Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչպես այսօր դաստիարակենք նրանց, այնպիսին էլ կլինի Հայաստանի վաղվա արվեստը». Սիլվա Մեքինյան

Մայիս 27,2016 17:25

Հայ և օտարազգի մոտ հիսուն շնորհալի պատանիներ մայիսի 28-31-ը կմասնակցեն «Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների 6-րդ միջազգային փառատոնին, որը նվիրվում է ՀՀ անկախության 25-ամյակին:

«Ուրախ ենք, որ ծրագիրը կարողանում է հայտնաբերել ու ներկայացնել տաղանդավոր երեխաների, որոնք փառատոնի շնորհիվ սկսում են իրենց ստեղծագործական ուղին: «Նոր անուններ»-ը մեզ տվել է անվանի երաժիշտներ, որոնք այսօր հաջողությամբ ներկայանում են ոչ միայն Հայաստանում, այլև երկրի սահմաններից դուրս»,- «Առնո Բաբաջանյան» համերգասրահում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ մշակույթի նախարարության Ժամանակակից արվեստի վարչության պետ Արմենուհի Ղազարյանը:

Հայաստանի «Նոր անուններ» ծրագրի ղեկավար, «Մշակույթի գործիչների ընկերակցության» նախագահ Սիլվա Մեքինյանի խոսքով՝ տարիներ շարունակ փառատոնի գլխավոր չափանիշը եղել է պրոֆեսիոնալ երաժշտական մակարդակը պահպանելը :

«26 տարի է, ինչ գոյություն ունի Հայաստանի «Նոր անուններ» կազմակերպությունը: Մինչ օրս երեխաները ելույթներ են ունեցել շուրջ 30 երկրում, բարձր են պահել մեր երկրի անունը, մինչև անգամ ՄԱԿ-ի գրասենյակում բարձրացրին Հայաստանի դրոշը: Մեր անելիքն է պահպանել այդ երեխաների տաղանդը. ինչպես այսօր դաստիարակենք նրանց, այնպիսին էլ կլինի Հայաստանի վաղվա արվեստը»,- նշեց նա:

Փառատոնին կմասնակցեն մինչև 18 տարեկան պատանիներ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից՝ ԱՄՆ-ից, Բուլղարիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Կորեայից, Կանադայից, Մալթայից, Ռուսաստանից, Վրաստանից: Արտերկրի 40 հայտերից ընտրական փուլը հաղթահարել են 19-ը:

Առաջին անգամ ներկա կլինի հրավիրյալ դիրիժոր Մալթայից: Ալան Կիրկոպը փառատոնի բացմանը կներկայանա 7 երաժշտական համարով:

Պատանի մենակատարները փառատոնի շրջանակներում ելույթ կունենան Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ և Հայաստանի պետական կամերային նվագախմբերի հետ:

Փառատոնի բացումը տեղի կունենա մայիսի 28-ին՝ ժամը 18:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

«Նոր անուններ» պատանի երաժիշտկատարողների 6-րդ միջազգային փառատոնը կազմակերպում է «Մշակույթի գործիչների ընկերակցություն» հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Փառատոնի գլխավոր գործընկերը ՎիվաՍելՄՏՍ ընկերությունն է:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031