Լրահոս
Օրվա լրահոսը

Զավթողական պատերազմների համար զենք կիրառողին պետք է պատժել. «Հայոց Աշխարհ»

Սեպտեմբեր 14,2016 12:26

Օրերս մեր խմբագրություն էր այցելել բանաստեղծ, հրապարակախոս ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆԸ, որը մտահոգված լինելով աշխարհում ընթացող պատերազմներով ու ռազմական գործողություններով, ահաբեկչություններով, թեժ կետերում ամեն օր սպանվող, որբացող եւ ունեզրկվող հազարավոր մարդկանց ճակատագրով` կարեւոր առաքելություն է նախաձեռնել` համայն մարդկության ուժերով դադարեցնել զենքի արտադրության մահաբեր բիզնեսը։

-Ինչո՞ւ որոշեցիք նման գաղափարն իրականություն դարձնելու առաքելությունը ստանձնել եւ ո՞րն եք համարում այդ գաղափարի իրականացման հնարավոր ուղին:

-Այսօր, երբ մարդկությունը զարգացման նոր փուլ է թեւակոխել, այնուհանդերձ պատերազմների հանդեպ պետությունների վերաբերմունքը նույնն է մնացել. նորից շարունակվում են նվաճողական, շահադիտական, հարձակողական պատերազմները, որոնք էլ իրենց հերթին ծնում են ահաբեկչություններ, զանգվածային կոտորածներ ու տեղահանություններ:

Վաղուց ժամանակն է այդ հարցում նույնպես զարգացման նոր փուլ մտնել եւ կտրուկ փոխել վերաբերմունքը պատերազմների հանդեպ, գերտերությունների նպատակները հեղաշրջել:

Ամբողջ աշխարհն է արդեն գիտակցում, որ արմատական փոփոխություններ են հարկավոր, որպեսզի հնարավոր լինի զսպել ագրեսիվ գործողությունները, ցեղասպանությունները, շահի համար մղվող նախահարձակ պատերազմները: Դա դեռեւս չի կարգավորվում որեւէ երկրի օրենսդրությամբ, մայր օրենքով, որեւէ միջազգային պայմանագրով, եւ կամայական ձեւով ում ուժը պատում է, փորձում է բռնանալ մյուսների վրա, զավթել նրանց տարածքները, խլել նրանցից այն, ինչ նրանք` որպես ազգ, որպես պետություն, ստեղծել են:

Ուստի կարեւորում եմ ամեն տեսակի զենքերի առքուվաճառքի պայմանագիր կազմելիս որպես առաջնահերթ պարտադիր պայման ամրագրել, որ ձեռք բերված զենքը պարտավոր են գործածել միմիայն ինքնապաշտպանության, այլ ոչ թե զավթողական եւ հարձակողական նպատակներով: Իսկ այն պետությունները, ովքեր կխախտեն այդ պայմանը, պատժամիջոցների կենթարկվեն միջազգային հանրության կողմից:
Այս գաղափարն առաջացավ զենքի առքուվաճառքի միջազգային պայմանագրերին ծանոթանալուց հետո: Ճիշտ է, դրանցում ինչ-որ տեղ հիշատակվում է զենքն օգտագործելու առաջնահերթ նպատակի` միայն ինքնապաշտպանության պայմանով օգտագործելու մասին, բայց այնքան հպանցիկ է դա ներկայացված, որ այդ պարտավորության իրագործումը չափազանց նվազ է կատարվում կամ ընդհանրապես չի կատարվում` վերածվելով մի տեսակ բարոյական քարոզի:

Մինչդեռ զենք ձեռք բերող եւ օգտագործող երկրների մեծ մասը իրենց շահը վեր են դասում բարոյականությունից: Պայմանագրի այդ կետը հենց այնպես օդի մեջ մի հայտարարություն է, որով նվաճողական նկրտումներ ունեցող պետությունները փորձում են իրենց որոշ չափով ապահովագրել՝ իբր դրանով հիմնավորելով իրենց գործի «արդարացի» լինելը: Մինչդեռ բոլորն էլ գիտեն, թե դա ինչպես է արվում:
Օրինակ, ԱՄՆ-ը, երբ հարձակվեց Իրաքի վրա, պատճառաբանեց, թե այդ պետությունը քիմիական զենք ունի եւ իր նպատակը այդ զենքի հնարավոր ազդեցությունը չեզոքացնելն է: Բայց երբ այդ պետությունը քանդեցին, ավերեցին, մարդկանց անօթեւան ու տարագիր դարձրին, տասնյակ հազարավորներին կոտորեցին, պարզվեց, որ քիմիական զենքի մասին հայտարարություններն իրական հիմք չունեն: Իսկ ԱՄՆ-ը ընդամենը նպատակ ուներ ձեռք դնել այդ երկրի բնական պաշարների, մասնավորապես նավթի վրա:
Ես մտածեցի, որ զենքի առքուվաճառքի պայմանագրում տեղ գտած ձեւական հղումը հարկավոր է լավ խմբագրել, մեծացնել դրա ազդեցությունը, գերակա դարձնել` այն չկատարելու դեպքում բոլոր հնարավոր հետեւանքներով:

Հասկանում եմ, որ դեռեւս հնարավոր չէ ընդհանրապես դադարեցնել զենքի արտադրությունը, քանի դեռ աշխարհում կան ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը, ովքեր մրցակցության մեջ են, բայց գոնե հնարավոր է սահմանափակել, եթե ոչ ընդհանրապես բացառել այլ պետություններին, այլ ժողովուրդներին պատկանող պատմական հողերի զավթումը` զսպող մեխանիզմների միջոցով:

-Ինչպե՞ս եք պատկերացնում նվաճողական պատերազմների կանխումը, եթե անգամ միջազգային պայմանագրում եղած դրույթն ավելի հստակեցվի եւ խստացվի: Ի վերջո գաղտնիք չէ, որ աշխարհում ոչ թե օրենքն է իշխողն ու գերական, այլ ուժեղի շահը:

-Առաջարկս, կարծում եմ, միանգամայն իրագործելի է կամք ու ցանկություն լինելու դեպքում: Շատ կարեւոր է, որ օրենքով, միջազգային պայմանագրով կամ այլ փաստաթղթով ամրագրվի, որ օրենքը խախտողը խստորեն կպատժվի, իսկ պատիժ սահմանողը անկախ կառույց կլինի:

Ինչպես մահաբեր զինատեսակներ արտադրող, այնպես էլ դրանք ձեռք բերող երկրին, որը ագրեսիվ ոտնձգությունների, բացահայտ ագրեսիայի, ահաբեկչության, ցեղասպանության, ինչպես նաեւ կրոնական եւ ազգային անհանդուրժողականության հողի վրա թշնամանք բորբոքելու նպատակով զանգվածային ոչնչացման զենք կամ «զանգվածային ոչնչացում» կատեգորիայի տակ չմտնող զինատեսակներ գործածի, նոր ամրագրվելիք միջազգային օրենքով անբեկանելի ձեւով պետք է պարտադրվի լիկվիդացնել իր ողջ ռազմական զինանոցը` ոչնչացնելով կամ օտարելով այն:

Իսկ վաճառքից ստացված եկամուտները ներդնել տվյալ երկրի տնտեսության, կրթության, մշակույթի զարգացման համար` ի նպաստ այդ պետության ազգաբնակչության բարօրության: Այդ պարտականության իրագործման անմիջական վերահսկողությունը պետք է դրվի անվերապահ լիազորություններով օժտված եւ իրագործման համապատասխան միջոցների տիրապետող բազմապրոֆիլ, հմուտ եւ հեղինակավոր հանձնաժողովի վրա, որպիսին կարող է լինել ՄԱԿ-ի շրջանակում կամ դրանից դուրս:
Նման հանձնաժողով կազմելը դժվարություն չէ: Կարեւոր է այդ հանձնաժողովին լիազորություններով օժտելը:

 

Թագուհի Ասլանյան

Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930