Այսօր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում ծննդկան Մերի Մարգարյանի եւ նրա նորածնի մահվան գործով դատական նիստին եկել էր ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանը:
Նա մեզ հետ զրույցում ասաց, որ Մերիի հետ ընկերուհիներ են եղել. «Հաշվի առնելով գործի հնչեղությունը եւ ողբերգության աստիճանը, նաեւ այն, որ մեղադրվող կողմը, քանի դեռ չկա ոչ արդարացման, ոչ էլ մեղադրական եզրակացություն, շարունակում է աշխատել, դա առնվազն բարոյական չէ: Փորձագիտական հանձնաժողովը որոշում է կայացրել, վստահ եմ, դատարանը ճիշտ վճիռ կկայացնի: Ես ինքս Մերիին ճանաչել եմ մանկությունից, նրա հղիության ընթացքը, բարդությունները եւ թե այս ողբերգությունը, որը տեղի ունեցավ նրանց ընտանիքի հետ, իմ աչքի առաջ են, եղել է իմ մասնակցությամբ, իմ կողքին: Մի քանի անգամ լսել եմ հեռախոսազրույցները Մերիի եւ բժշկուհու՝ Շուշանիկ Բախշյանի միջեւ, ես կխնդրեի այս պահին չհայտնել իմ կարծիքը: Ասեմ, որ բժիշկը եղել է ոչ պատշաճ եւ ոչ բավարար կերպով անհանգստացած հղիի վիճակով: Վերջիվերջո գոյություն ունի նախարարի հրաման, ըստ որի, ցանկացած ջերմող հղի առնվազն պետք է հոսպիտալացվի, իսկ նրան անգամ չեն էլ ստուգել: 3 անգամ հետ ուղարկելով տուն, պնդելով, թե չէ, պետք է մնալ…Ես հիմա ցավով եմ հիշում Մերիի անվերջ վստահությունն իր բժշկուհու հանդեպ: Կարծես հիպնոսի տակ լիներ մեր Մերին, նա չէր համաձայնում այլ բժշկի դիմել»:


Կարդացեք նաև
Նաիրա Կարապետյանից հետաքրքրվեցինք՝ ըստ Ձեզ, պետք է թույլ չտայի՞ն Շուշանիկ Բախշյանին, որ շարունակեր աշխատել, քանի դեռ քրեական գործի քննությունը չի ավարտվել՝ նա պատասխանեց, որ պետք է բժշկուհին ներքին զսպվածություն ունենար եւ նման ռիսկի մարդկանց չենթարկեր»:
Պատգամավորն ասաց, որ ինքն էլ բժիշկ-գինեկոլոգների ընտանիքից է ու տեսնում է, թե ինչպես են նրանք գիշերվա ցանկացած ժամի կես բերան գանգատի դեպքում սլանում հիվանդանոց, օրերով տուն չեն գալիս. «Բժիշկը ամենապատասխանատու, ամենանվիրական մասնագիտությունն է: Ես տեսել եմ Մերիի՝ անուշադրության մատնված լինելը»:
Նաիրա Կարապետյանը հուզվում էր, երբ պատմում էր Մերիի նպատակների, երազանքների մասին. «Ասում էր՝ 4 երեխա եմ ունենալու, իմ ուժերով եմ ունենալու: Ասում էր՝ ես չեմ գնա ուրիշ բժշկի մոտ, որովհետեւ Շուշանիկն ասել է՝ բոլորը գումարի խաթր կեսարյան հատում են անում, ես ուզում եմ իմ ուժերով դեռ 4 երեխա ունենալ: Ընդամենը 1 տարի առաջ գեղեցիկ ընտանիք էին կազմել, առանձին տուն էին առել, ամեն մի կահույքի գնումը նշում էին, ապրում էին կատարյալ երջանիկ կյանքով: Ամուսինը մինչ օրս չի կարողանում համակերպվել: 1 տարի է անցել, պատկերացնում եք, ամեն օր առավոտյան, երեկոյան այցելում է Մերիին, զրուցում է, ծաղիկներ է տանում: Դա սարսափելի մի տեսարան է, Աստված հեռու տանի բոլորի տնից»:
Նաիրա Կարապետյանն ասաց, որ Մերին բալիկի ծննդյանը առանձնահատուկ է պատրաստվել, ամեն ինչ գնել է. «Ցավոք, բալիկը 1 օր ապրեց»:
Պատգամավորը հույս ունի, որ դատավոր Դավիթ Բալայանը արդար վճիռ կկայացնի:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































