Լրահոս
Օրվա լրահոսը

Էքստրասենսի սպանության գործով վկաները ծանոթացել են «Մաֆիա» խաղալուց

Հուլիս 07,2016 17:48

Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների Ընդհանուր իրավասության դատարանում այսօր` հուլիսի 7-ին դատավոր Վարդան Աբրահամյանի նախագահությամբ շարունակվեց հիրոմանտ, էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության գործով 
քննությունը:

Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվում է «Յանուս» արտիստական թատրոնի տնօրեն եւ գլխավոր ռեժիսոր, 1995 թ. ծնված Մուշեղ Մխիթարյանը:

Այսօրվա նիստին հարցաքննվեցին երկու վկաներ: Նրանցից մեկը` Արամը, դատարանին հայտնեց, որ այս գործով մեկ այլ վկաներից մեկին` Աննային, ով նշել էր, որ տեսել է  արնաքամ լինող Անի Մաջնունյանին, ճանաչում է Սունդուկյանի թատրոնի հարակից այգուց, որտեղ «Մաֆիա» են խաղացել:

Ըստ Արամի` Աննան պատմել է դեպքի մասին ու ասել, որ վախեցած է, Արամն էլ խորհուրդ է տվել դիմել ոստիկանություն. «Իր պատմելով` ընկերոջ հետ է եղել Մաջնունյանի տանը: Քանի որ ես աշխատել եմ «օրգանում», ինձ թույլ չտվեցի մանրակրկիտ հարցեր տալ: Որքան ինձանից հասնում էր` նրան խորհուրդ տալ, տվել եմ: Ասեցի` եթե դու մեղավոր չես, գնա ոստիկանություն ու ասա»:

Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվող Մուշեղ Մխիթարյանը հարցեր ուղղեց վկային.

-Ո՞ր համակարգում եք աշխատել:

-Զինվորական ոստիկանություն:

-Ձեր նախաքննական ցուցմունքում նշված է, որ դատապարտված եք եղել:

-Ասենք հա:

-Հետաքրքիր է` ինչի՞ համար:

-Գողության…

Դատավորն ընդհատեց ամբաստանյալին` ասելով, որ գործին առնչվող հարցեր տա:

Մյուս վկան` Վահագն Խաչատրյանը, դատարանին ասաց, որ ճանաչում է Անի Մաջնունյանի մորը որպես հարեւան եւ նրանց կողքի բնակարանում ապրել է մի քանի ամիս: Խաչատրյանն ասաց, որ Մաջնունյանի հետ շփում չի ունեցել եւ չգիտի, թե ում հետ էր շփվում էքստրասենսը եւ արդյոք ունեցե՞լ է ֆինանսական խնդիրներ. «Նրանց տուն շատ մարդ էր գալիս…»:

Դատախազի հարցերին ի պատասխան Վահագնը հայտնեց, որ Մաջնունյանի սպանության օրը աղմուկ չի լսել, թեեւ հարեւան դռան թակոցի ձայներն ամեն օր էլ լսվում են:

Ամբաստանյալ Մուշեղ Մխիթարյանը հետաքրքրվեց` «Պատկերացրեք, որ Անիի բնակարանի դուռը բացվում է, ինչ-որ մեկը վազելով աստիճաններով իջնում է: Աստիճանավանդակի աղմուկը կլսեի՞ք»: «Երեւի թե` այո, չեմ կարող ասել, եթե քնած եմ եղել, կարող է եւ չլսեի»,-պատասխանեց վկան:

Հարցաքննության ավարտից հետո դատավորը կողմերին տեղեկացրեց, որ դատարան բերման ենթարկելու որոշում է կայացվել երեք վկայի հանդեպ, որոնցից Հռիփսիմե Հակոբյանը գտնվում է Կիպրոսում, իսկ մյուս երկուսին դեռ չի հաջողվել դատարան հրավիրել: Պաշտպանական կողմը պնդեց, որ նրանց ներկայությունն ապահովվի, իսկ ահա Հռիփսիմե Հակոբյանի նախաքննական ցուցմունքը հրապարակվեց: Նա վարձով բնակարան է հատկացրել, որտեղ Մխիթարյանը բնակվել է կնոջ եւ երեխայի հետ:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց օգոստոսի 22-ին, ժամը  15:00-ին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031