Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր մանրամասներ՝ Վրաստանի Գորի քաղաքում «Շիրակի» երկրպագուների վրա հարձակվելուց (տեսանյութ, ֆոտոշարք)

Հուլիս 03,2016 14:42

Ինչպես հայտնի է՝ հունիսի 30-ին Վրաստանի Գորի քաղաքում Գյումրու «Շիրակ» և Վրաստանի «Դիլա» ֆուտբոլային խաղից առաջ «Շիրակի» երկրպագուները խուլիգանական հարձակման էին ենթարկվել վրացի անչափահաս մի խումբ տղաների կողմից: Բանը հասել էր նրան, որ միջամտել էին Գորիի իրավապահները՝ քրեական գործ հարուցելով հայ երկրպագուների վրա քարերով հարձակված անչափահասների նկատմամբ:

harcakum11

«Շիրակ» ֆուտբոլային ակումբի մամլո քարտուղար Աննա Թադեւոսյանը Aravot.am-ին մանրամասներ ներկայացրեց այս տհաճ պատմությունից: «Մեր երկրպագուների հետ պայմանավորվեցինք, որ խաղից առաջ  Թբիլիսի-Գորի մտնող ճանապարհին իրենց պիտի ուղեկցեն ոստիկանները, վերջիններս պետք է բերեն, ստադիոն մտցնեն մերոնց: Մեր երկպագուները եղել են 200 հոգի՝ տաս մեքենայով: Ստադիոնի մուտքի մոտ վրացի մի քանի երեխաներ՝ 18 տարին չլրացած, գողացել են մեր շարֆերը ու Հայաստանի դրոշը: Մերոնք պատասխան չեն տվել, խելոք եկել, մտել են իրենց տրիբունան, երկրպագել են խաղը:  ՈՒԵՖԱ-ի դելեգացիայի հետ պայմանավորվածության համաձայն՝ խաղից հետո 15 րոպե սպասել են մինչեւ բոլորը հեռանան, հետո նոր դուրս են եկել ստադիոնից, նստել են իրենց 10 մեքենան ու շարժվել են, դիմացից՝ ոստիկանության ուղեկցությամբ:

harcakum10

Հասել են Գորի քաղաքի կենտրոն, մեր երկրպագուներին վերջին չորս մեքենաները սկսել են քարկոծել: Ասեմ, որ այդ մեքենաների մեջ բացառապես աղջիկներ են եղել, նրանք ոչ մի պրովոկացիոն բան չեն արել: Մի քանի տեղեր ինչ-որ լուրեր տարածեցին, թե «Շիրակի» երկրպագուները հայհոյանքներ են հնչեցրել: Ասում եմ՝ նման բան հաստատ չի եղել, որովհետեւ մեքենաների մեջ աղջիկներ են եղել, անհասկանալի պատճառով սկսել են չորս մեքենաները քարերով հարվածել ու ջարդել են: Վերջին մի մեքենայի ուղեւորներին, այդ մեքենան շատ է ջարդված, տարել են ոստիկանություն որպես վկաներ, մենք ձերբակալված մարդ չենք ունեցել, մերոնք տուժող են: Այստեղ քրեական գործ են հարուցել մեքենան ջարդողների նկատմամբ, հիմա փորձում են գտնել, քանի որ այնտեղ բանկ է եղել՝ տեսախցիկներով: Մարզի նահանգապետն է եկել, քաղաքապետն է եկել դեպքի վայր, վրացական ֆուտբոլային թիմի բոլորն անդամներն եկել էին ոստիկանություն, որպեսզի մեզ օգնեին», -ասում է մեր զրուցակիցը:

harcakum9

Աննա Թադեւոսյանի պատմելով, խուլիգանությունը սրանով չի ավարտվել, հիմա էլ շարունակվում է, անգլերեն լեզվով հայհոյանքներ են ուղարկում «Շիրակ» ֆուտբոլային ակումբի պաշտոնական էջին: Ըստ մեր զրուցակցի, նկարներից պարզ է դառնում, որ անչափահաս տղաներ են ու նրանց ամեն մի գրառումից բացահայտվում է, որ ինչ-որ խմբակցության անդամներ են: «Շիրակ» ֆուտբոլային ակումբն այս նամակները ներկայացրել է Վրաստանի իրավապահներին:

harcakum7

«Քրեական գործը հարուցված է ընդդեմ այդ երեխաների, մեկի անունը ես եմ տվել, որը ոտքերի տակ գցել ու տրորել էր մեր շարֆը: Մենք մեր երկրպագուներին նախապես զգուշացրել էինք, որ հնարավոր է ձեզ պրովոկացիայի ենթարկեն, զգույշ կլինեք ու հանկարծ պատասխան չտաք, որովհետեւ մենք նույն խնդիրն ունեցանք 2013 թվականին «Դինամո Թբիլիսիի» հետ ընկերական խաղի ժամանակ: Ես նաեւ դելեգացիային զգուշացրեցի, վրացական թիմին ՝ ասելով, որ հնարավոր է նման պատմություն լինի, ուշադիր կլինեք: Մենք չենք հասկանում, թե ո՞վ է սրանց դրդել, դե պատկերացրեք, հանկարծ մենք հաղթեինք. խաղն ավարտվել է վրացական ակումբի հաղթանակով` 0:1: Գիտենք, որ այնտեղ կան երկրպագուներ, ուլտրաս են կոչվում, նրանք անպայման պետք է ինչ-որ բան ջարդեն, վառեն…Մի քանի տեղ գրվեց, թե «Շիրակ» երկրպագուները պատրաստ չէին, իսկ ինչի՞ն պիտի պատրաստ լինեին, մենք գնացել ենք  խաղի, ոչ թե պատերազմի, որ պատրաստ լինենք կամ չլինենք: Պատկերացրեք մեր երկրպագուների մեծ մասը աղջիկներ էին՝ 15-16 տարեկան: Բարեբախտաբար մարմնական վնասվածքներ չեն ստացել մերոնք, բայց մեր երկրպագուները շատ վախեցած են, քարերը, որոնցով անակնկալ հարձակվել են մեքենաների վրա, շատ մեծ են եղել»:

harcakum6

Աննա Թադեւոսյանի ասելով, հիմա այլ վտանգ կա, վրացիները հուլիսի 7-ին պատասխան հանդիպմամբ գալու են Գյումրի: Իրենք պատրաստվում են բարձր մակարդակով դիմավորելու, ոստիկանական հսկողությամբ, բայց չգիտեն, թե ինչ երկրպագուներ կբերեն իրենց հետ, որ հանկարծ կոնֆլիկտներ չլինեն: «Շիրակ»  ֆուտբոլային ակումբը ՈՒԵՖԱ-ին բողոք  դեռ չի ներկայացրել, սակայն հուսով են, որ սա կդառնա քննարկման թեմա:

harcakum5

Հիշեցնենք, որ Գորիում «Շիրակ» (Հայաստան) և «Դիլա» (Վրաստան) ֆուտբոլային խաղը տեղի էր ունենում ՈՒԵՖԱ Եվրոպա լիգայի նախընտրական առաջին փուլի շրջանակներում:

harcakum4

Նշենք, որ տեսանյութը ու ջարդված մեքենաների լուսանկարները մեզ է տրամադրել Աննա Թադեւոսյանը, այն նկարահանել է հարձակման ենթարկված Շիրակի երկրպագուներից մեկը:

harcakum3 harcakum1

https://www.youtube.com/watch?v=WjpuzA5InK8

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031