Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ԼՂՀ Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի պատվիրակությունն Ավան վարչական շրջանում է

Օգոստոս 11,2016 17:56

Մայրաքաղաքի վարչական շրջանների և ԼՂՀ շրջանների միջև համագործակցության ծրագրով Երևանի Ավան վարչական շրջանում է գտնվում ԼՂՀ Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի պատվիրակությունը` Ճարտարի քաղաքապետ Արթուր Աղաբեկյանի գլխավորությամբ: Արցախյան պատվիրակության անդամները հանդիպել են Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանի հետ: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը: Ողջունելով ճարտարցի հյուրերին` Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանը նշել է, որ Երևանի վարչական շրջանների և ԼՂՀ շրջանների միջև հաստատված գործակցության շրջանակում բազմաթիվ ծրագրեր են նախանշվել ու կյանքի կոչվել:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ԼՂՀ կատարած պաշտոնական այցի ժամանակ առավել հստակեցվեցին համագործակցության շրջանակներն ու բազմաթիվ նոր ծրագրերի սկիզբ նախանշվեց: Ավանի ու Ճարտարի համագործակցության արդյունքում նույնպես արդեն իսկ կյանքի են կոչվել ճանաչողական և փոխօգնության բազմաթիվ ծրագրեր: Հատկանշելով առավել տեսանելի արդյունքներ ապահովելու քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից առաջադրված պահանջը` կողմերը պայմանավորվել են մշակել և կյանքի կոչել այնպիսի ծրագրեր, որոնց արդյունքներն առավել առարկայական ու տեսանելի կլինեն Ավանի և Ճարտարի բնակիչներին`մասնավորապես քաղաքային միջավայրի զարգացման, կրթամշակութային, մարզական և կոմունալ բնագավառներում: Շուտով Ճարտար կմեկնի նաև ճարտարապետների խումբ`այգի և խաղահրապարակ կառուցելու նախագծման համար, որից հետո կմեկնարկեն շինարարական աշխատանքները: Մանվել Ջավադյանը հատկանշել է, որ Ավանի ու Ճարտար քաղաքի բարեկամության ամրապնդման և ընդլայնման հարցում մշտապես եղել է նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանի մասնակցությունը, ով այսուհետ նույնպես իր լիազորությունների շրջանակում հնարավորին կաջակցի նոր նախաձեռնությունների իրագործմանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Ճարտարի քաղաքապետ Արթուր Աղաբեկյանը հատուկ արժևորել է ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին Երևանի քաղաքապետարանի և մասնավորապես Ավան վարչական շրջանի ցուցաբերած համակողմանի աջակցությունը Ճարտարին ու քաղաքի բնակչությանը: Անդրադառնալով համագործակցության հեռանկարներին`արցախցի պաշտոնյան կարևորել է քաղաքային տնտեսության տարբեր բնագավառներում Ավան վարչական շրջանի փորձը Ճարտարում ներդնելու հնարավորությունը: Կողմերը պատրաստակամություն են հայտնել ավելի սերտ դարձնելու հետագա համագործակցությունը:

Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանն ու Ճարտարի քաղաքապետ Արթուր Աղաբեկյանը ստորագրել են աշխատակազմերի համագործակցության 2016-2017 թվականների գործողությունների ծրագիր:

Այնուհետ պաշտոնական հանդիպման մասնակիցները Ավանի Սբ Աստվածամայր եկեղեցու բակում ծաղիկներ են խոնարհել արցախյան ազատամարտում զոհված ազատամարտիկների հուշարձանին, ստացել եկեղեցու հոգևոր հովիվ Հարություն քահանա Ավագյանի օրհնությունը: Արցախցի հյուրերը Երևանի իրենց գործընկերների հետ այցելել են նաև Գ. Բուդաղյանի անվան արվեստի դպրոց, ծանոթացել կրթօջախի առօրյային, իսկ դահլիճում նաև ունկնդրել համերգ`դպրոցի սաների մասնակցությամբ:

 

Երևանի քաղաքապետարանի մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031