Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանում 2-րդ անգամ կանցկացվի «Գունազարդ վազք» վազքարշավը

Հուլիս 07,2016 17:56

Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրով հուլիսի 9-ին Երևանում 2-րդ տարին անընդմեջ կանցկացվի «Գունազարդ վազք» մարզական, ժամանցային միջոցառումը: Վազքարշավի օրակարգը և մանրամասներն այդ նպատակով կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալ, Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի փոխնախագահ Սամվել Մերթարջյանը, «Run Armenia» նախագծի հիմնադիր-նախագահ Ղազար Հակոբյանը և Ամերիաբանկի մարքեթինգի բաժնի ավագ մասնագետ Գայանե Մանուկյանը: Վազքարշավն իրականցվում է «Run Armenia» նախագծի նախաձեռնությամբ` Երևանի քաղաքապետարանի, Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի աջակցությամբ:

Իր խոսքում Սամվել Մերթարջյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանը, կարևորելով երիտասարդության ներգրավվածությունը մայրաքաղաքային տարբեր միջոցառումներում, նաև խթանելով առողջ ապրելակերպի տարածումը, այս նախաձեռնությունը կյանքի է կոչվում մասնավոր հատվածի և ՀԿ-ների հետ համատեղ, ինչը համագործակցության հերթական օրինակն է: Սամվել Մերթարջյանը ներկայացրել է նաև բակային տարածքներում մարզասարքերի տեղադրման, մարզադպրոցների նորոգման և քաղաքապետարանի ծրագրերով իրականացվող բազմաթիվ այլ նախաձեռնություններ: «Run Armenia» նախագծի հիմնադիր-նախագահ Ղազար Հակոբյանը նշել է, որ քաղաքապետարանը քաղաքային ծրագրերի, իսկ այս պարագայում երիտասարդական նախաձեռնությունների իրականացման գործում վստահելի գործընկեր է, որի հետ համագործակցությունը շարունակական կլինի: Ամերիաբանկի մարքեթինգի բաժնի ավագ մասնագետ Գայանե Մանուկյանն էլ հատկանշել է, որ Ամերիաբանկը նույնպես մեծապես կարևորելով մարզական միջոցառումների անցկացումը, այս տարի ևս ստանձնել է վազքարշավի գլխավոր հովանավորի պարտականությունը: «Գունազարդ վազքը» կամ «Color run Yerevan 2016» – ը միջազգային ձևաչափ ունեցող միջոցառում է, որն անցկացվում է աշխարհի տարբեր երկրներում՝ Ռուսաստան, ԱՄՆ, Ավստրալիա, Բրազիլիա, Կանադա, Չիլի, Չինաստան և այլն: «Գունազարդ վազք» նախագիծը Երևանում անցկացվում է 2015 թվականից, Սովորական վազքարշավների համեմատ այս միջոցառումը ոչ միայն մարզական ուղղվածություն ունի, այլև դիտարկվում է որպես զվարճանք, քանի որ վազորդները պատվում են էկոլոգիապես մաքուր, բացարձակ անվնաս գունավոր փոշեներկերով: Նպատակներից մեկն էլ նման մարաթոնների միջոցով Երևանի բնակիչների և հատկապես երիտասարդության շրջանում առողջ ապրելակերպ քարոզելն է, ինչպես նաև վազքի մշակույթը և զանգվածային սպորտը զարգացնելը: Վազքարշավի հասույթը կուղղվի բարեգործական նպատակի, մասնավորապես` Գյումրու անօթևան ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանը:

Մարզական միջոցառումը կմեկնարկի առավոտյան ժամը 07:00-ին՝ մասնակիցների գրանցումով ու առավոտյան նախավարժանքով, Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի հարակից տարածքից: Վազքարշավի մեկնարկը կտրվի ժամը 9:00-ին: Վազքուղին տարածվելու է Իսակովի պողոտան Լենինգրադյան փողոցին կապող հատվածում: Վազքարշավը մրցութային չէ, սակայն վազքուղին առաջինը հատած  երեքական տղաներն ու աղջիկները կպարգևատրվեն մրցանակներով:

Վազքուղու ավարտին կհաջորդեն երաժշտական գունազարդ «հրավառությունն» ու  «Color Dance Party» դիսկոտեկը: «Yerevan Color Run» միջոցառումից առաջ անցկացվել է հատուկ գունազարդ լուսանկարահանում՝ ճանաչված արտիստների, երգիչների ու հաղորդավարների հետ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031