Լրահոս
Օրվա լրահոսը

1 տարում Հայաստանի բնակչությունը 14 հազարով նվազել է՝ առանց միգրացիայի (Տեսանյութ)

Հուլիս 11,2016 17:48

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի «Հայաստանի Հանրապետության բնակչության իրավիճակային վերլուծություն»  հետազոտության շուրջ, որն իրականացվել է «Օժանդակություն բնակչության հարցերով քաղաքականությունների իրականացմանը» ծրագրի շրջանակներում, այսօր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները բավականին մտահոգիչ ժողովրդագրական ցուցանիշներ ներկայացրեցին:

Մասնավորապես՝ մեր երկրում բնակչության բնական աճն անցյալ տարի զրոյացել է, իսկ այս տարի բացասական միտում կլինի:

Ըստ նույն հետազոտության, նվազել են ծնելիության ցուցանիշները,  Հայաստանում 65 տարեկանից բարձր բնակչությունը կազմում է 10.7%, ինչը գերազանցում է ծերացող բնակչությամբ երկիր համարվելու 7%-անոց շեմը:

Aravot.am-ը ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ  կանխատեսումներ ունի գրասենյակը 2050 թվականի հաշվարկով, ինչպիսին կլինի ժողովրդագրական իրավիճակը այդ տարիներին: «Դեպի նվազման է գնալու: Ամենալավատեսական կանխատեսումներով, շատ, շատ դրական ցուցանիշներով 2050 թվականին Հայաստանի բնակչությունը կլինի 3 միլիոն 100 հազար, իսկ ամենաբացասական ցուցանիշներով՝  1 միլիոն 700»,-ասաց Հայրապետյանը:

Նրա խոսքերով՝ երկրի բնակչության թվի նվազումը լուրջ մտահոգություն է. օրինակ տնտեսապես գրավիչ լինելու համար ամենաքիչը տվյալ երկրում պետք է 5 միլիոն սպառող լինի, որպեսզի երկիրը հրապուրիչ լինի օտարերկրյա ներդրումների համար:

Մանրամասն՝ տեսանյութում

Այսօր «Հոդված 3» մամուլի ակումբում  ներկայացվեցին Հայաստանի ժողովրդագրական ցուցանիշներին վերաբերող հետազոտության տվյալները:

Ասուլիսի մեկ այլ մասնակից, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի «Օժանդակություն բնակչության հարցերով քաղաքականությունների իրականացմանը» ծրագրի համակարգող Աննա Հովհաննիսյանն է ասաց, որ ըստ պաշտոնական վիճակագրության, Հայաստանի հանրապետության  բնակչությունը 2016 թվականի հունվարի 1-ին կազմել է 2 միլիոն 998 հազար մարդ, որը 2015-ի հունվարի 1-ի դրությամբ նվազել է  14 հազարով: Այս նվազումը կապված է բնակչության բնական աճի բացասական միտումներով. Այսինքն՝ համադրվել են ծնունդների եւ մահերի թվերը:

Աննա Հովհաննիսյանի ներկայացմամբ՝ ազգային վիճակագրական ծառայության եռամսյակային ցուցանիշներով, այս տարվա ապրիլի 1-ի դրությամբ եւս 4000- ով նվազել է բնակչության թիվը՝  2016-ի  ապրիլի 1-ին այն կազմել է 2 միլիոն 994 հազար մարդ:

Հովհաննիսյանն ասաց, որ եթե առաջիկա եռամսյակներն էլ հաշվարկենք, ապա կանխատեսվում է, որ  տարեվերջին մեր երկրի բնակչությունը տարվա կտրվածքով 16 հազարով կնվազի:

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031