Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՏ ոլորտի ընկերություններն ինչ կարճաժամկետ լուծումներ են առաջարկում զինվորների անվտանգությունը բարձրացնելու համար

Մայիս 09,2016 16:30

Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդման շրջանակում բանավիճում են Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը եւ պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Լուսինե Բուդաղյան– Ապրիլի 1-2-ին Ադրբեջանի նախաձեռնությամբ սկսված եւ մինչ օրս շարունակվող պատերազմը վեր հանեց մեր պաշտպանական բանակի ուժեղ եւ թույլ կողմերը: Մի շարք մասնագետներ, այդ թվում եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտի, մտահոգություն հայտնեցին, որ ավելի քիչ թվով զոհեր կունենայինք, եթե պետություն-տեխնոլոգիական ոլորտ համագործակցությունն ավելի լուրջ հիմքերի վրա դրված լիներ:

Պարոն Վարդանյան 4-օրյա լայնամասշտաբ պատերազմն առիթ դարձավ, որպեսզի ի վերջո ՊՆ-ն որոշի համագործակցել ՏՏ ոլորտի ընկերությունների հետ: Ապրիլի 29-ին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպեց ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների հետ: Ինչպիսի՞ կարճաժամկետ լուծումներ կլինեն զինվորների անվտանգությունը բարձրացնելու համար, մինչեւ երկարաժամկետ լուծումները:

Կարեն Վարդանյան- Մենք պետք է խնդիրները 3 ժամանակային տիրույթի բաժանենք, մեկը շտապ խնդիրներն են, որը մեր գնահատականն է, եւ այդքան էլ պրոֆեսիոնալ գնահատական չէ: Մենք ենթադրում ենք, որ ապրիլից հաշված՝ 3-5 ամսվա կտրվածքով կարճաժամկետ խնդիրներ են: Երկրորդը՝ եղած ռեսուրսով Հայաստանում իրական ռազմարդյունաբերության ստեղծման խնդիրն է, որը միջնաժամկետ՝ 3-5 տարվա խնդիր է, այսինքն՝ եղած, տեխնոլոգիական ընկերությունների եւ պաշտպանության նախարարության ենթակայության տակ գտնվող ձեռնարկությունների հիման վրա ստեղծել ռեալ ռազմարդյունաբերական համալիր: Եվ երրորդ՝ 10-20 տարվա հեռանկարային խնդիր է, այսինքն՝ ստեղծել այնպիսի համալիր, որը մեզ համոզմունք կտա, որ երբեւէ որեւէ մեկի մտքով չի անցնի, որ մեզ հետ կարող են գլուխ դնել: Կարճաժամկետի իմաստով երկու լուծում եմ տեսնում՝ գնման միջոցով հնարավորինս արագ փակել այն բացերը, որոնք ակնհայտորեն կան, եւ որը ցույց տվեց 4-օրյա պատերազմը. դրանցից ամենաակնհայտը անօդաչու թռչող սարքերինն էր: Բացերը կարող են վերաբերել հայտնաբերմանը, խոցմանը, անօդաչու թռչող սարքերին, Ադրբեջանի գնած զինատեսակներին պատասխանը եւ այլն: Երկրոդ լուծումը եղած զինատեսակների ավտոմատացումն է:

Ոլորտում բավականաչափ ընկերություններ կան, որոնք աշխատում են կերպարների ճանաչման ուղղութամբ, բավականաչափ ընկերություններ կան, որոնք աշխատում են ռադիոալիքների տիրույթում, կան ընկերություններ, որոնք աշխատում են ինդուստրիալ ավտոմատացման, չափման տիրույթում, եւ այդ ներուժը պետք է շատ արագ ներդնել ու փորձել եղած զինատեսակներն ավելի արդիական դարձնել: Ասենք, եթե հրթիռը ոչ կառավարվող է, ապա դարձնենք կառավարվող, այսինքն՝ այս տիպի խնդիրներ լուծենք:
Ոլորտի շուրջ 150 մասնագետ եւ շուրջ 30-ից ավելի ընկերություն հավաքվել են եւ իրենց կամավոր աջակցությունն են հայտնում այս գործին, եւ արդեն աշխատանքները ինտենսիվ գնում են: Մոտ երկու շաբաթից ՊՆ-ի հետ համաձայնեցրած կոնցեպցիաներ կունենանք, իսկ մեկուկես-երկու ամսվա կտրվածքով արդեն կունենանք նախատիպեր:

Լ. Բ.- Պարոն Հովհաննիսյան, երկու տարի առաջ լրագրողի հարցին, թե ինչո՞ւ ՊՆ-ն ՏՏ ոլորտի մեր մասնագետների պոտենցիալը լիարժեք չի կիրառում բանակում, պատասխանել էիք, որ նախարարությունը համագործակցում է Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների հետ եւ դրանից ավելին մի կողմից՝ դեմագոգիա է, մյուս կողմից՝ ֆանտազիա: Հիմա է՞լ եք գտնում, որ նրանց առաջարկները ֆանտաստիկայի ժանրից են:

Արծրուն Հովհաննիսյան- Պարոն Վարդանյանին ուղղված ձեր նախորդ հարցի վերաբերյալ մի նկատառում ունեմ. ասացիք՝ վերջապես համագործակցություն սկսվեց: Համագործակցությունը շատ վաղուց է եղել ոչ միայն Կարեն Վարդանյանի ղեկավարած ձեռնարկությունների հետ, Հայաստանում շատ բազմազան են տեղեկատվական տեխնոլոգիաներով զբաղվող ընկերությունները եւ, ի դեպ, ոչ միայն տեղեկատվական տեխնոլոգիաներով: Տեսեք՝ մեր խոսակցության ընթացքում պաշտպանության նախարարության դիրքորոշումն ի սկզբանե որոշակի առումով խոցելի է, որովհետեւ պաշտպանության նախարարությունը միշտ կաշկանդված է ներկայացնել այն ամբողջ աշխատանքների ցանկը եւ խորությունը, որովհետեւ մեծապես գաղտնիություն է պարունակում: Միշտ նոր ու արդիական միջոցների ստեղծման ուղղությամբ կատարվող աշխատանքները կարելի է համարել ոչ բավարար, որովհետեւ դրական եզրակացությունով եւ դրական արդյունքներով աշխատանքները երբեք կատարելության սահման չունեն: Եվ հետո, մի կարեւոր հանգամանք էլ կա. շատերը հարցնում են՝ ինչո՞ւ հենց հիմա ակտիվացաք. չկա մի իրավիճակ, չկա մի պետություն, որտեղ պատերազմներն այս կամ այն կերպ որոշակի աշխատանքներ չակտիվացնեն:

Պատերազմն այնպիսի մի իրավիճակ է, որ քո աշխատանքներում, ծրագրերում մտցնում է որոշակի արագացում: Ես ասել եմ եւ հիմա էլ եմ ասում՝ կա լուրջ աշխատանքի հարթություն: Ես լիովին համաձայն եմ պարոն Վարդանյանի այն մտքին, որ կառավարվող հրթիռների դաշտը, որը շատ կարեւոր դաշտ է, եւ ընդհանրապես՝ հետխորհրդային զինանոցում այս աշխատանքը հիմա էլ է կարեւորվում, Ռուսաստանում էլ են կատարվում շատ լուրջ աշխատանքներ այս առումով, ընդհանուր առմամբ բերել ավելի թվայնացված, ավելի հեռահար, դիպուկ վիճակի: Բայց կան ֆանտաստիկ առաջարկներ, ասենք՝ մինչեւ անգամ Ադրբեջանում երկրաշարժ անել, երկրաշարժն անջատել եւ այլն: Այո, կա ֆանտազիա, որը մարդիկ, անկեղծ դրան հավատալով, առաջարկում են: Այդ մարդիկ անկեղծ ուզում են օգուտ տալ իրենց երկրին, գալիս են եւ գիտաֆանտաստիկ բաներ են ասում: Պարոն Վարդանյանը շատ լավ գիտի, որ ռազմարդյունաբերական ոլորտն աշխարհում այնպիսին է, որ անգամ կայացած պետություններում լավ գաղափարների որոշակի տոկոսն է միայն վերջում միս ու արյուն ստանում, եւ դրանցից մեկ-երկուսն ունի շանս՝ կյանքի կոչվելու, այսինքն՝ սա գործընթաց է, որ նաեւ ժամանակ է պահանջում:
Մի շատ կարեւոր բան ասեմ. ցավով պիտի նշենք, որ հատկապես 2013 թվականից հետո շատ ու շատ մարտահրավերներ, որոնք կանգնած էին մեր առաջ զենք-զինամթերքի, տեխնոլոգիաների բարեփոխումների առումով, նույն մարտական իրավիճակի արագացումը թույլ չէր տալիս երկարաժամկետ նախագծերի վրա ֆիքսվել: Մեր ունեցած միջոցների շրջանակներում մեզ ավելի հրատապ էր, այո, գնել ինչ-որ բան եւ լուծել այս կամ այն հրատապ խնդիրը: Հատկապես 2014 թվականի միկրոպատերազմից հետո այդ արագացումն ավելի մեծացավ, այսինքն՝ մենք էլ ավելի քիչ ժամանակ սկսեցինք ունենալ:
Եվ դրանից հետո ցանկացած մարտական բախում հակառակորդի հետ, որը միգուցե դուք չգիտեք էլ, զինվորականների մոտ ստեղծել է այս խնդիրը, որ պետք է հրատապ լուծումներ տալ: Իսկ հրատապ լուծումներն ինքնին խանգարում են երկարաժամկետ հարցեր լուծելուն:

Մի հանգամանք էլ կա. եթե 90-ականների անգամ երկրորդ կեսին աշխարհում ստեղծված շատ ու շատ գիտատեխնիկական լուծումներ զենք-զինամթերք կարող էր ունենալ մինչեւ տասը տարվա արդիականության իր վիճակով, այսօր դա 3-4 տարի է դարձել, այսինքն՝ աշխարհի առաջատար ընկերությունը մոդել է ստեղծում, ու եթե այդ մոդելն ինքը չի ստեղծում ի սկզբանե մոդուլյար այնպիսի կառուցվածքով, որ վաղը կարողանա մի քիչ զարգացնել, ապա երեք տարի հետո այդ մոդելը կարող է հնանալ ու մեռնել ընդհանրապես: Մի կողմից՝ մենք պետք է զարգացնենք ռազմարդյունաբերությունը, մյուս կողմից՝ մենք պետք է արդիական ու մրցունակ պրոդուկտ տանք, բայց մյուս կողմից էլ՝ մենք ժամանակ չունենք:

Քննարկումն ամբողջությամբ`


ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
07.05.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031