Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Զարգանալու համար անցյալից մի կառչեք

Սեպտեմբեր 19,2016 12:30

Գրելով, խոսելով, պատմելով, նկարելով կամ ինչ-որ ձեւով վերապրելով անցյալի հիշողությունները՝ փորձում ես մաքրել այնպիսի հիշողություններ, որոնք քեզ անընդհատ ցավ են պատճառում: Այսպիսի պարզ խորհուրդներ են տալիս մասնագետները նրանց, ովքեր չեն կարողանում ազատվել անցյալի հուշերից՝ հուշեր, որոնք երբեմն մեղքի զգացում են առաջացնում եւ գնալով խորը արմատներ գցում մեր ներսում: Եկեղեցական մեր հայրերը այս առիթով ասում են՝ իրապես զղջա, մոռացիր եւ ուրախությամբ լցվելով՝ առաջ շարժվիր:

Հոգեբանները նշում են, որ վատ հիշողություններն ազդում են եւ փոխում մեր վարքը, կյանքը, բնավորությունը եւ ստիպում են մշտապես վերապրել այն, ինչի միջով արդեն մեկ անգամ անցել ես: Այդ ամենից ազատվելու լավագույն տարբերակներից մեկն, ըստ մասնագետների, հետեւյալն է՝ ներկան փոխելու միջոցով միայն կարող ես անցյալդ փոխել: Լիովին մոռանալ այն ամենը, ինչ կատարվել է, երբեմն անհնար է բնական ճանապարհով: Այն, ինչ կարող ենք անել՝ փոխել մեր դիրքորոշումն այդ իրադարձությունների հանդեպ:

8-01
«Մենք դառնում ենք հոգեբանորեն նորից կառուցող, հնի սխալների վրա սկսում ենք կառուցել նորը՝ ունենալով փորձ, իմաստություն, որին գումարվում են նաեւ մեր հմտությունները՝ դիմակայելու, առաջ գնալու, նպատակասլաց լինելու»,- «Առավոտ»-ի հետ զրույցում այսպես ասաց հոգեբան Աննա Բադալյանը:
Նա բերելով հոգեբանության մեջ թերապիայի օրինակը՝ նշեց, որ շատ հաճախ, երբ մարդ ընկճված է՝ ընկնելով տագնապային իրավիճակների մեջ, նրան տալիս են նայելու իր մանկության նկարները, որոնք այնքան հետաքրքիր վերելք են տալիս, որ մարդ սկսում է դրանից հետո մանուկի հետ ուրախանալ, հասկանալ իր գոյությունը, առաջ գնալ, բայց դրանցից կառչելը դառնում է հետընթաց. դա ընդամենը պետք է ունենալ, դարձնել իրենց վարքի դրսեւորման ձեւ եւ առաջ գնալ եւ հիմքում էլ կառուցել նորը:

Հոգեբանը նշեց նաեւ, որ աղոթքը ոչ միայն մաքրող, զորացնող հատկություն ունի, այլ նաեւ հոգեթերապեւտիկ միջոց է մարդու համար, որը չի կարելի իմիջիայլոց ասել: «Դու պետք է ամբողջ մարմնով, մտքով, գիտակցությամբ աղոթես, որպեսզի այդ մաքրությանը հասնես: Մեր կրոնը ամբողջությամբ հոգեբանություն է, նույնիսկ մոմ վառելու կարգը. երբ մոմ ես վառում, քո լույսի շողը կարծես քո մեջ էլ է վառվում՝ արթնանում է հույսը»,-ասում է հոգեբանը:

«Եթե օրինակը բերենք սիրո վերաբերյալ, պետք է հիշել նաեւ Սեւակի՝ «առաջին սերը ինչ էլ որ անես՝ միշտ կուտ է գնում» արտահայտությունը, որի մեջ իմաստություն կա՝ այն առումով, որ անփորձ ես, հուզական ապրումները մեծ են թվում, ավելի բարձր, վեհ, ու երբ բախվում ես իրականությանը, հասկանում ես, որ շատ բաներ ուղղակի քո հուզական երեւակայական պատկերներն են եւ կարծես սթափվելով՝ առաջ ես գնում: Շատ լավ է, երբ մարդ սա կարողանում է անել եւ առաջ շարժվել, բայց լինում են խնդիրներ, երբ մարդ չի մոռանում, այսինքն՝ «չմարսեց» այն, չհաղթահարեց, չմոռացավ անցյալը եւ չգնաց առաջ»,- նշեց հոգեբանը:

Աննա Բադալյանի խոսքով՝ սիրային հարցերում առաջ շարժվելու համար մարդը պետք է կարողանա իր մեջ սպառել նախկին սիրելի մարդու հանդեպ ունեցած սերը, կախվածությունը, որը կարող է վերածվել հարգանքի եւ անցնել՝ որոշ ժամանակ անց. «Մինչեւ դա չլինի, նա նոր անձնավորության չի կարող տեսնել, յուրովի ընկալել, գնահատել: Երբ կարողանում ես այդ ամենը քո մեջ մշակել՝ առաջ ես գնում, նորին տեսնում ես, իսկ եթե նա քեզ կառչած, զուգահեռ գալիս է՝ թույլ չի տալիս այդ նորը նկատել, որը տեսնելուց էլ որոշում ես «անցյալի» պրիզմայով: Արդյունքում ստացվում է, որ որոշակի ընթացք զուր ժամանակ ես վատնել, միգուցե եղել են մարդիկ, որ քեզ ավելի հոգեհարազատ են եղել, եւ դու նրանց համար ավելի գնահատված ես եղել, որոնց այդպես էլ չես նկատել: Անցյալի շղարշը թույլ չի տվել իրականությունը տեսնել»:

Այսպիսի պարագաների համար էլ մասնագետը նշում է նաեւ, որ պետք է ունենալ ինքնագնահատականի բարձր նիշ, որը չպետք է խառնել գոռոզության, ինքնասիրահարվածության հետ: «Անընդհատ ինքնազարգացմամբ զբաղվող մարդիկ անցյալից չեն կառչում եւ անընդհատ չեն դոփում տեղում»,- ասաց հոգեբանը:

 

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

17.09.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930