Լրահոս
Օրվա լրահոսը

Հեղեղը Տավուշում քշել–տարել է կովեր, խոզեր, կամուրջներ

Հունիս 17,2016 19:55

Հունիսի 16-ի առավոտյան շուրջ կես ժամ կարկտահարություն եղավ Նոյեմբերյան քաղաքում: Քաղաքի հարավային մուտքի մոտ կայծակի հարվածից Բեջան Ամիրաղյանի վագոն-տնակի էլեկտրական սնուցման համակարգը այրվել է, շարքից դուրս է եկել վագոն-տնակում գտնվող հեռուստացույցը, համակարգիչը, սառնարանը:

Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանից տեղեկացանք, որ կայծակի հարվածից Բ. Ամիրաղյանի վագոն-տնակի դեմ-դիմաց գտնվող բենզինի լիցքավորման կայանի լցավորման համակարգը շարքից դուրս է եկել, այդ թաղամասում փչացել են հեռուստացույցեր, սառնարաններ, համակարգիչներ:

Հունիսի 16-ի, ժամը 15-ից հետո տեղացած հորդ անձրեւից գոյացած սելավները մեծ վնաս են պատճառել Բերդ քաղաքին, Բերդի տարածաշրջանի գյուղերին: Բերդի քաղաքապետ Հարություն Մանուչարյանն ասաց,որ սելավներն ավերել են Բերդ քաղաքի համայնքային  ճանապարհները, վարարած Տավուշ գետը քշել-տարել է կովեր,խոզեր, փոքր 3 կամուրջ: Վարարած գետը վնասներ է պատճառել ափամերձ տարածքում գտնվող հիմնարկներին, քշել-տարել է Բերդի ճանապահաշինական ձեռնարկության տարածքում կուտակված ավազի մեծ քանակություն:

Հեղեղը վնասներ է պատճառել նաեւ Իջեւան քաղաքում: Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանն ասաց, որ ներկայումս զբաղված են հեղեղի հետեւանքների վերացմամբ:

Տավուշի մարզպետարանի աշխատակազմի տարածքային ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Միշա Մխիթարյանը հայտնեց, որ հեղեղները Տավուշի մարզի բազմաթիվ համայնքներում ճանապարհներ են քանդել, վնասել կառույցներ: Մասնավորապես՝ Այգեձոր համայնքում քանդվել են գետի ափին գտնվող գաբիոններ, Խաչարձանում՝ տան հենապատ եւ այլն:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930