Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուրեմն պատերազմ չի, հա՞, տասնյակ հազարավոր արկերը օգտագործել է՝ դա պատերազմ չի՞»

Հունիս 02,2016 17:30

Դավիթ Բաբայանի հակափաստարկները՝
Սամվել Բաբայանի գնահատականներին

«Որեւիցե բլից կրիգ կամ այլ ձեւակերպումներ պատերազմ ես դա չեմ համարի, դա եղել է դիվերսիոն գործողություն, որտեղ հակառակորդը քայլեր է ձեռնարկել, փորձել է պատժիչ գործողություն կատարել, որտեղ ինքը ստացել է անսպասելի հաջողություն, անսպասելի՝ իրենց համար, հետո փորձել է ամրապնդել էդ հաջողությունը: Ես չեմ համարում դա պլանավորված օպերացիա, դա պլանավորել են կորպուսի ղեկավար ռազվեդխմբերը իրենց, փորձել են դիվերսիոն գործողություն կատարել: Թե մեր անտարբերությունն էր պատճառը, թե մերոնք թուլացրել էին դիրքերը, թե պատճառներ է եղել՝ արդեն նախարարությունը պետք է հետաքննի: Փաստն այն է, որ կես ժամ, մի ժամվա մեջ այդ ամբողջ դիրքերը հանձնվել են, դրանից հետո փորձել են վերականգնել, որն էլ բերել է կորուստների»,- ԼՂ պաշտպանության բանակի նախկին հրամանատար, ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը երկարատեւ բացակայությունից հետո վերադառնալով՝ «ՍիվիլՆեթի» հետ զրույցում վերլուծել է ապրիլյան պատերազմը եւ այսպիսի գնահատական տվել:

«Առավոտի» հետ զրույցում ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը հակադարձեց Սամվել Բաբայանին. «Իհարկե, դա պատերազմ է եղել: Ընդհանրապես, երբ որ որեւէ անձնավորություն, նամանավանդ մարդ, որը ժամանակին բանակի հետ կապ է ունեցել, հայտարարություն է անում, պետք է հարցնեք՝ ինչո՞ւ է նա դիտում դա որպես դիվերսիոն գործողություն կամ որպես պատերազմ չի դիտում, ի՞նչ չափանիշներով է նա եկել այդ եզրակացության»:

Մեր դիտարկմանը, որ Սամվել Բաբայանը բացատրում է այսպես. «Պատերազմ սկսելու դեպքում հակառակորդը պետք է օդային ուժերը չեզոքացնի: Ինքը ունի բոլոր կոորդինատները, իր ձեռքը հասնում է բոլոր մեր հենակետերին, որտեղ զորքերը կանգնած են, ու նա պետք է խփեր, եթե պատերազմ է սկսել: Խփե՞լ է արդյոք մեր օդային ուժերին՝ չէ: Եթե չի խփել, ուրեմն պատերազմ չի սկսել: Մենք չպետք է հասարակությանը ձեւակերպենք, որ պատերազմ է եղել: Թույլ եք տվել սխալ առաջին գծում, դիրքերը հանձնել եք, փորձել եք վերականգնել, ստացվել է այն, ինչ կա»:
Դավիթ Բաբայանն արձագանքեց՝ «Ուրեմն պատերազմ չի, հա՞, ուրեմն տասնյակ հազարավոր արկերը՝ սնարյադները, որ նա օգտագործել է, դա պատերազմ չի, հա՞, ո՞ր չափանիշով: Իսկ ի՞նչ է, ամեն մի պատերազմում օդային բաղադրամասն աշխատո՞ւմ է: Մենք ասել ենք, որ դա եղել է չորսօրյա պատերազմ, բայց չի հասել այն լայնածավալին, որը կարող էր լինել, որի ժամանակ կհրթիռակոծվեին Ստեփանակերտը, Երեւանը եւ Բաքուն: Այդ աստիճանի չի հասել, բայց այն, որ դա եղել է լայնածավալ պատերազմ՝ դա միանշանակ է, որովհետեւ արկերի քանակը, այն զինամթերքի քանակը, որն օգտագործվել է այդ 4 օրերի ընթացքում, այնքան շատ է, որ սա նույնիսկ, ըստ որոշ հաշվարկների, գերազանցում է այն բոլոր զինամթերքի քանակը, որ օգտագործվել է առաջին ղարաբաղյան պատերազմի ժամանակ: Նույնիսկ այսպիսի կարծիքներ էլ կան»:

Դավիթ Բաբայանի խոսքերով՝ «Եթե սա քաղաքական հայտ է՝ քաղաքականություն մտնելու եւ ասելու, որ սա այսպես է, այնպես չէ՝ էդ դեպքում ուրիշ երեւույթ է: Բայց խնդիրն այն է, որ պետք է որակում տանք: Այն պարզ հանգամանքը, որ Ադրբեջանը փորձել է բլից-կրիգով գնալ՝ սա միանշանակ է, որովհետեւ եթե նա օգտագործեր ռազմական ավիացիան, սա կնշանակեր քաղաքացիական բնակչության մեծ կորուստներ, իսկ դա միջազգային հանրությունը այս պահի դրությամբ չէր կարող պարզապես կուլ տալ եւ մարսել: Այս հարցը նույնպես կա»:

Մեր դիտարկմանը, որ Սամվել Բաբայանի խոսքերով՝ հակառակորդի համար էլ է այս հարձակման հաջողությունն անակնկալ եղել, Դավիթ Բաբայանը պատասխանեց. «Սա դիվերսիոն խմբի հարձակում չի եղել, սա եղել է պլանավորված, 22 տարի մշակված ակցիա՝ պատերազմական գործողություն: Բայց բլից-կրիգը չի ստացվել, դրա համար կանգնեց այդ գործընթացը, պատերազմը: Ինչի՞ մասին է խոսքը, ո՞նց թե անկազմակերպ է եղել: Ադրբեջանի պես պետությունը, այդ բուրգը, տոտալիտար համակարգն այնքան հզոր է, որ չի կարող որեւէ մեկը պարզապես գործողություն կատարի՝ առանց կենտրոնի իմացության, դա բացառված է: Դա եղել է պլանավորված: Ո՞նց կարող է կորպուսը դա անի՝ այն դեպքում, երբ ե՛ւ բանակի ստորաբաժանումներն են առաջ բերել, ե՛ւ օգտագործել են ռազմական ավիացիա, ուղղաթիռներ: Ի՞նչ է, ուղղաթիռով ահաբեկչությո՞ւն են անում, կարո՞ղ եք ինձ բացատրել: Երբ տանկեր են բերել մեծ քանակությամբ եւ կորցրել են այդ տանկերի մի պատկառելի մասը, այն էլ՝ վերջին մակնիշի տանկեր, երբ օգտագործել են ծանր հրետանի, ինչի՞ մասին է խոսքը: Իհարկե, սա ահաբեկչություն չէ: Սա գուցե ահաբեկչական երանգ ունեցող պատերազմ է, բայց սա պատերազմ է, չի կարող լինել ահաբեկչություն: Մենք որակել ենք, որ սա ահաբեկչության տարրեր է պարունակում, երբ որ թիրախավորվում է խաղաղ բնակչությունը, երբ նրանք պարզապես մորթում են եւ խոշտանգում են դիակները, իհարկե, սա ահաբեկչության դրսեւորում է, բայց սա պատերազմ է»:

 
ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
01.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930