Լրահոս
Օրվա լրահոսը

Կամ մաքրե՛ք պետության դարակները, կամ գնացե՛ք գրողի ծոցը

Ապրիլ 16,2016 13:52

Կանայքս լավ գիտենք, որ երբ սկսում ենք տան մաքրությունը կազմակերպել, սկսում ենք դարակներից: Առաջին հերթին ազատվում ենք դարակների ավելորդ, հնացած, վնասակար ու  անպետք   իրերից, որից հետո սկսում ենք վերադասավորել  օգտակար ու պետքական իրերը:

Այսօր   հասարակության պահանջն է մաքրել մեր պետության բոլոր դարակները, որտեղ  ի՜նչ անպետք  իր  ասես կա, սկսած արդեն հոտած, գջլոտած, ցեցը կերած, նեխած  ապրանքներից, որոնք գարշահոտություն են տարածում ու  մեր տան  օդը  դարձնում շնչելու համար   հակացուցված, վերջացրած շատ վտանգավոր  կենդանիներով:

Այսօր մեր  տունն  առավել քան վտանգված է, որովհետև ներսում վաղուց մաքրություն չենք արել, իսկ   դրսի  պարիսպը, պարզվում է  ամուր  չենք  սարքել:

Ու, ո՜վ զարմանք, այս  գաղջ  օդը շնչած մայրերը ծնել, մեծացրել են լույս տղաներ, ովքեր առանց վարանելու, երկմտելու ու երկնչելու պաշտպանեցին մեր տան պարիսպը` չհարցնելով նույնիսկ, թե` ա՛յ մեծեր, ինչու՞ տան պարիսպը չեք ամրացնում, ինչո՞ւ տան ներսի այս գարշահոտությունը   չեք վերացնում, չեք մաքրում մեր տան դարակները, բա ինչո՞վ եք զբաղված, բա մենք ումի՞ց   օրինակ վերցնենք, որպեսզի  ինքներս էլ սովորենք  մաքրություն անել ու պարիսպ կառուցել:  Նրանք պարիսպն անառիկ պահեցին՝ զոհելով իրենց մատաղ կյանքերը, և այս հարցերը չտվեցին: Նրանց ծնողներն այս հարցերը ժամանակին  տվել են, բայց  պարսպի  կառուցողները   չեն լսել, որովհետև վստահ են եղել, որ պարիսպը պաշտպանելու պահին այս  երիտասարդների  մտքով  չի անցնի   այդ  հարցերը  տալ,  ու  այս   անգամ   էլ  ամեն ինչ  կանցնի՜, կգնա:

Ո՛չ, չի անցնի  ու չի՛ գնա: Հարցերը, որոնք մրրկահողմի նման  պտտվում են մեր գլուխներում, մեր մտքերում, որոնք շաղախված են զոհվածների ծնողների ու հատկապես` մայրերի  մղկտոցով, պահանջում են  պատասխաններ,  մաքրության  քայլեր:

Աստված ո՛չ անի, եթե այսօր  ժողովուրդն իր ձեռքը վերցնի այդ մաքրության գործընթացը, ո՛չ  մեկին չի խնայելու, բայց  նա  նաև  շատ լավ հասկանում է, որ հիմա  դրա ժամանակը  չի:

Խոսքս ուղիղ  վերաբերվում է Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին.  մեր պետության  մեջ  կատարվող  ամեն  քայլի պատասխանատուն այսօր Դո՛ւք եք: Դուք  իշխանության   մեջ  եք  արդեն այնքան  երկար ժամանակ, որ մասնակիցն ու պատասխանատուն եք  մեր  միակ  ու  թանկագին ՊԵՏՈՒԹՅԱՆ  մեջ  կատարված  ու կատարվող  ամեն ինչի  համար: Մեզ  բոլորովին չի սփոփում  այն, որ Դուք դրսերում  խոսում եք  մեր ժողովրդի անձնազոհության մասին, բոլորովի՛ն:

Մենք պահանջում ենք մաքրել ու ազատել պետական դարակները, որտեղ տաքուկ տեղավորվել են մեր պետականությանը վտանգող վնասակար մարդիկ, գարշահոտություն տարածող  բարքեր ու  գործողություններ, և որոնց  տեղը  բոլորս գիտենք, Դուք՝  նույնպես: Շատ  լավ գիտենք, որ այդ մարդիկ ու գործողությունները  Ձեր աթոռի չորս ոտքերն են, հասկանում ենք, որ չեք ուզենա  անոտ աթոռ ունենալ, բայց վստահեցնում եմ, եթե սկսեք մաքրել պետական դարակները, ժողովուրդը կսատարի Ձեզ ու հենարան կդառնա: Դա Դու՛ք  պետք է անեք, սա Ձե՛ր  պարտականությունն է, այսօր  Դո՛ւք եք այս վիճակի  պատասխանատուն:

Դուք   պետք է անկեղծորեն  խոսեք մեր ժողովրդի հետ, Ձեր հետագա յուրաքանչյուր քայլի մասին  մենք  պե՛տք  է   իմանանք:

Կամ  կխոսեք  ու կգործեք, կամ գնացե՛ք գրողի ծոցը:

Բոլոր  զինվորների մայրերի անունից՝

Անահիտ Բախշյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. gagik says:

    Կեցցես Անահիտ, իսկական ազնիվ հայ կին:

  2. Լևոն Մելքումյան says:

    Քանի՞ անգամ կարելի մի բան հոխորտալ և անել հակառակը: Մի քիչ տղամարդ պիտի լինել վերջապես: Գոնե մի քի՜չ:

  3. Լևոն Մելքումյան says:

    Չի կարելի որևէ մեկի մեկնաբանությունը այս աստիճանի աղավաղել: Ստիպված եմ ավելացնել,- խոսքս վերաբերվում է մեր այսօրվա նախագահին:

  4. Լևոն Մելքումյան says:

    Եւ ոչ մի վիրավորական բան չեմ տեսնում ասածիս մեջ: Միայն ճշմարտություն:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930