Լրահոս
Օրվա լրահոսը

Պայքարողները․ հայաստանյան քաղաքացիական պայքարի ֆենոմենը որպես  փոփոխության միակ միջոց

Հուլիս 03,2016 15:32

Երբ 2012֊-ի ձմռանը Երեւանի գլխավոր՝ Մաշտոցի պողոտային կից այգում մի խումբ խանդավառ երիտասարդներ,  արհամարհելով ցուրտը, ոստիկանական ճնշումները, անցորդների հեգնանքը, գիշեր ու ցերեկ պայքարում էին այնտեղ սկսվող շինարարության դեմ, շատերի համար արկածախնդրություն էր թվում, մինչդեռ հենց պայքարի արդյունքում այսօր երբեմնի անհյուրընկալ այգին ոչ միայն չդարձավ քաղաքային իշխանությունների հերթական «զոհը», այլեւ քաղաքի ամենաբարեկարգ ու սիրված վայրերից մեկն է, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության հաղթանակի խորհրդանիշը։

2012֊-ի սկզբին Երեւանի քաղաքապետարանը որոշում կայացրեց նախորդ տարի Աբովյան փողոցից ապամոնտաժված առեւտրային տաղավարները տեղափոխել Մաշտոցի պողոտային հարակից պուրակի հանրային տարածք։ Սակայն արագ մոբիլիզացված քաղաքացիները որոշեցին, որ թույլ չեն տա այս այգին էլ փչացնել եւ երեք ամիս շարունակ, օրուգիշեր հերթապահելով այգում, թույլ չտվեցին իրականացնել շինարարական աշխատանքներ։

Փետրվարին  սկիզբ առած պայքարը հաջողությամբ հանգուցալուծվեց մայիսի մեկին՝ Սերժ Սարգսյանի  «Տարո՛ն, սիրուն չի» հայտնի արտահայտությամբ, իհարկե սա հետագայում որակվեց որպես նախընտրական քայլ, որն օգտագործվեց Խորհրդարանական ընտրություններից ընդամենը հինգ օր առաջ, սակայն միեւնույն է անկախ արդյունքի ու հաջողության դրդապատճառներից, սա քաղաքացիական պայքարի հաղթանակն էր:

Մաշտոցի պուրակը քաղաքացիական հաղթական պայքարի սկիզբը չէր, դրան նախորդել էր Թռչկանի ջրվեժի պահպանման համար մղվող պայքարը, սակայն Մաշտոցի պուրակի «ազատագրված հողակտորը» հետագայում պարարտ հող դարձավ այլ խնդիրների լուծման համար եւ դարձավ քաղաքացիական ընդվզման խորհրդանիշերից մեկը:

Սկիզբը

Հայաստանում քաղաքացիական հասարակության պայքարի դրսեւորումներ եղել են անգամ խորհրդային խիստ ռեժիմի ներքո եւ 88-ի Ղարաբաղյան շարժումն էլ, ըստ էության հենց սկիզբ առավ 86թ. մարտից որպես բնապահպանական բողոք` ընդդեմ  «Նաիրիտ» քիմիական գործարանի եւ «Մեծամորի ատոմակայանի» հարուցած աղտոտման։ Ի վերջո, ցույցերը ստիպեցին փակել ինչպես «Մեծամորի ատոմակայանը», այնպես էլ «Նաիրիտը»։ Սակայն այդ «անմեղ» բնապահպանական շարժումներն արդեն 1988թ. կեսերին փոխակերպվեցին շարժումների, որոնք ավելի լայն ազգային իրավունքների, քաղաքական բարեփոխումների եւ, ի վերջո, անկախության կոչերի վերածվեցին:

Սակայն հատկանշական է, որ նորանկախ, պատերազմող երկրում երկու հսկաների փակման հետեւանքով էլ ավելի խորացած սոցիալական ու  էներգետիկ ճգնաժամի պատճառով Հայաստանի անկախացման առաջին տարիներին քաղաքացիներն այլեւս չէին վստահում ո’չ բնապահպաններին, ո’չ էլ նրանց բարձրացրած խնդիրներին էին լուրջ վերաբերում, սակայն նոր սերնդի քաղաքացիական պայքարը կրկին սկսեց բնապահպանական խմորումներից:

Քաղաքացիների, առավելապես բնապահպանների լուրջ ընդվզման պատճառներից առաջինը 2007֊-ին էր՝ Թեղուտ եւ Շնող գյուղերի մերձակայքում գտնվող շուրջ 357 հեկտար անտառի վերացման եւ դրա տեղում պղնձամոլիբդենային հանքարդյունաբերական հաստատության հիմնադրման ծրագրի դեմ: Ստեղծված քաղաքացիական նախաձեռնությունը կոչվեց «Փրկենք Թեղուտը»։ Այս երկարատեւ պայքարը, որի պահանջը մասամբ բավարարվեց, առ այսօր էլ շարունակում է արդիական մնալ։

Լոնդոնի տնտեսագիտության եւ քաղաքական գիտությունների դպրոցի Սոցիալական քաղաքականության բաժնի դասախոս, Դոկտոր Արմինե Իշխանյանը «Սոցիոսկոպ» հասարակական ուսումնասիրությունների եւ խորհրդատվության կենտրոն ՀԿ֊ի հետ համատեղ 2013֊-ին կատարած «Քաղաքացիական հասարակությունը, զարգացումը եւ բնապահպանական ակտիվիզմը Հայաստանում» հետազոտության մեջ նշում է, որ քաղաքացիական ակտիվիզմի ներկա ալիքը, սկսվել է 2008 թվականին, մեծապես ընդլայնվել 2011 թվականին եւ շարունակվում է այսօր։

Ըստ Իշխանյանի՝ այս ալիքի համար բնութագրական է ներքեւից ձեւավորված, անկուսակցական շարժումների առաջացումն ու աճը, որոնք հայտնի են որպես «քաղաքացիական նախաձեռնություններ»:

Դոկտորը նշում է երեք տասնյակից ավելի նախաձեռնություններ, որոնք ձեւավորվել են 2007-2013֊-ին, այդ թվում  «Փրկենք Թեղուտը»,  «Պահպանենք Թռչկանի ջրվեժը», «Մենք չենք վճարելու 150 դրամ» եւ այլն։

Իշխանյանի հետազոտությունը պարզել է, որ Հայաստանում քաղաքացիական նախաձեռնությունների թիրախային խնդիրների 34 տոկոսը վերաբերում են բնապահպանական հարցերին, 33 տոկոսը՝ մարդու իրավունքներին, 30֊-ը՝ մշակութային պահպանությանը, 3 տոկոսն էլ այլ հարցերին։ Միջոցառումների հիմնական՝ 80 տոկոսն անցկացվում է մայրաքաղաք Երեւանում, 17֊-ը՝ այլ քաղաքներում, 3 տոկոսն անորոշ է։

Ըստ Իշխանյանի՝ 2010 թվականից ի վեր քաղաքացիական նախաձեռնությունների աճը եւ ծավալումը պարտական է երեք գործոնի, որոնցից առաջինը սերնդափոխությունն է, սոցիալական մեդիայի, այդ թվում՝ Ֆեյսբուքի եւ Յություբի, մուտքը եւ տարածումը, ինչպես նաեւ գլոբալ չափումը, այն, որ 2011 թվականը ամբողջ աշխարհում քաղաքացիական անհնազանդության, բողոքների եւ շարժումների գագաթնակետն էր, որոնք մղվում էին հանուն ժողովրդավարության եւ ընդդեմ խստացումների։

Մշակութային մարդաբան,  պատմական գիտ. թեկնածու Աղասի Թադեւոսյանի 2013֊-ին հեղինակած «Քաղաքացիական նախաձեռնությունները եւ նոր տեխնոլոգիաները Հայաստանում» հետազոտությունում նշվում է, որ փորձագետներից ոմանք կարեւոր են համարում 2008 թվականին Հայաստանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների հետեւանքում հասարակության ընդհանուր ակտիվացումը:

«Նախագահական ընտրություններին հաջորդած իրադարձություններից հետո, մասնավորապես մարտի 1-ին Մաշտոցի պուրակի եւ Գրիգոր Լուսավորիչ փողոցների հատվածում բողոքի ցույցերի մասնակիցների գնդակահարումից հետո ձեւավորվեց բողոքի ու ակտիվության մի դաշտ, որը հնարավորություն տվեց տարբեր մարդկանց իրացնել իրենց քաղաքացիական ինքնությունը»,-֊նշված է հետազոտության մեջ:

«Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանն ասում է, որ եթե նախկինում մարդիկ ամաչում էին իրենց պահանջները ներկայացնել փողոցում կամ բողոքի ակցիայի ժամանակ տարատեսակ վարքագծեր ցուցաբերել, ապա այսօր նկատելի է, որ սերունդը փոխվել է, ազատությունները կոտրում են կարծրատիպերը, ամոթը։

Styopa Safaryan«Սակայն պետք է խոստովանենք, որ այս ակցիաները մնում են շատ մարգինալ հատվածում եւ ժամանակ առ ժամանակ են պոռթկում եւ ամբողջ ժամանակի առանցքը չեն լցնում, որպեսզի իշխանությունն առավել սթափ, զգոն լինի։ Արդեն իսկ շատացել են տարբեր խնդիրներով նախաձեռնությունները, որոնք տարբեր խաղացողների են բերում քաղաքացիական ակտիվիզմի հարթակ։ Իհարկե, շատ հաճախ ենք տեսնում նույն դեմքերին տարբեր նախաձեռնություններում ընդգրկված, սակայն, միեւնույնն է, նախաձեռնությունները շատացել են, ինչը դրական տենդենց է, ֊ասում է Սաֆարյանը՝ հիշելով դեռեւս վաղ երկուհազարականները, որտեղից սկսել է իր քաղաքական ակտիվությունը.

Հյուսիսային պողոտայի իրացման գոտու ժամանակահատավածն էր, մենք այդ ժամանակ առաջիններից մեկն էինք, որ փորձեցինք ոստիկանության դեմ բողոքի ակցիաների ինստիտուտը մտցնել, երբ ակցիաների ժամանակ մարդկանց էին տանում, մենք փորձում էինք ոստիկանատներից հավաքել մարդկանց։ Սրանք, իհարկե, ընդամենը սաղմեր էին, որոնք ամրապնդվեցին արդեն այլ նախաձեռնություններում՝ վիշապի պուրակի փրկությունը, մի շարք այլ պուրակներինը, որը հետագայում վերածվեց առավել զանգվածային շարժումների»։

Չքաղաքականացնելով քաղաքականացվածը

Ըստ Թադեւոսյանի՝ Հայաստանում քաղաքացիական ակտիվիզմը հիմնականում դրսեւորվում է քաղաքացիական նախաձեռնությունների ձեւով: Դրանք գլխավորապես դիմադրողական բնույթի են եւ ուղղված են կառավարության կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իշխող դասակարգի եւ դրան սերտաճած կլանային խոշոր բիզնեսի շահերին ծառայող այնպիսի որոշումների դեմ, որոնք կառուցված են ծայրահեղ անարդարության եւ հասարակության մնացած խավերի շահերը ոտնահարելու վրա:

Հատկանշական է, որ քաղաքացիական նախաձեռնություններն ի սկզբանե չէին ընդունվում քաղաքական գրեթե բոլոր ուժերի կողմից։ Ըստ Թադեւոսյանի հետազոտության՝ իշխանությունում գտնվող քաղաքացիական ուժերը նրանց մեջ տեսնում էին իրենց ձեւավորած կլանային համակարգին ընդդիմադիր ու վտանգավոր ուժեր, իսկ ընդդիմադիր դաշտում դերակատարության ձգտող նոր ուժերը նրանցում տեսնում էին մրցակից:

«Մեկ այլ վտանգ էր դիտվում այն, որ ընդդիմադիր դաշտում քաղաքացիական նախաձեռնությունները ընկալվեցին որպես մրցակից ուժ, որը շեղում է դժգոհ ընտրազանգվածի ուշադրությունը ընդդիմադիր ուժերից»,֊շեշտում է Թադեւոսյանը:

Եղան դեպքեր, երբ քաղաքացիական նախաձեռնությունները ներկայացվեցին որպես իշխանական պրոյեկտ, կամ, արտերկրի ֆինանսներով սնվող, այսպես ասված «գրանտակերներ», որոնք ամեն գնով փորձում են ապակայունացնել երկրի ներքին անդորրը։

Հատկանշական է, որ հայաստանյան քաղաքացիական նախաձեռնությունները սովորաբար վստահեցնում են, որ քաղաքական կուսակցությունների հետ որեւէ առնչություն չունեն։ Այսպիսով, փորձում են զերծ մնալ հասարակության կողմից ոչ այնքան էլ մեծ վստահություն վայելով քաղաքական կառույցներից։ Քաղաքացիական նախաձեռնությունները սովորաբար նաեւ նշում են, թե իրենց բողոքը սոցիալական է եւ ոչ մի կապ չունի քաղաքականության հետ։

Առհասարակ, քաղաքականությունը մի տեսակ բաժանարար է, որից խուսափում են շատերը, մինչդեռ վերջին շրջանում հենց սոցիալական բողոքների ու քաղաքականության կապը դարձել է բաժանարար նաեւ քաղաքացիական նախաձեռնությունների միջեւ: Մի խումբը պնդում է, որ սոցիալական խնդիրներն անմիջապես կապ ունեն քաղաքականության հետ, երկրում տարվող սոցիալական քաղաքականության հետ,  ուստի դրանք չեն կարող զերծ մնալ քաղաքականացվելուց, մինչդեռ քաղաքացիական շարժումների հիմնական մասի համար քաղաքականացվելը հավասարազոր է պարտության։

Հայաստանում վերջին շրջանի ամենալայնամասշտաբ ու հանրային աջակցություն վայելող բողոքի ակցիան տեղի ունեցավ 2015-ի ամռանը, երբ ռուսական ընկերության կողմից ղեկավարվող կառույցը որոշեց բարձրացնել Հայաստանին մատակարարվող էլեկտրաէներգիայի սակագինը։ Մի քանի ամսվա պայքարն ուղեկցվեց ոստիկանական բիրտ ուժի կիրառմամբ, նույնիսկ փողոց բերվեցին ու խաղաղ ցուցարարների դեմ կիրառվեցին ջրցան մեքենաները։ Աննախադեպ մեծ թվով ակտիվիստներ ու լրագրողներ բերման ենթարկվեցին։ Բողոքի այս ակցիաները նոր մշակույթ ձեւավորեցին, սակայն կարմիր թելով կրկին եզրագծվեց բողոքի սոցիալակա՞ն, թե՞ քաղաքական լինելու հարցը։

Բողոքի կազմակերպիչներից «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը կարծում է, որ բողոքը սոցիալական էր, բայց բխում էր քաղաքական անձանց սխալներից: Իսկ հրապարակախոս Զառա Հովհաննիսյանի կարծիքով էլ խնդիրը սոցիալական էր, բայց քաղաքականացվեց, իսկ քաղաքականացնողն իշխանությունն էր, քանի որ լեգիտիմությամբ եւ արժանապատվությամբ չէր կարողանում լուծել Ռուսաստանի հետ կուտակված հարցերը:

Ըստ քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի՝ Բաղրամյան փողոցում տեղի ունեցած պայքարը քաղաքական բողոքի տեսակ էր, եւ խոսքն այստեղ ամենեւին էլ սոցիալական պայքարի մասին չէր:

«Այդ ալիքը ElectricYerevan-ով չէ, որ առաջացավ, այն ձեւավորվել է նախկինում՝ Թեղուտից, Մաշտոցի պուրակից սկսած: Խնդիրը նրանում է, որ քաղաքական համակարգը Հայաստանում խայտառակ ձեւով քայքայված է, հանրությունն ընդհանրապես չի հավատում քաղաքական համակարգին: Բայց իշխանությունները ինչպես հեշտությամբ լուծել են նման բողոքի ալիքները, այնպես էլ հեշտությամբ լուծելու են դրանք, որովհետեւ ամենասարսափելին, ինչը սպառնում է իշխանություններին, բողոքավորների պայմաններին համաձայնելն է: Ինչպես եւ եղավ. Չե՞ք ուզում 150 դրամ՝ խնդրեմ, 100 դրամ է տրանսպորտը: Չե՞ք ուզում Մաշտոցի պուրակի շինարարությունը՝ խնդրեմ, այն դադարեցվում է, եւ այլն: Եվ այսպես կլինի այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանում չի ձեւավորվել կուսակցական լուրջ համակարգ»,֊- կարծում է քաղաքագետը:

Մինչդեռ հենց բուն ակցիաների ակտիվ մասնակիցները բազմիցս պնդել են, որ իրենք քաղաքական կեղտոտ խաղերի մեջ չեն մտնում եւ իրենց պահանջը զուտ սոցիալական է։

Առհասարակ, չքաղաքականացնելու վախը Հայաստանում շատ ավելի խորն արմատներ ունի, որը ցայտուն կերպով ընդգծվեց նաեւ այս տարվա փետրվարին, երբ Ազգային ժողովի հանրապետական նախագահ Գալուստ Սահակյանը կոչ արեց իր գործընկերներին «չքաղաքականացնել» խորհրդարանական ամբիոնը։

Իհարկե, Սահակյանն ավելի ուշ բացատրեց, թե իր հորդորը եղել է այն, որ խորհրդարանի ամբիոնը «միտինգի» ամբիոն չդառնա, սակայն «չքաղաքականացնելու» մոլուցքն արդեն եզրագծվել էր։

Ստյոպա Սաֆարյանի կարծիքով իշխանությունները բազմիցս են կոչ արել չքաղաքականացնել Ազգային ժողովի ամբիոնը։

«Օգտագործում են հասարակության անտեղյակությունը քաղաքականության, քաղաքացիական շարժումների վերաբերյալ, որովհետեւ քաղաքացիական հասարակության ինստիտուտները նույնպես զբաղվում են հանրային քաղաքականությամբ, սակայն, քանի որ իշխանությունները չեն ուզում, որ հանրային քաղաքականությունը կապ ունենա այսպես կոչված ընդհանուր քաղաքականության հետ, այսպիսով իշխանությունները վախեցնում են, փորձում են հեռու պահել մարդկանց, ովքեր չեն սիրում քաղաքականության մեջ խառնվել»,- ասում է Սաֆարյանը՝ հավելելով, որ սա պարզունակ, սակայն, որքան էլ ցավալի է, աշխատող հնարք է, որը պարբերաբար օգտագործվում է իշխանությունների կողմից։

Մարզերը կրկին լուսանցքում

Այն, որ, չնայած հայաստանյան մարզերի մեծ ու փոքր խնդիրներին,  քաղաքացիական նախաձեռնությունների ութ տասնյակից ավելի տոկոսն անցկացվել են Հայաստանի մայրաքաղաքում, արդեն իսկ ակնհայտ է դարձնում իրավիճակի անհավասարակշռությունը։

Ըստ Թադեւոսյանի զեկույցի՝ քաղաքում եւ գյուղում նոր սոցիալական տեխնոլոգիաների ազդեցությունը տարբեր է։

«Հիմնական պատճառներն այն են, որ գյուղական համայնքում մարդկանց մտածելակերպը խիստ փակ է եւ մեծ դեր է խաղում ազգակցականության, բարեկամության ու ծանոթության գործոնը, շատ գյուղերում կան ինտերնետի մատչելիության տեխնիկական սահմանափակումներ, տարբեր են նաեւ քաղաքի ու գյուղի հանրային տարածքների վիճակը»,- նշված է հետազոտության մեջ:

Սակայն պետք է նշել, որ վերջին տարիներին մայրաքաղաքային պայքարների հաջողությունները վարակիչ են նաեւ համայնքների համար։

Այս տարվա հունվարին Տավուշի մարզի սահմանամերձ Բերքաբեր համայնքում, որը մայրաքաղաք Երեւանից շուրջ 160 կմ հեռավորության վրա է գտնվում եւ ունի մոտ 530 բնակիչ, բողոքի պատճառ դարձավ դպրոցի տնօրենի «վերեւներից» նշանակման փաստը։ Փոքր գյուղի, որտեղ բոլորն իրար ճանաչում են, ընդվզումն ու 32 աշակերտից բաղկացած դպրոցում դասադուլի հետեւանքով խափանված աշխատանքը իշխանություններին ստիպեց վերանայել որոշումը։

Սա, իհարկե աննախադեպ երեւույթ չէ, նման դեպքեր միայն այս տարվա մեջ արդեն մի քանի անգամ եղել են, սակայն հատկանշական է այն, որ այս գյուղը ադրբեջանական կողմից մշտական կրակահերթերի տակ է գտնվում, իսկ Հայաստանում ընդունված է հենց քաղաքացիական ընդվզումները ճնշել արտաքին թշնամու շուքով։

Նշանակալի էր նաեւ այս տարվա գարնանը Գառնի համայնքում սկիզբ առած պայքարը, որի ֆավորիտները երկու կանայք էին, որոնց գրագետ ուղղորդած պայքարը տվեց իր հաջողության պտուղները։

 Պայքարը հագեցած տեխնոլոգիաներով

«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, քաղաքացիական ակտիվիստ Մանե Թանդիլյանն ասում է, որ քաղաքացիական հասարակությունը որպես ժողովրդավար պետության հիմնասյուն տարբեր կերպ է ընկալվում։

Mane Tandilyan.

«Շատ հաճախ քաղաքացիական նախաձեռնությունների եւ հասարակության ակտիվությունն իսկապես ընկալվում է որպես փոքր, տեղային հարցեր լուծող մի թիմ, սակայն այս քայլերից էլ առաջանում է քաղաքացիական ինքնագիտակցությունն ու մարդիկ հասկանում են, որ անհնար է մնալ սեփական կյանքի որակի պասիվ դիտորդ եւ պետք է ունենալ անմիջական մասնակցություն»,- ասում է Թանդիլյանը՝ հավելելով, որ հենց այդ ճանապարհով են ներկայիս ժողովրդավար երկրները հասել իրենց ձեռքբերումներին։

Ըստ Թանդիլյանի՝ այս ամենին այսօր նպաստում է նաեւ սոցիալական մեդիան, որը լինելով ինֆորմացիայի տարածման  միջոց շատ մեծ դեր ունեցավ հասարակության զարգացման գործում։ Թեեւ, ըստ Թանդիլյանի, սոցիալական մեդիան ունի նաեւ իր բացասական դերը, քանի որ այսօր շատ հաճախ մարդիկ իրենց կարծիքն արտահայտում են հենց սոցիալական մեդիաներում, պարպում զայրույթը, մինչդեռ կարող էին դուրս գալ փողոց։

Ֆեյսբուքն ու Յություբն ինֆորմացիայի տարածման մեծագույն զենքն են դարձել այսօր։ Հաճախակի օգտագործվում է նաեւ դեպքի վայրից առցանց ուղիղ հեռարձակումների գործիքը, որը ոչ միայն ընդլայնում է մասնակիցների ներգրավվածությունը, այլեւ, ըստ Աղասի Թադեւոսյանի՝ թույլ է տալիս իրադարձությունների ականատեսն ու վկան լինել բազմաթիվ մարդկանց, ինչը զսպում է օրինախախտումների կամ կոշտ ուժի գործադրման հնարավորությունը։

Հ․Գ․  Առաջիկայում «Կյանքը լուսանցքում. մարդկային պատմություններ» շարքում մենք կանդրադառնանք այն ակտիվ քաղաքացիներին, ովքեր իրենց պայքարով ու գործունեությամբ փորձել են ինչ-որ բան փոխել Հայաստանում։

Գոհար ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Լուսանկարները` Ֆոտոլուրի և Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան էջից 

Կյանքը լուսանցքում. մարդկային պատմություններ» բաժնի հոդվածները պատրաստվում են Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան կազմակերպության օժանդակությամբ, դրամաշնորհ N19308:

Սույն բաժնում տեղ գտած տեսակետները և վերլուծությունները արտահայտում են հեղինակների կարծիքը և հաստատված չեն ԲՀՀ – Հայաստանի կամ նրա Խորհրդի կողմից:

Aravot.am կայքը անհատույց տրամադրել է հարթակ՝ N19308 դրամաշնորհային ծրագրի շրջանակներում պատրաստված հոդվածները տպագրելու համար:

Դրամաշնորհի և «Հանուն հավասար իրավունքների» նախաձեռնության ղեկավարն է` լրագրող Գայանե Աբրահամյանը:

Հոդվածների վերաբերյալ հարցերի դեպքում դիմել` +374 99 266 886 հեռախոսահամարով,

email: [email protected],

Ֆեյսբուք: https://www.facebook.com/profile.php?id=100007800990200,

Թվիթեր: https://twitter.com/4equalrightsarm

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031