Լրահոս
Օրվա լրահոսը

Մելանյա Պետրոսյանցի «Ազնիվը»

Սեպտեմբեր 14,2016 15:30

Հեղինակային հրատարակությամբ օրերս 200 օրինակով լույս է տեսել Մելանյա Պետրոսյանցի «Ազնիվը» պատմվածքների ժողովածուն:

Մինչ այդ Մելանյան լինելով (1998-2002թթ.) ՀՀ պաշտպանության նախարարության սոցիալական պաշտպանության վարչության ավագ սպա՝ հրատարակել էր «Հատուկ գունդ» (առաջին մաս, 1990-1992թթ.) գիրքը: Մելանյան աշխատել է նաեւ «Ապարան» թերթում՝ որպես բաժնի վարիչ: Ինչո՞ւ այսպես սկսեցի: Նկատի ունենալով այն, որ Մ. Պետրոսյանցը եղել է մշտապես գիր ու գրականությանը մերձ, հայրենիքում կատարվող իրադարձությունների անմիջական կրողներից, ականատեսներից մեկը:
Պատմվածքների այս ժողովածուի շնորհանդեսին, որը տեղի ունեցավ Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի փառահեղ գրադարանում, իսկապես նախանձելի լսարան էր հավաքվել, լսարան, որին կարող էին փափագել տասնյակ գրքեր ունեցող, բայց լսարան չունեցող գրողները:

Ուսուցիչներ, դասախոսներ, գրողներ, լրագրողներ, ֆեյսբուքյան ընկերախումբ, ինչու ոչ՝ ճանաչված գործազուրկներ, թոշակառուներ, որոնք իրենց նրբաճաշակ դիտարկումներով օգնել են, որպեսզի ծնվեին այս իրապատումները:

melanya_petrosyanc_2
Մելանյա Պետրոսյանցի պատմվածքներից «Ազնիվը», «Մարմնավաճառը», «Ոստիկանը»…ներկայացվել էին առանձին հատվածներով Ֆեյսբուք սոցիալական ցանցի օգտատերերին: Ինչո՞ւ է լսարանը այդպես բարձր գնահատում հեղինակին. քանի որ նա անուղղակի մասնակիցն է մարդկային ճակատագրերի վերծանման, մարդկանց, ում նախատիպերն իր կողքին են, իրենց կենցաղային հոգսերով, տխուր-ուրախ ներկայով:
Այնքան հավաստի է պատմվում, որ մեզ հաճախ թվում է, թե դու նրանց մասին գրել ես:
Ահավասիկ դրանցից մեկը. «Մի կնոջ պատմությունը»: «Կառավարության որոշումով մեկ ամիս առաջ ես նշանակվեցի երկրիս արդարադատության նախարար:

Կառավարությունում միակ երիտասարդ կին նախարարը: Ներկայացա աշխատատեղ, ուր հենց միջանցքում սպասում էին կառավարության անդամներ, աշխատակիցներ, լրագրողներ: Ու անթիվ, անհամար վարդեր կային: Երբ ավարտվեց հանդիսավոր մասը, ես բացեցի նախարարական աշխատասենյակի դուռն ու շեմն անցա, հանկարծ մի խմբակային ձայն բարձրացավ ներսիցս, ցնցեց ինձ.
– Երբեք չմոռանաս, թե որտեղից ես եկել: Ես ճանաչեցի իսկույն, այդ իմ «օգնական մարդուկների» ձայնն էր»:

Մենք արդեն Մելանյայի թակարդում ենք, ինչպես մնացյալ պատմվածքների դեպքում է:
Գրողն, ասես, ձեռքդ բռնած ներկայացնում է այն ճանապարհը, որն անցել է տվյալ դեպքում իր հերոսուհին, միայնակ, Արցախյան պատերազմի եւ ներսի պատերազմի տարիներին, երբ գոյատեւելու համար նա ձուկ է մաքրել ձկնավաճառներից մեկի մոտ՝ զուգահեռ սովորելով:

melanya_petrosyanc_3
Եվ քանի որ «ճակատագիրը քո ձեռքերում է», ինչպես պատմվածքի հեղինակն է որպես երկրորդ խորագիր ընտրած հատվածում նշում, նա կարողանում է իրավաբանական կրթություն ստանալ ու դառնալ այն, ինչ իրենն էր ճակատագրով:

«Ազնիվը» պատմվածքի հերոսուհին Երեւանյան լճի մոտ կանգնող մարմնավաճառներից է:
Նա հայտնվում է բանտում:

Ինձ համար այս պատմվածքի վավերականությունն ապահովված է հենց առաջին տողերը կարդալիս. «Բանտախցի երկաթե դուռը շրխկոցով փակվեց, ու փոքրիկ տոպրակով երիտասարդ կինը մի ընդհանուր հայացք գցեց ոչ լավ լուսավորված սենյակին: Չորս երկհարկանի մահճակալներ կային: Հենց այդպիսին էլ պատկերացրեցի բանտախուցը:

– Անունդ ի՞նչ է:
– Ազնիվ,- պատասխանեց նորեկը:
– Դու էն Երեւանյան լճի մոտ կանգնող Ազնիվը չե՞ս:
– Հա, ես եմ:
– Առաջ արի…
Գնաց ձայնի ուղղությամբ: Ձայնի տեր կինը կողքի թեքվեց մահճակալի վրա, վեր կենալու շարժում արեց:
– Չստերս տակն են, կռացի, հանի:

Ազնիվը հետ քայլ արեց,- ինքդ կռացի, վերցրու»:

Տասնյակ կալանավորներ երբեք չեն մոռանում իրենց առաջին հանդիպումը խցակիցների հետ: Մելանյան կարողացել է սկիզբը դնել բարդ հոգեբանական մի ճանապարհի, որով անցնելու էին զուգահեռ իրականության մարդիկ:

Նրանք, ովքեր ստացան այս գիրքը, համոզված եմ, որ սպասելու են մերօրյա շնորհալի արձակագրի հաջորդ գրքին:

 
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

13.09.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Շնորհավորում եմ …ափսոսում եմ, որ տեղյակ չեմ եղել շնորհանդեսի մասին … Հարգանքով` Աշոտ Բաբայան

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930