Լրահոս
Օրվա լրահոսը

«Որեւէ մեկը նախագահին չէ՞ր ասել, որ 200 մետր չի ու ադրբեջանցիները ամեն մետրի համար 1 զոհ չեն տվել». Սեֆիլյանի փաստաբան

Հուլիս 07,2016 17:57

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում քննվելու էր Ժիրայր Սէֆիլյանի կալանքի վերաբերյալ որոշման բողոքը, սակայն դատավորը այլ գործեր էր քննում ու նիստը չկայացավ:

Սեֆիլյանի փաստաբան Արա Զաքարյանը լրագրողների հետ զրույցում դժգոհեց. «Մենք 1 ժամից ավելի է՝ սպասում ենք: Այս պահին նպատակահարմար չենք գտնում սպասել, մինչեւ դատարանն իր այլ գործերն ավարտի, նոր լսի բողոքը: Ես հիմա գնում եմ, թող դատարանն ինձ պատշաճ ձեւով տեղեկացնի նիստի օրվա, ժամի մասին, ես դատական նիստին կներկայանամ»:

Փաստաբանն ասաց, որ Սեֆիլյանին դատարան չեն բերել օրենքի ուժով: Նա ասաց, որ Սեֆիլյանը ցուցմունք չի տվել. «Սեֆիլյանը համարում է, որ իշխանություններն իրեն կալանավորել են նրա համար, որ չկարողանա իր քաղաքական գործունեությունն իրականացնել՝ սխալների, բացթողումների մասին, կամայականությունների մասին բարձրաձայնել, եւ ամենակարեւորը՝ Ղարաբաղի վերաբերյալ հարցերի հետ կապված չկարողանա հրապարակավ կարծիք հայտնել»:

Մեր հարցին՝ Ժիրայր Սեֆիլյանին պահելու են այնքան ժամանակ, մինչեւ Ղարաբաղի հարցը լուծե՞ն՝ Արա Զաքարյանը պատասխանեց. «Կարծում եմ, որ իշխանություններն ամեն ինչ անելու են՝ հնարավորինս երկար նրան կալանքի տակ պահելու համար: Մանավանդ հաշվի առնելով, որ Արցախի հետ կապված խնդիրները քննարկումների մեջ է գտնվում, լարվածություն կա, կարծում եմ, որ իշխանություններին ամենեւին էլ ցանկալի չի, որ Ժիրայր Սեֆիլյանը գտնվի ազատության մեջ եւ իր կարծիքը հայտնի այս կամ այն գործողությունների վերաբերյալ»:

Մենք ճշտեցինք՝ այսինքն, զուտ Ժիրայր Սեֆիլյանի կարծիքի՞ց են վախենում՝ փաստաբանը պատասխանեց. «Կարծիքից, նրա անձից, նրա հեղինակությունից: Ժիրայր Սեֆիլյանին շատ լավ գիտի հասարակությունը: Գիտեն նրա ազնվությունը, հայրենասիրությունը: Նա էր, որ ասեց՝ ոչ թե 200 մետր տարածք է հանձնվել հակառակորդին, այլ՝ 700 հա-ից ավելի: Որեւէ մեկը չէ՞ր ասել ապրիլի 4-ին նախագահին, որ իրականում 200 մետր չի ու ադրբեջանցիները ամեն մետրի համար 1 զոհ չեն տվել: Այդ տեղեկությունները իշխանությունները ի սկզբանե գիտեին, ուղղակի փորձում էին հասարակությանը մոլորության մեջ գցել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031