Լրահոս
Օրվա լրահոսը

«Այնպես չէր, որ Հայաստանի վարկանիշը հասել էր բարձրակետին եւ «Սասնա ծռերի» դեպքով անկում ապրեց»

Օգոստոս 11,2016 14:00

«Կարեւոր գործընթացներ տեղի ունեցան, որն անզեն աչքով նկատելի է, ինչ-որ խմորումներ կան հենց իշխանության ներսում, պաշտոնանկությունները մի կողմ դնելով՝ ակնհայտ է, որ եթե ներսում այդ խմորումները չլինեին, այսպիսի քայլի անհնար կլիներ դիմել, որովհետեւ SAS սուպերմարկետից թխվածքաբլիթ էին գողացել՝ 5 րոպեում այդ գողացողին գտան, 6 մեքենա մոտեցավ, ամբողջ քաղաքն այդ պատմությունն իմացավ, իսկ ՊՊԾ գունդը անհամեմատ ավելի կարեւոր օբյեկտ է, քան ցանկացած սուպերմարկետ. այստեղ ինչ-որ մութ պահեր կան»,- «Առավոտի» հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց «PR-ի զարգացման հայկական կենտրոնի» նախագահ Հայկ Կիրակոսյանը` դիտարկելով «Սասնա ծռեր»-ից սկսած ու նրա շուրջ զարգացող իրադարձությունները: Հայկ Կիրակոսյանը մտավախություն ունի, որ գործընթացը շարունակություն է ունենալու, որն արդեն անձնական վրեժխնդրության տեսքով է լինելու. «Ոչ թե այն, ինչ որ ասեց հանրապետության նախագահը` որ պետությունն անձնական վրեժխնդրություն չդրսեւորի, այլ ճիշտ հակառակը. այսօր շատերի ընտանիքները մասնատված են, ընտանիքի անդամները գտնվում են բանտարկված կամ խոշտանգված վիճակում, եւ այդ արյունը, այդ գենետիկ կոդը կրող մարդիկ հակված են ավելի ծայրահեղ քայլերի, որը կարող է անտեսանելի ձեւով զարգանալ»:

Մեր զրուցակցի մեկնաբանմամբ՝ «Սասնա ծռերի» շարժումը, որի հետ առնչվեցին Հայաստանի եւ աշխարհի հայերը, միանշանակ ընկալելը սխալ է, որովհետեւ այն «բազմակողմ երեւույթ է»:

Մասնագետը նախ դիտարկեց երեւույթի ներքին` հայկական նշանակության կողմերը. «Այս շրջանում տարածված էր այնպիսի մի խոսակցություն, որ երբ «Սասնա ծռերը» զենքերը վայր դնեն, ապա մարդկանց մոտ մի այնպիսի հուսահատության ալիք կգա, բոլորը կցրվեն տներով, կդառնան ինքնամփոփ, ու որեւէ խնդիր չի լուծվի, բայց իրականում այս շարժումն, անգամ իշխանական ուժերի շրջանակներում, որոշակի խնդիրներ լուծեց, որովհետեւ նրանց մեջ, զարմանալիորեն, դրական իմաստով արթնացել են որոշ գեներ, որոնք որ ավելի արխայիկ են եւ մեր հին «Սասնա ծռերից» են գալիս:

«Սասունցի Դավիթ» էպոսում կա մի դրվագ. հորն ընկած Դավիթը չի կարողանում դուրս գալ այնքան ժամանակ` մինչեւ որ «Սասնա ծռերից» Ձենով Օհանը չի կանչում Դավիթին: Մեր ժողովուրդը, հորում գտնվելով, արդեն իսկ լսել է Ձենով Օհանի ձայնը, եւ շատ տրամաբանական է եւ ակնհայտ, որ եթե Դավթին հորից հանելու թիվ մեկ գործիքը ձեն տալն էր, ապա Փոքր Մհերին ժայռից դուրս բերելու համար հարկ է լինելու մեկը, որը ձենով Օհանի պես կարողանում է կանչել մեր ծռերին: Այդ ենթատեքստում սա այդ կանչն է, որ շատ շատերի հոգում ու սրտում, այդ թվում` սփյուռքահայերի, արձագանք գտավ, այսինքն` ներքին, հայկական նշանակությունը միայն դրական է: Փառք Աստծո, որ մեծ զոհեր չեղան, իհարկե, ցավում եմ ոստիկանության աշխատակիցների համար: Նրանք էլ մեր հայրենակիցներն են»:

Ինչ վերաբերում է մեր երկրի հեղինակությանը միջազգային հանրության շրջանում, ապա, ըստ Հայկ Կիրակոսյանի, «այնպես չէր, որ Հայաստանի վարկանիշը հասել էր բարձրակետին, որ «Սասնա ծռերի» դեպքով անկում ապրեց, ընկավ գետնին»: Նրա խոսքով՝ Հայաստանի մասին բացասական կամ դրական կարծիք կազմելու համար վերջին 25 տարիներին այնքան պարարտ նյութ է եղել, որ «Սասնա ծռերի» միջադեպը էական դերակատարում բացասական իմաստով չի ունեցել: PR-ի մասնագետը կարծում է, որ «Սասնա ծռերի» շուրջ ծավալված իրադարձություններով ճիշտ հակառակը տեղի ունեցավ, եւ որ «Հայաստանն ու հայ ժողովուրդը կենդանության նշաններ» ցույց տվեցին. «Եթե կային ազգեր կամ պետություններ, որոնք ասում էին, որ հայերը եռացող գորտի օրինակով ձեռքից գնում են, ապա թե՛ ապրիլյան պատերազմը եւ թե՛ այս վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ չենք պատրաստվում սառը ջրի մեջ եփվել գորտի օրինակով, եւ աշխարհին էլ դա շատ կարեւոր ազդանշան էր: Ե՛վ մեր հակառակորդները, ե՛ւ աշխարհը տեսան իսկական հային»:

Գորտի օրինակը Հայկ Կիրակոսյանն այսպես մեկնաբանեց. «Եթե գորտին գցում ես եռման ջրի մեջ, ինքը թաթիկները բացում է, խփում է այդ մակերեսին, մի փոքր այրվելով դուրս է թռչում, բայց եթե գորտին դնում ենք սառը ջրի մեջ եւ այդ սառը ջուրը դնում ենք կրակի վրա, այդ պարագայում գորտը հանգիստ եռում է ջրի մեջ, խաշվում է` առանց ջրից դուրս թռչելու: Այսինքն` իր զգացողությունը բթանում է, նա վտանգ չի զգում»:
Նրա խոսքով՝ այդ ամենը նշանակում է, որ «նախագահը չէ՝ գերտերությունների նախագահներ լինեն, անպայման արտաքին աշխարհին հակազդեցություն լինելու է» ցանկացած եղանակով. «Որովհետեւ մի օր չէր, որ ուժ կիրառվեց ժողովրդի հանդեպ, ուժը կիրառվում էր մյուս օրերին, հավաքները շարունակվում էին եւ էլի էր ուժ կիրառվում, եւ եթե տղաները չգտնեին, որ պահն է զենքերը վայր դնելու, ապա այդ ամենը շարունակվելու էր: Ծեծելու, վախեցնելու փորձեր մշտապես եղել են նրանց կողմից, որոնք զավթել են մեր երկիրը, բայց հայերի հետ բռնապետություն խաղացողներից ոչ ոք տեղ չի հասել երբեւէ՝ դրանք լինեն տեղական բռնապետեր, թե օտարազգի` արաբներ, մոնղոլներ ու թաթարներ:
Իսկ ամենակարեւորը՝ ներքին սպառման աշխարհից դա այն էր, որ մեր սերունդները լսել էին Գեւորգ Չաուշի, Աղբյուր Սերոբի, Հրայր Դժոխքի, Քեռիի մասին, բայց չէին պատկերացնում՝ նրանք ինչպիսին են, այլեւս պետք չէ երկար-բարակ ման գալ. նրանք էնպիսին էին, ինչպիսին «Սասնա ծռերն» են»:

 
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ»

10.08.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031