Լրահոս
Օրվա լրահոսը

Արդեն որոշված է. ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործումը կերկարաձգվի 10 տարով

Ապրիլ 22,2016 17:50

2016 թվականին լրանում է Հայաստանի ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) գործող էներգաբլոկի շահագործման ժամկետը: Քանի դեռ Հայաստանը մտադիր էր ստորագրել ասոցացման համաձայնագիրը,  ՀՀ կառավարությունը որոշել էր Մեծամորի ԱԷԿ-ի գործող էներգաբլոկը հանել շահագործումից, այսօր արդեն, երբ մեր երկրի իշխանությունները հստակ կողմնորոշված են եւ Հայաստանի ապագան տեսնում են Եվրասիական տնտեսական միությունում, կառավարությունը որոշեց, որ ատոմակայանը ոչ թե փակվելու է, այլ նրա շահագործման ժամկետը երկարաձգվելու է: Այդ նպատակով Ռուսաստանը մեր երկրին 270 միլիոն դոլար վարկ հատկացրեց, 30 միլիոն դոլար էլ՝ դրամաշնորհ: Նախնական տվյալներով՝ գործող 2-րդ էներգաբլոկի շահագործումը կերկարաձգվի եւս 10 տարով:

Ապրիլի 20-ին Հայաստանում տեղի է ունեցել ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման նիստը, որին մասնակցել են նաեւ «Ռոսատոմ»-ի ներկայացուցիչներ: Հիշեցնենք, որ «Ռոսատոմ»-ը ռուս-հայկական  «Մեծամոր-ԻնտերՌԱՕ» ընկերության բաժնետեր է:

Համաձայն «Ռուսատոմ Սերվիս»-ի տարածած հաղորդագրության, նիստի մասնակիցները քննարկել են էներգաբլոկի ուսումնասիրության արդյունքները, արդիականացման, անվտանգության բարձրացման եւ շահագործման ժամկետը երկարաձգելու հարցեր, սակայն, թե հին էներգաբլոկը կոնկրետ որքան ժամանակ կարող է անվտանգ շահագործվել, ատոմակայանի մասնագետներն առայժմ չեն  հստակեցրել, միայն նշել են, որ նախապատրաստական աշխատանքներն ընթանում են ժամկետներում եւ նախատեսված բյուջեին համապատասխան:

Aravot.am-ը Ատոմակայանների շահագործման գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, ՀՀ նախագահին կից ատոմային էներգիայի անվտանգության խորհրդի անդամ եւ գործադիր քարտուղար Վահրամ Պետրոսյանից, որը նույնպես մասնակցել է վերոնշյալ նիստին, հետաքրքրվեց, թե, ի վերջո, ի՞նչ ժամկետով կերկարաձգվի ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի աշխատանքը: Պարոն Պետրոսյանն ասաց, որ 10 տարով: Մեր ճշտող հարցին, թե էներգետիկ ոլորտի մասնագետները մտահոգություն ունե՞ն, որ ժամկետը սահմանվում է` ելնելով էներգաբլոկի վիճակից, արդյոք մեր էներգաբլոկն ի վիճակի է այդքան տարի անխափան աշխատելու, Վահրամ Պետրոսյանը վկայակոչելով աշխարհի` մասնավորապես Ուկրաինայի, Ֆինլանդիայի, Ռուսաստանի փորձն, ասաց, որ այդ երկրներում, ոչ թե տաս տարով, այլ 15, 20 ու 30 տարով էլ է երկարաձգվել, մինչդեռ հայկական ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի պարագայում դեռեւս առաջին անգամ է ժամկետը երկարաձգվում: Ըստ նրա, էներգաբլոկի տեխնիկական վիճակը միանգամայն թույլատրում է այն եւս տաս տարի աշխատեցնել:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930