Լրահոս
Օրվա լրահոսը

Կոլոլակով ապուր

Հուլիս 24,2016 12:30

Անհրաժեշտ մթերքները

Տավարի կամ գառան միս- 300-400 գրամ
Հավկիթ- 2 հատ
Գլուխ սոխ-2 հատ
Թարմ կանաչի (մաղադանոս, համեմ, սամիթ)- կես կապ
Բրինձ- 3 ճաշի գդալ
Աղ, սեւ եւ կարմիր աղացած պղպեղ- ըստ ճաշակի
Գազար- 1 հատ
Թարմ կանաչ կամ կարմիր պղպեղ-1 հատ
Սխտոր-2 պճեղ
Կարագ կամ բուսական յուղ- 3 ճաշի գդալ

Պատրաստման եղանակը

Միսը, եթե աղացած չէ, մաքրել ջլերից, թաղանթներից եւ աղալ: Ավելացնել շատ մանր կտրատած կամ աղացած 1 հատ սոխը, կանաչին, 2 ճաշի գդալ բրինձը (ցանկալի է՝ կլոր), համեմունքները եւ 1 հավկիթ: Լավ խառնել ու ձեռքերով փոքրիկ գնդիկներ պատրաստել՝ ընկույզի կամ ծիրանի մեծության:

kololak1 kololak2
Մինչ այդ կրակին դնել ջրով լի կաթսան: Երբ ջուրը տաքանա, բայց մինչեւ եռալը, մսագնդիկները գցեք մեջը:

Հենց սկսվի ջրի վրա հավաքվել մսի «քափը», հավաքեք այն ցանցավոր գդալով եւ թափեք:

kololak3

kololak4

Քանի միսը եփվում է, առանձին փոքրիկ կաթսայի կամ էմալապատ թասի մեջ պատրաստեք սոխառածը: Կարագը կամ բուսական յուղը դրեք տաքանա, ավելացրեք մանր կտրատած 1 գլուխ սոխն ու սխտորի պճեղները, քերած գազարը, թողեք մի քիչ տապակվի: Ավելացրեք նաեւ կտրատած թարմ պղպեղը: Բանջարեղենը 4-5 րոպե տապակելուց հետո ավելացրեք եռացող մսաջրին: Նույն պահին ապուրի մեջ գցեք նաեւ մնացած 1 ճաշի գդալ բրինձը:

kololak5

Մոտ 10-15 րոպեից ապուրն արդեն պատրաստ կլինի: Մեկ հավկիթը լցրեք որեւէ թասիկի մեջ, լավ հարեք, եւ շատ դանդաղ ավելացրեք ապուրին՝ անընդհատ պատառաքաղով հարելով ապուրի մեջ, որպեսզի սպիտակուցը չառանձնանա եւ ձուն ամբողջովին լուծվի: Կրակն անջատեք եւ ավելացրեք մանր կտրատած թարմ կանաչի:

kololak6

Մատուցեք տաք-տաք:

kololak7

Բարի ախորժակ:
Պատրաստեց ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

«Առավոտ»

23.07.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Լաուրա says:

    Իսկ կարտոֆիլ չկա ապուրի մեջ?

    • Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ says:

      Հարգելի Լաուրա, ոչ, այս ապուրի մեջ կարտոֆիլ չի նախատեսվում, քանի որ բրինձն արդեն իսկ բավականաչափ խտություն է հաղորդում ապուրին: Իսկ հարած ձուն` առավել եւս: Սակայն եթե ցանկանում եք` ոչինչ չի խանգարում ավելացնել նաեւ կարտոֆիլ: Բարի ախորժակ: 🙂

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031