Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի ծրագրած «Կազան 2»-ը` հարցականի տակ. «Հայոց աշխարհ»

Հունիս 11,2016 10:39

«Քառօրյա պատերազմից» հետո Ղարաբաղյան բանակցային գործընթացի վերսկսման նպատակների ու  առաջնահերթությունների շուրջ քողարկված դիվանագիտական պայքար է ընթանում ոչ միայն Հայաստանի ու Ադրբեջանի, այլեւ մայիսին Վիեննայում նրանց բանակցային սեղանին նստեցրած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների, ինչպես նաեւ՝ տարածաշրջանի ազդեցիկ տերությունների միջեւ։

Ակնհայտ է, որ թեպետ պատերազմական գործողությունների դադարեցման հարցում վճռական էր Ռուսաստանի ու նրա նախագահի դերակատարությունը, սակայն Վիեննայում «դաշտի տերը» ամերիկյան դիվանագիտությունն էր՝ հանձին պետքարտուղար Ջ.Քերիի եւ նրա գլխավորած հաստատության կարկառուն դեմքերից մեկի՝ Վ.Նուլանդի։

Դժվար է ասել՝ գիտակցված հետքայլի արդյունք չէ՞ր Մոսկվայի կողմից նախաձեռնության նման «կորուստը», բայց ակնհայտ է, որ նույն ժամանակամիջոցում ադրբեջանական դիվանագիտությունն ու քարոզչությունը շարունակում էին տպավորություն ստեղծել, թե, իբր, ահա ուր որ է Ռուսաստանի նախագահը ժամանելու է Բաքու բանակցությունները վերսկսելու եւ արագացնելու նպատակով։

Բայց արի ու տես՝ ստանալով համապատասխան փաստաթղթերը, ադրբեջանական կողմը վերջին օրերին «ձեռ ու ոտ» է ընկել եւ նախագահ Իլհամ Ալիեւը շտապ մեկնել է Հայոց ցեղասպանությունը նոր միայն ճանաչած Գերմանիա, որն ընթացիկ տարում նաեւ ԵԱՀԿ նախագահող երկիրն է։

Այստեղ Իլհամը նորից ներբողներ է հնչեցրել Ռուսաստանի հասցեին՝ խիստ կարեւորելով Ղարաբաղյան բանակցային գործընթացում Մոսկվայի միջնորդական դերակատարությունը։

Հասկանալի է, որ դրանով Ադրբեջանի ղեկավարը փորձում է մեկ կրակոցով խոցել երկու թիրախ. առաջին՝ արագացնել Վիեննայում հնչած Ս.Լավրովի խոստման կատարումը, երկրորդ՝ շահագրգռել ռուսական կողմին Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների առանձին հանդիպում կազմակերպելու մեջ։

Եվ ահա, Ի.Ալիեւի այս դեմարշից եւ Ֆրանսիայի ու Ռուսաստանի դիվանագետների վերջին բանակցություններից հետո թվում էր, թե Բաքվին հաջողվում է հասնել «Կազան 2»-ի կազմակերպմանը, այս անգամ՝ Սանկտ Պետերբուրգում։ Սակայն երեկ Մոսկվայից հնչած մի քանի՝ բավական զգուշավոր հայտարարություններն ու ակնարկները, որոնք ավարտվեցին ՌԴ նախագահի խոսնակ Դ.Պեսկովի նույնպես զգուշավոր՝ «չի բացառվում» հավաստիացումով, գալիս են վկայելու, որ Բաքվի «վերջին հույսը» դարձած ռուսական սեպարատ միջնորդության հեռանկարը լուրջ հարցականի տակ է։

Այս ամենը գալիս է վկայելու, որ ապրիլի սկզբներին Հայաստանին բաժին ընկած դիվանագիտական մեկուսացման լուրջ սպառնալիքը դանդաղ, բայց հետեւողականորեն նահանջում է՝ մեր առաջ բացելով հետագա քայլերի ծրագրման ու իրականացման բազմաթիվ նոր տարբերակներ։

Վարդան Գրիգորյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930