Լրահոս
Օրվա լրահոսը

«Հրեաները պետք է առաջինը կանգնեին հայերի կողքին, ճանաչեին Հայոց ցեղասպանությունը».Յահիր Աուրոն

Ապրիլ 14,2016 20:20

Ապրիլի 13-14-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում կայացավ « Ցեղասպանություն և գրականություն. իսրայելյան և հայկական համեմատական հեռանկարները» թեմայով գիտաժողով: Երկօրյա գիտաժողովի ընթացքում հայ և իսրայելցի բանախոսները անդրադարձան Հայոց ցեղասպանությանը վերաբերող թեմաներին:

Գիտաժողովի մասնակից  իսրայելցի վիպագիր, խմբագիր, Երուսաղեմի իսրայելագիտության ինստիտուտի հիմնադիր և տնօրեն Օրա Ահիմեյրը Հայոց ցեղասպանության վերաբերյալ եբրայերեն լեզվով նախատեսում է հրապարակել վեպ, որը լույս կընծայվի 2016թ. հոկտեմբերին: Վեպը եբրայերեն լեզվով առաջին գիրքն է ցեղասպանության մասին. « Գիրքը Հայոց ցեղասպանության մասին է: Նրանում հատկապես անդրադառնում եմ ցեղասպանության ժամանակ հայ կանանց ճակատագրին, ինչպես նաև հայ- հրեական հարաբերություններին : Ինչ է փոխվել. 100 տարի առաջ և այսօր: Գիրքը ապաստան և հանգիստ փնտրող մարդկանց, ճակատագրերի մասին է: Այստեղ պարզ է դառնում, թե ինչքան մոտ են մեր ազգերի պատմությունները: Մարդիկ, այս գիրքը կարդալով,կհասկանան որ Հայոց ցեղասպանությունը նման է Հոլոքոստին:  Սա կարդալով՝ կարծում եմ, որ մարդկանց մեջ կառաջանա այն զգացողությունը, որ ցեղասպանության ճանաչումը բարոյական խնդիր է»:

Գիտաժողովի ընթացքում իսրայելցի գիտնական, պատմաբան Յահիր Աուրոնի ելույթի ժամանակ ՀԱՀ-ի ուսանողները, «Ամոթ Իսրայելին, ճանաչեք Հայոց ցեղասպանությունը», «Ձեր անօդաչու սարքերը սպանում են մեզ» պաստառներով, իրենց բողոքն արտահայտեցին Իսրայելի՝ Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ:

Ի պատասխան այդ բողոքի պատմաբանը անդրադարձավ այդ հարցին՝ նշելով, որ արդեն 10 տարի է, ինչ  Իսրայելը համագործակցում է Ադրբեջանի հետ, որը իսրայելցի գիտնականի համար ամոթալի է. «Ես փորձել եմ ազդել այդ գործունեության վրա, գրել եմ հոդվածներ այդ մասին, այցելել եմ նույնիսկ Արցախ: Կարծում եմ, մեր հասարակությունը Հայաստանի հետ է և համակարծիք է հայերին:  Ըստ երևույթին հրեաները պետք է առաջինը կանգնեին հայերի կողքին, ճանաչեին Հայոց ցեղասպանությունը: Բայց, ցավոք, մինչև հիմա դա տեղի չի ունեցել, նման կերպով մենք դավաճանում ենք Հոլոքոստի զոհերին ու նրանց հիշատակը»:

 Արփի ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930