Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Գեւորգյան. Փաստորեն, Ազգային անվտանգության ծառայողները քնած են

Հունիս 20,2016 13:55

Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում մայիսի 20-ին դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ շարունակվում էր ստվարաթղթե հրասայլով ԱԱԾ-ի դարպասներին հարվածելու գործի քննությունը:

Դատական նիստի ընթացքում գործով ամբաստանյալ Արտակ Գեւորգյանը ցուցմունք տվեց: Նա ասաց, որ իր պատրաստած ստվարաթղթե հրասայլով Բաղրամյան պողոտայով արվեստի ցուցադրություն է կատարել՝ մտածելով, թե իրեն կարող են խոչընդոտել, բայց պարզել է, որ այդ ցուցադրությունը դրական էմոցիաներ է փոխանցել մարդկանց, այդ թվում նաեւ ոստիկաններին:

«Երկրորդ անգամ, երբ որ «Այո»-ի եւ «Ոչ»-ի ընտրությունները եղան, ես փորձեցի իմ պատրաստած տանկով գնալ Կենտրոնական ընտրական հանձնաժողով վատ, կեղծված ընտրությունների դեմ իմ բողոքն այդ ձեւով արտահայտելու համար: Գնացի Կենտրոնական ընտրական հանձնաժողով, այնտեղ տեսան լիքը ոստիկաններ, ներս մտան դուռը փակեցին: Գնացինք նախագահական, չհասած՝ Սահմանադրական դատարանից բերետավորներ դուրս եկան խնդրեցին, որ իմ տանկը փողոցով քշեմ, մենք գնացինք փողոցով, ուրիշ հարց չի եղել: Գնացինք Բաղրամյան 26, Բաղրամյան 26-ից 10 մետր ներքեւ ոստիկանությունը խնդրեց, որ մայթով քշենք, ես ասացի, որ իմ տանկը մայթում տեղ չի անի, ասաց՝ առաջին գծով գոնե քշի ու «օտրաժատել» դիր, որ մեքենաները նկատեն, ասացի՝ լավ ու գնացի:

Գնացի, որ տանկս մի տեղ կանգնեցնեմ կամ վերացնեմ, իմպրովիզացիա պետք է լիներ, որոշեցի գնալ Ազգային անվտանգության շենք, քանի որ բոլոր կառույցների մոտով անցել եմ դրական էր, փորձեցի ԱԱԾ-ին էլ փորձել, գնացի հարվածեցի ԱԱԾ-ի պատին, ու վախեցա, որ կարող է մեջից դուրս գան: Դե ԱԱԾ-ն է, փոքր ժամանակից մտածում եմ՝ ԱԱԾ-ԱԱԾ, կինոների մեջի ոստիկաններից են: Խնդիրներից խուսափելու համար փախա, այնպես չէ, որ պատասխանատվությունից խուսափեմ: Մոտավորապես 1.5 ժամ հետո ես հետ եմ գնացել, եւ իմ տանկը դեռ կանգնած է եղել, կողքին մարդ չի եղել»,- ասաց նա:

Արտակ Գեւորգյանը հավելեց, որ իրեն այդ օրը հետապնդում էր ոստիկանության Կենտրոնի օպերատիվ բաժնից մի խումբ, որոնք իրեն բերման են ենթարկել, բայց ոչ հրասայլի համար: Սակայն նա նշեց, որ հրասայլի մասին իրեն այդ օրը եւս հարցեր էին տալիս:

Դրա հաջորդ օրը, երբ Արտակ Գեւորգյանը իր արվեստանոցից դուրս էր եկել ընդմիջման, մեկ այլ խումբ է իր եւ իր ընկերոջ վրա հարձակվել, ձեռքերը շղթայել, հայհոյանքներով նստեցրել են ավտոմեքենա. «Ինձ տանում են՝ չգիտեմ, թե ուր, չգիտեմ, թե ովքեր: Հարցնում եմ՝ որտեղ եմ, ասում են՝ ըստ քեզ, որտեղ կլինես, ասում եմ՝ ըստ իս, չեմ կարող ասել, որովհետեւ դիմացս փակած եք բերել ու ահավոր ճնշումներով: Ասեց՝ ենթադրի, ասեցի՝ երեւի ոստիկանության բաժանմունք, ասեց՝ «ըտենց միլիցու նմա՞ն ենք»: Իրականում վախեցած էի, ձեռքերս կապած էին, բայց ինձ հարց չեն տվել, որ պատասխանեմ կամ չպատասխանեմ, որ դրանից հետո ճնշումներ սկսվեն: Հետո հարցրեց՝ «ի՞նչ ես քշել, արա՛», ասացի տանկ եմ քշել, հասկացա ինչի մասին էր: Ու հարցեր սկսեցին՝ որ կառույցն է քեզ պատվիրել, ով է քեզ պատվիրել»:

Գործով մեղադրողը հետաքրքրվեց, եթե լավ բան էին անում, ապա ինչո՞ւ են փախել ԱԱԾ-ի շենքի մոտից, Արտակ Գեւորգյանը պատասխանեց. «Փոքրուց ես մտածել եմ, որ նույնիսկ չհասած ԱԱԾ-ի շենքի մոտ կարող է ինչ-որ լազերներ դուրս գան, օդանավերից ինչ-որ մարդիկ իջնեն, այդպես գնացի եւ տեսա, որ փաստորեն մեր Ազգային անվտանգության ծառայողները, մանավանդ 104 հասցեում գտնվողները քնած են, իսկ եթե քնած չեն, ուրեմն՝ ինչ-որ մի բան են անում: Հա՛, փախա, մտա բակ, բայց այդ բակում էի, եթե ուզեի՝ կգնայի տուն: Հետո ես դուրս եմ եկել ոտքով դիմացի մայթով, հետո տաքսիով եմ գնացել, հետո եկել նկարել եմ»:

Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը տեղի կունենա ուրբաթ՝ հունիսի 24-ին:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930