Լրահոս
Օրվա լրահոսը

Էքստրասենսի սպանության գործով մեղադրյալի ինքնազգացողությունը վատացել էր

Մայիս 20,2016 15:24

Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների Ընդհանուր իրավասության դատարանում այսօր` մայիսի 20-ին, դատավոր Վարդան Աբրահամյանի նախագահությամբ, շարունակվեց հիրոմանտ, էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության գործով քննությունը:

Հիշեցնենք, որ Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվում է «Յանուս» արտիստական թատրոնի տնօրեն եւ գլխավոր ռեժիսոր, 1995 թ. ծնված Մուշեղ Մխիթարյանը:

Նիստը սկսվեց ուշացումով, քանի որ գործով ամբաստանյալ Մուշեղ Մխիթարյանի ինքնազգացողությունը վատացել էր, նրան օգնություն էին ցուցաբերել շտապօգնության բժիշկները: Դատավորի հարցմանն ի պատասխան՝ Մխիթարյանն ասաց, որ արդեն լավ է զգում իրեն:

Այս նիստին ներկայացել էր տուժողի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչը, որը դատավորից խնդրեց նիստը հետաձգել` գործի նյութերին ամբողջությամբ ծանոթանալու եւ պատշաճ ներկայացուցչություն իրականացնելու համար:

Հիշեցնենք, որ նախորդ նիստին տուժողի իրավահաջորդ էր ճանաչվել սպանված էքստրասենս Անի Մաջնունյանի մայրը:

Դատարան էր եկել նաեւ գործով վկաներից մեկը, որը նախորդ մի քանի նիստերին չէր ներկայացել: Դատավոր Աբրահամյանը հարցրեց, թե ինչն է պատճառը: Վկա Խաչատրյանն էլ ասաց, որ «դատարանի նամակներն ուշ է ստացել»:

Հաշվի առնելով տուժողի իրավահաջորդի շահերի պաշտպանի ասածը` դատավորը վկային տեղեկացրեց, որ հաջորդ դատական նիստին ներկայանա, քանի որ այսօրվանը հետաձգվում է:

Նիստի ավարտին Մուշեղ Մխիթարյանը շարունակեց իր պաշտպանի հետ զրույցում պնդել, որ չի ցանկանում մասնակցել նիստերին:

Առաջիկա նիստի օրը դատարանը կհայտարարի լրացուցիչ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031