Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Շահնազարյանը, Քոքոբելյանը, Արզումանյանը կարող են 15 տոկոս ձայն հավաքել. Աշոտյանի առաջարկը

Հուլիս 13,2016 14:21

Այսօր հրավիրած ասուլիսում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը խոսեց ընդդիմության ջլատված եւ տրոհված լինելու մասին: Նա ասաց, որ լավ կլիներ, որ ոչ միայն ՀՀԿ-ն, այլեւ ընդդիմությունը փորձեր բյուրեղանար, միախմբվեր. «Ցավոք, ի տարբերություն իշխանական դաշտի, ընդդիմադիր դաշտում ոչ թե կորիզավորման, բյուրեղացման կամ խոշորացման գործընթացներ են գնում, այլ՝ շարունակական տրոհման եւ ուժերի ջլատման: Հուսամ, խորհրդարանական ընտրությունների նախաշեմին մեր ընդդիմադիր դաշտում կձեւավորվեն մրցունակ միավորումներ, որոնք ի վիճակի կլինեն դեն նետել անձնական ամբիցիաները եւ ներկայանալ հետաքրքիր ծրագրերով»:

Արմեն Աշոտյանն ասաց, որ թույլ ընդդիմությունը երկրի համար սխալ է. «Մենք չենք ուզում լինել այն իշխանությունը, որ իր համար կձեւավորի հարմար, կառավարելի ընդդիմություն: Մենք ուզում ենք ստեղծել քաղաքական միջավայր: ՀՀ քաղաքական կյանքում լավ ներկայացված են պահպանողականները՝ ՀՀԿ-ն, սոցիալիստները՝ ՀՅԴ-ն, լիբերալ թեւը ՀՀՇ-ի 97-ի իշխանությունից հեռանալուց հետո չի ձեւավորվում: Մենք չունենք գաղափարաբանական ուժեղ լիբերալներ դաշտում: Հասարակությունը ազատական է դառնում, 21-րդ դարը ենթադրում է, որ լիբերալների ձայները շատանում են՝ երիտասարդություն է, մտածելակերպ է փոխվում, կյանքի միջավայրը: Բայց ո՞վ է այն քաղաքական ուժը, որը, իմ հաշվարկով, կտանի հայ հասարակության ազատական հատվածի 10-15 տոկոսը: Մեր հասարակության մեջ կան այդ ձայները ազատ: Ճիշտ աշխատանքի դեպքում կարելի է դա մի տեղ հավաքել, 15 տոկոսը քիչ չէ, դա լուրջ հայտ է»:

Ըստ Աշոտյանի, լիբերալների մեջ ուժեղ անհատականություններ կան, լավ քաղաքական գործիչներ՝ Դավիթ Շահնազարյանը, Արամ Սարգսյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Ալեքսանդր Արզումանյանը, բայց չկան քաղաքական ինստիտուտներ. «Կարող եմ թվարկել անհատների, որոնք հաջողության դեռ չեն հասել: Այդ 15 տոկոս ձայնը կարեւոր է»:

Արմեն Աշոտյանն ասաց, որ լիբերալների կարիքը կա, որ քաղաքական դաշտը դառնա ավելի ստաբիլ. «Ցավոք, դա չստացվեց Րաֆֆի Հովհաննիսյանի մոտ, չգիտեմ՝ 2017-ին ում մոտ կստացվի, կամ կստացվի՞, թե՞ ոչ»:

Մեր դիտարկմանը՝ ուժեղ ընդդիմության մասին եք խոսում, բայց իրականության մեջ երբ քաղաքական ընդդիմադիր ուժերը, այսպես ասած, «թրփոշանում» են, ուժեղանում են, գլխին եք տալիս ու նստացնում՝ Արմեն Աշոտյանը արձագանքեց, որ մեր նորագույն պատմության մեջ կան էջեր, որոնք քննարկվել ու փակվել են արդեն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031