե վատ, այս պահին դնենք մի կողմ, Նիկոլ Փաշինյանը քաղաքական տեսանկյունից էապես դառնում է «ավելորդ», զգալիորեն կորցնում է քաղաքական խաղաքարտերը։
Մինչդեռ, եթե օրինակ՝ թեման զանազան մեխանիզմներով ձգվի մինչեւ, օրինակ, 2031 թվականը, կարող է նույնիսկ «ձգել» մինչեւ անգամ այդ ժամանակ անցկացվելիք խորհրդարանի հերթական ընտրության քարոզարշավի առանցքի կարգավիճակի։ Կամ, դառնալ օրինակ քարոզարշավին ներկայացվելիք՝ ընտրական ցիկլի գլխավոր ձեռքբերում, որի «տաք հետքով» նա կարող է տպավորություն թողնել որոշակի ընտրազանգվածի համար։ Ընդ որում, այդ հարցում նրան կարող է անգամ ընդառաջել Ադրբեջանը, նվազագույնը եւս հինգ տարի Նիկոլ Փաշինյանին «չկորցնելու» համար։ Հատկապես, որ այդ աջակցության դիմաց՝ խաղաղության պայմանագրի ստորագրումը ձգելու, Ադրբեջանը նույն Փաշինյանից կստանա թերեւս իր գինը։
Կարդացեք նաև
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ



















































