Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին խորհրդային արբանյակները՝ կադրային վերադասավորումների փուլում. Financial Times

Սեպտեմբեր 09,2016 12:56

Կենտրոնական Ասիայի նախկին խորհրդային հանրապետություններում խոշոր կադրային վերադասավորումներ են տեղի ունենում, Financial Times հեղինակավոր պարբերականում գրում է Ջեք Ֆարչին:

Այսպես, Իսլամ Քարիմովի մահից հետո նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Շավքաթ Միրզիզոևը, ով 2003թ-ից գլխավորում էր երկրի կառավարությունը: Ղազախստանում երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, ով այդ երկիրը ղեկավարում է խորհրդային տարիներից, Քարիմ Մասիմովին հեռացրել է վարչապետի պաշտոնից և նրան նշանակել Ազգային անվտանգության կոմիտեի ղեկավար: Իսկ Հայաստանում կառավարությունից համատարած դժգոհությունների ֆոնին հրաժարական է տվել վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

«Այս շաբաթ մենք տեսանք մի շարք իրադարձություններ, որոնք ցույց են տալիս, որ տարածաշրջանային քաղաքականությունը մի շարք հարցերում գտնվում է տրանսֆորմացիայի փուլում»,- կարծում է Գլազգոյի համալսարանի՝ Կենտրոնական Ասիայի հարցերով մասնագետ Լուկա Անքեքսին:

Ղեկավարությունների փոփոխությունները տեղի է ունենում մի շրջանում, երբ տարածաշրջանը գտնվում է վերջին երկու տասնամյակի ընթացքում ամենախոշոր տնտեսական անկման մեջ, գրում է Ֆարչին: Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումներով՝ այդ տարածաշրջանի ՀՆԱ աճը այս տարի կկազմի ընդամենը 1,2% այն դեպքում, երբ 2000-2014թթ. ընթացքում միջին ցուցանիշը եղել է 8,3%: Եվ այդ ամենը տեղի է ունենում Ռուսաստանում հումքի գների նվազման և ռեցեսիայի ֆոնին:

Հոդվածագիրը կարծում է, որ Միրզիզոևի նշանակումը որպես Ուզեբեկստանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, հստակ ապացույցն է այն բանի, որ հենց նա կփոխարինի Քարիմովին:

Ղազախստանի կառավարությունում վերադասավորումները Ֆարչին կապում է երկրում իշխանության փոխանցմանը պատրաստվելու առաջին նշանների հետ: 76-ամյա նախագահ Նուրսուլթան Նազարբաևը դեռ չի հայտարարել իրեն փոխարինողի վերաբերյալ ծրագրերի մասին, սակայն փորձագետները համոզված են, որ երկրի էլիտան արդեն սկսել է մանևրել՝ շահավետ դիրքեր գրավելու համար:

GPW միջազգային խորհրդատվական ընկերության մասնագետ Լիվիա Փեգին կարծում է, որ Մասիմովի հեռացումից շահող է դուրս գալիս Դարիգա Նազարբաևան, ով ներկա նախագահի դուստրն է և երկրի վարչապետը:

«Մասիմովի հեռացումով կարծես թե ակնարկում են, որ Դարիգան դեռ խաղի մեջ է՝ որպես պոտենցիալ փոխարինող»,- ասում է Փեգին:

Ինչ վերաբերում է, Հայաստանին, հոդվածագիրը նշում է, որ Հովիկ Աբրահամյանի հրաժարականը միանգամայն սպասելի էր գալիք տարի սպասվող խորհրդարանական ընտրությունների նախաշեմին: Տնտեսական անկումը և Լեռնային Ղարաբաղում իրավիճակը սրացման ընթացքում կառավարության գործողությունները ամռանը հանգեցրին զանգվածային բողոքների, եզրափակում է Ֆարչին:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930