Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Պիպոյանի խոսքով` Հայաստանում թերսնման խնդիրն առավել սուր է գյուղական համայնքներում. «Հայոց աշխարհ»

Մարտ 31,2016 12:58

Օրերս հրապարակվեց ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի եւ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի` ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից համատեղ մշակված զեկույցը Հայաստանում տնային տնտեսությունների պարենային ապահովության մասին:

Զեկույցի համաձայն` Հայաստանում տնային տնտեսությունների 15%-ը 2010թ. ի վեր պարենային առումով անապահով են, իսկ զգալի մասը հայտնվել է պարենային անապահով դառնալու վտանգի առաջ: Տնային տնտեսությունների 28%-ը որեւէ ցնցումի ենթարկվելու դեպքում կարող է հայտնվել պարենային անապահով տնտեսությունների ցանկում: Հաշվի առնելով, որ Հայաստանը բազմաթիվ ռիսկերի է ենթարկվում` դրա հավանականությունը բավական մեծ է:

Ընդ որում` հետազոտությունների արդյունքներով պարզվել է, որ պարենային անապահովության հետեւանքով 5 տարեկանից փոքր երեխաների 19%-ը թերաճ են, ինչը պայմանավորված է քրոնիկ թերսնմամբ եւ դրսեւորվում է երեխաների՝ իրենց տարիքի համեմատ կարճահասակությամբ, նվազ քաշով, մտավոր թերզարգացածությամբ եւ առողջական այլ խնդիրներով: Թերսնման խնդիրը, համադրված սննդարար միկրոտարրերի անբավարարությամբ, արդեն հանրային առողջապահական լուրջ խնդիր է:

Ինչպես նշում է պարենային իրավունքի փորձագետ, սննդամթերքի անվտանգության դոկտորանտ ԴԱՎԻԹ ՊԻՊՈՅԱՆԸ` հասարակության շրջանում պարենային անապահովության խնդիրը ոչ թե լուծվում, այլ ավելի խոր արմատներ է ձգում, ինչի վկայությունը ՄԱԿ-ի զեկույցում ներկայացված տվյալներն են:

Ըստ Դավիթ Պիպոյանի՝ ՄԱԿ-ի զեկույցը ահազանգ է այն մասին, որ մեզանում հարկավոր է շուտափույթ, կառավարության համար ազգային անվտանգության առումով առաջնային համարվող կիրառելի ծրագրեր կյանքի կոչել եւ գոնե սկզբնական շրջանում թույլ չտալ, որ պարենային անապահով տնտեսությունների ցանկն ընդլայնվի: Իսկ զուգահեռ նաեւ աշխատանքներ իրականացնել մնացած տնտեսությունները անհուսալի վիճակից դուրս բերելու եւ ընդհանրապես մեր երկրում թերսնվածության խնդիրը հնարավորինս մեղմելու ուղղությամբ։

«Այդ հետազոտության արդյունքներն արդեն ահազանգ են եւ պարտադրում են շուտափույթ քայլեր իրականացնել, այլ ոչ թե հեռահար նպատակներ գծել: Դրա ժամանակն առայժմ չունենք: Ոլորտն առաջին անհետաձգելի օգնության անհրաժեշտություն ունի: Եթե մենք չհասկանանք, որ սա ազգային անվտանգության հարց է, տարիներ հետո լուրջ խնդրի առաջ կկանգնենք, որը շտկելու համար արդեն հսկայական ռեսուրսներ անհրաժեշտ կլինեն»,- համոզված է մասնագետը։

Դավիթ Պիպոյանի խոսքով` Հայաստանում թերսնման խնդիրն առավել սուր է գյուղական համայնքներում, որոնք առավել անմխիթար վիճակում են, իսկ բնակչությունն էլ սոցիալապես անապահով է: Նրա համոզմամբ, այդ համայնքներում խնդրի լուծման երկու տարբերակ կա` կա՛մ մանր ու միջին գյուղացիական տնտեսությունները խթանելու, խրախուսելու եւ սատարելու միջոցով բարձրացնել նրանց արտադրողականությունը եւ այդ կերպ լուծել պարենային խնդիրները` մթերքի առատության շնորհիվ:

Մյուս տարբերակը. հատկապես գյուղատնտեսական սնունդը պետք է հասանելի դարձնել բոլոր խավերին` դրա գները առավելագույնս մատչելի դարձնելու միջոցով, որպեսզի մարդը կարողանա իրեն թույլ տալ ընդունել բավարար քանակությամբ սպիտակուցներ, վիտամիններ. «Հայաստանում կենդանական եւ գյուղատնտեսական ծագման հումքն ու արտադրանքը բավական թանկ են, եթե համեմատում ենք նվազագույն աշխատավարձի հետ: Ուստի միայն պետական աջակցության, հատուկ ծրագրերի իրականացման շնորհիվ է հնարավոր այդ մթերքները հասանելի դարձնել բոլորին»:

ԹԱԳՈՒՀԻ ԱՍԼԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031