Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Եթե Ադրբեջանը վստահ լիներ, որ հնարավոր չէ հասնել հաջողության, պատերազմ չէր սկսի». Ավետիք Իշխանյան

Մայիս 16,2016 13:06

«Հայաստանի Հելսինկյան կոմիտեն» մայիսի 16-ին «Կոնգրես» հյուրանոցում կազմակերպեց «Պատասխանատվություն» թեմայով հրապարակային հարցադրումների ֆորումը, որի մասնակիցները բարձրաձայնեցին այն ձախողումներն ու բացթողումները, որոնք, իրենց խոսքով, ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում հանգեցրեցին առճակատման` դիվանագիտության, արտաքին քաղաքականության, ազգային անվտանգության և պաշտպանության ոլորտներում:

«Հայաստանի Հելսինկյան կոմիտեի» նախագահ Ավետիք Իշխանյանի բնորոշմամբ` ապրիլյան պատերազմից հետո հասարակության մեջ շատ խնդիրներ առաջացան. «Շատերն ասում են, որ պատասխանատուն իշխանությունն է, դա ճիշտ է, բայց արդյոք բոլորս չունե՞նք պատասխանատվության խնդիր»:

Իշխանյանը մի շարք հարցադրումներ արեց, մասնավորապես, թե ինչո՞ւ Ադրբեջանի ղեկավարությունը որոշեց հարձակում գործել ԼՂՀ-ի վրա. «Եթե Ադրբեջանի ղեկավարությունը վստահ լիներ, որ հնարավոր չէ հասնել հաջողության, ոչ մի գործոն նրան չէր մղի պատերազմ սկսելու: 2000-ականներից Ադրբեջանի ղեկավարությունը պատրաստվում էր դրան, այդ մասին են վկայում հռետորաբանությունը, ժամանակակից սպառազինությունների ձեռքբերումը: Միջազգային գործընկերներիցս էլ գիտեմ, թե Ադրբեջանում դպրոցներից սկսած ինչպիսի թշնամություն է քարոզվում երեխաներին` հայերի հանդեպ»:

Մյուս հարցադրումը` հնարավո՞ր է Հայաստանի տնտեսական զարգացումն ապահովել. «Արդյոք այն ապահովելու համար ունեցե՞լ ենք արդար դատական համակարգ: Իսկ հանքաարդյունաբերության միլիարդնե՞րը… Արդյոք հնարավո՞ր չէր մեր զինված ուժերին ապահովել ժամանակակից, այլ ոչ թե 80-ականների «կառուցողական» զենքերով»,-նշեց Իշխանյանը:

Նրա համար անընդունելի է ձեւակերպումը, թե ՀՀ-ն չունի դաշնակիցներ. «Այս տարիներին ՀՀ-ի ղեկավարությունն ի վերջո հանգրվանեց անհասկանալի ԵՏՄ-ում: Արդյունքում կորցրեցինք արեւմտյան դաշնակիցներին: Այո, Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին, իսկ արդյոք ԵՏՄ անդամ դառնալուց մենք այդ հարցը բարձրաձայնե՞լ ենք»:

Ավետիք Իշխանյանը հիշեցրեց, որ ՀՀ նախագահը նախ մամուլի ասուլիս տվեց Գերմանիայում, ապա հանդիպեց Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ, իսկ թե ինչ խոսեցին, հասարակությունն այդպես էլ չիմացավ. «Ժողովուրդն այդպես էլ չլսեց նախագահի ուղերձը: Նախագահը հանդիպեց նաեւ ՀՀԿ ակտիվի հետ, Հանրային խորհրդի հետ, իսկ մենք փորձում էինք հասկանալ` ի՞նչ է տեղի ունենում»:

Իշխանյանն ասաց, որ առաջարկում է կամավորական ջոկատների գործունեությունն իրականացնել միայն ՊՆ-ի միջոցով, իսկ բուհերում վերականգնել ռազմական ամբիոնները. «Նաեւ պետք է ազատել քաղբանտարկյալներին, հեռացնել Սուրիկ Խաչատրյանի եւ Մանվել Գրիգորյանի պես անձանց: Մինչ օրս ՀՀ եւ ԼՂՀ ղեկավարության քաղաքականությունը եղել է իրավունքներից խուսափելու քաղաքականություն: Հենց այս օրերին ասում են` չճանաչեք Արցախը, որովհետեւ հանկարծ վատ կլինի, աստված հեռու տանի…»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031