Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Տավուշի մարզ

Հուլիս 27,2016 17:51

Հուլիսի 26-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Տավուշի մարզ: Վարչապետին ուղեկցում էին ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը:

Հ. Աբրահամյանը այցելել է Իջեւան քաղաքի Սայաթ-Նովա փողոցում գտնվող Դավիթ Սահակյանի առանձնատուն: Դ. Սահակյանը անչափահաս 6 տղա ունի: Նրա բազմազավակ ընտանիքը Տավուշի մարզի թիվ 41 ընտրատարածքից ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի նվիրաբերած 12 500 դոլարի եւ կառավարության հատկացրած նույնքան գումարի շնորհիվ ձեռք է բերել սեփական առանձնատուն:

Վարչապետի եւ նրան ուղեկցող պաշտոնյաների հետ այսօր Սահակյանների տուն է այցելել նաեւ պատգամավոր Հակոբ Հակոբյանը: Դավիթ Սահակյանն ասաց, որ շնորհակալ է պատգամավորի եւ վարչապետի վերաբերմունքից: Դավիթը վարչապետի մոտ բարձրացրել է իրենց փողոցի բարեկարգման խնդիրը:

Այնուհետեւ Հ. Աբրահամյանը այցելել է Ազատամուտ գյուղ, ուր ծանոթացել է մանկապարտեզի շինարարության ընթացքին:

Hovik_Abrahamyan_1

Վարչապետի այցելության հաջորդ վայրը սահմանամերձ Բաղանիս գյուղն էր, որ գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակը 263 միլիոն դրամով խմելու ջրագիծ է կառուցել: Բաղանիս համայնքը ծրագրի արժեքի 10 տոկոսի չափով պահանջվող ներդրում չէր կարող ապահովել, համայնքի փոխարեն այդ գումարը, որպես բարեգործություն, ներդրել է «Վարդանյաններ» հիմնադրամը: Կառուցվել են 200 եւ 50 տոննա տարողությամբ օրվա կարգավորիչ ջրամբարներ, 16 կմ երկարությամբ ջրագիծ, ջրահավաք ավազանը նորոգվել է, տեղադրվել են ջրաչափեր: Բաղանիս համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանը հայտնեց, որ դրա արդյունքում Բաղանիսը շուրջօրյա ջրամատակարարում կունենա:

Բաղանիսում վարչապետին դիմավորեցին ավանդական աղուհացով: Նարեկ Սահակյանը վարչապետին ներկայացրեց գյուղում իրականացվող ծրագրերը, վարչապետը զրուցեց բաղանիսցիների հետ:

Նախատեսվում էր, որ վարչապետը կայցելի Զորական գյուղ, ուր ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված 19-ամյա Գարիկ Մովսիսյանի ընտանիքի համար տուն է կառուցվում: Բնակարանային ծանր պայմաններում ապրող Մովսիսյանների ընտանիքին այդ հարցով օգնելու խոստում Հովիկ Աբրահամյանը տվել է Զորական մայիսի 4-ի այցի ժամանակ:

Վարչապետն ու նրան ուղեկցող պաշտոնյաները կայցելեն նաեւ Այրումի «Միրգ» պահածոների ձեռնարկություն, կծանոթանան Պտղավան գյուղում ընկուզենու այգիներ հիմնելու գործընթացին:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031