Լրահոս
Օրվա լրահոսը

Այցելուներն իրենք կփորձեն գուշակել՝ լուսանկարում Հին Երևանի որ հատվածն է պատկերված

Մայիս 17,2016 18:42

«Թանգարանների գիշեր»-ը գնալով մեծ հետաքրքրություն է ձեռք բերում՝ տարեցտարի ներգրավելով ավելի շատ այցելուների: Այդպիսի ուշադրությունը բերում է նրան, որ թանգարաններն աշխատեն առավել հետաքրքիր ծրագրերով ներկայանալ այցելուներին, մրցակցության մեջ մտնել իրար հետ»,- «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Երևանի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանը:

Հիշեցնենք, որ «Թանգարանների գիշեր» ծրագիրը մեկնարկել է 2005 թվականից՝ Թանգարանների միջազգային խորհրդի /ԻԿՕՄ/, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Եվրախորհրդի հովանավորությամբ: 11-րդ անգամ անցկացվող ծրագրին միացել են Երևանում և մարզերում գործող 112 թանգարաններ, որոնք տարբեր միջոցառումներով կներկայանան այցելուներին:

Արմինե Սարգսյանի տեղեկացմամբ՝ Երևանի պատմության թանգարանն այս տարի Թանգարանների միջազգային օրը, ինչպես նաև «Թանգարանների գիշեր» ծրագրի շրջանակներում հանդես կգա անհատական և այլ թանգարանների հետ համատեղ ծրագրերով:

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի բացօթյա ցուցասրահում մայիսի 21-ին առանց բացատրագրերի կներկայացվեն Հին Երևանի լուսանկարներից: Այցելուներն իրենք պետք է փորձեն գուշակել՝ լուսանկարում քաղաքի որ հատվածն է պատկերված»,- մանրամասնեց Արմինե Սարգսյանը:

Նրա փոխանցմամբ՝ Երևանի պատմության թանգարանում նախատեսված միջոցառումների ընթացքում առաջին անգամ կցուցադրվեն նաև 17-19-րդ դարերի չորս ցուցանմուշներ՝ Սարդարի պալատի մարմարե շատրվանը, Երևանի հին շուկայի կշեռքը, հին բնակարանների վիտրաժները և հին ժամացույց:

Հիշեցնենք, որ «Թանգարանների գիշեր» միջոցառումը սովորաբար անցկացվում է մայիսի 18-ին նշվող Թանգարանների միջազգային օրվան մոտ շաբաթ օրը: Այս տարի այն կանցկացվի մայիսի 21-ին:

Մայիսի 18-ին թանգարանների մուտքը բոլոր այցելուների համար ազատ կլինի ժամը 10:00-18:00-ը, մայիսի 21-ին՝ ժամը 18:00-24:00-ը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031