Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաթափությունը սկսվեց Չարդախլու գյուղից

Ապրիլ 25,2016 13:30

Ադրբեջանը, սկսած 1918 թվականից, հայկական որոշ հողեր՝ մասնավորապես Արցախի, Զանգեզուրի եւ Նախիջեւանի, ցանկանում էր հիմնովին ընդգրկվեին իր կազմի մեջ: Դեռեւս 1987-ի վերջերին Ադրբեջանի ԽՍՀ ՆԳՆ ստորաբաժանումները բռնություններ են իրագործել մարշալներ Հովհաննես Բաղրամյանի ու Համազասպ Բաբաջանյանի ծննդավայր Չարդախլու գյուղում եւ այն հայաթափել: 1988 թվականից Ադրբեջանը սանձազերծեց հայ-ադրբեջանական պատերազմ: Լավ զինված ադրբեջանական բանակը  սկսեց լայնածավալ հարձակումները հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով: Պատերազմի հորձանուտում հայերը միացյալ ուժերով ստեղծեցին հայոց ազգային բանակ, որը կազմում էր մոտ 20-25 հազար, իսկ Ադրբեջանի բանակը՝ 75-80 հազար: Սակայն հայերը կարողացան հետ մղել հակառակորդի գրոհը եւ ազատագրել Արցախը: Ադրբեջանական բանակի նշանառված հարվածներին զոհ գնացին հազարավոր հայ խաղաղ բնակիչներ: Այդ ժամանակ թեպետ հայկական կողմը կորցրեց Արծվաշենը, Մարտակերտի, Մարտունիի, Շահումյանի շրջանների մի մասը, բայց հայկական ուժերի վճռական գործողություններին հակառակորդը չկարողանալով դիմադրել եւ վախենալով ավելի ծանր կորուստներ կրելու մտքից, Ադրբեջանը զինադադար է խնդրում, որը կնքվում է 1994 թվականի մայիսի 12-ին: Արդյունքում՝ հայերը ունենում են 5 հազար զոհ (ինչպես նաեւ՝ հազարավոր զոհեր խաղաղ բնակչության շրջանում), իսկ ադրբեջանցիները՝ 40 հազար զոհ: Արցախյան գոյամարտում հայ ազգը ցույց տվեց իր միասնականության ուժը, կարողացավ կասեցնել հակառակորդի ագրեսիան եւ ազատագրել հայկական տարածքների մի մասը:

1988-ից մինչեւ 1991-ի ապրիլի 30-ը պատերազմը կրել է հիմնականում տեղային բնույթ եւ դրսեւորվել համապարփակ շրջափակման, պետական ու անհատական ունեցվածքի ավարառության, բերքի եւ ցանքատարածությունների փչացման կամ բերքահավաքին խոչընդոտելու, հայկական բնակավայրերի, մերձակա օժանդակ տնտեսությունների ու արտադրական ձեռնարկությունների վրա ավազակային հարձակումների եւ հակաօրինական այլ գործողությունների տեսքով: Դրանց հաջորդել են կազմակերպված ու բացահայտ զինված ներխուժումները եւ տարածքներ զավթելու, հայ ազգաբնակչությանը բռնի տեղահանելու նպատակով իրականացված լայնածավալ ռազմական գործողությունները:

1988-ի փետրվարից` արցախյան շարժման առաջին իսկ օրերից, Ադրբեջանում սկսվեց սանձարձակ հակահայկական քարոզչական պատերազմ: «Հայերին բնաջնջել, հողն արյամբ նվաճել» եւ այլ մոլեռանդ կոչերով հագեցած քարոզչությունը գրգռել է ամբոխին, ինչի հետեւանքով հենց Ադրբեջանում սկսվել են հայերի նկատմամբ բացահայտ բռնարարքներ ու ջարդեր: Սումգայիթի, Գանձակի, Բաքվի հայ բնակչության ջարդերն ու տեղահանությունները պատերազմական գործողությունների յուրօրինակ դրսեւորում էին` ուղղված Արցախի ու արցախցիների դեմ, քանի որ այդ քաղաքների հայերի մեծ մասը արցախյան ծագում ուներ կամ ծնվել էր հենց Արցախում: Ադրբեջանական ագրեսիայի առաջին թիրախներ են դարձել Հյուսիսային Արցախի բնակավայրերը: Չարդախլուի հայաթափումից զատ՝ 1990-ի հունվարի 12-14-ին Ազատի, Գետաշենի ու Մանաշիդի վրա հարձակումները դարձել են Հյուսիսային Արցախի հայության բացահայտ բռնի տեղահանության սկիզբը, ինչն ավարտին է հասցվել հակամարտության հերթական փուլի ընթացքում:

1991-ի ապրիլի 30-ին Կենտրոնի ձեռնարկած «Օղակ» ռազմական գործողությունը, որի ընթացքում հայաթափվել են Հյուսիսային Արցախի Գետաշեն ու Մարտունաշեն բնակավայրերը, Հադրութի շրջանի ծայրամասային գյուղերը եւ Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանը, հաստատել է այն հիմնահարցը, որ պատերազմի միջոցով պետք է լուծել Ադրբեջանի որդեգրած քաղաքական գծի անշրջելիությունը:

 

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
23.04.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930