Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի բան է, երբ միայն քեզ համար ես հուզվում, մի այլ բան, երբ երկուսով ես»

Հոկտեմբեր 28,2016 14:30

Ազգային օպերային թատրոնի մեներգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Գեւորգ Հակոբյանը՝ երաժշտական «ծանրաձողի» մասին:

Ցանկացած աշխատանք կարող է առաջացնել ճողվածք, եթե այն չի համապատասխանում այդ աշխատանքը կատարողի հնարավորություններին: Այսպիսի միտք հայտնեց նորանշանակ վարչապետը՝ նկատի ունենալով ջանքերը, որ պետք են երկիրն այս վիճակից հանելու համար:

Շուրջ տասը տարի է՝ նման «ծանրաձող» է բարձրացնում Ազգային օպերային թատրոնի մեներգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Գեւորգ Հակոբյանը:

gevorg_hakobyan

Գեւորգ Հակոբյան՝ Սկարպիա:

Վերջերս օպերային բարիտոնը հանդես եկավ Սկարպիայի դերերգով՝ Պուչինիի «Տոսկա» օպերայում (ռեժիսոր՝ Նաիրե Ստեփանյան): Դա պրեմիերայի առաջին օրն էր, որտեղ երգչի խաղընկերն էր Սիրանուշ Գասպարյանը՝ Տոսկայի դերերգով:

Վերը շարադրվածի առիթով «Առավոտի» հետ զրույցում արտասահմանյան օպերային թատրոնների ցանկալի հյուր Գեւորգ Հակոբյանը նշեց, թե ինքը իր «ծանրաձողի» ծանրությունը չի զգում, քանի որ դրա մասին մտածելու ժամանակ չունի: «Երեւանյան պրեմիերայից օրեր առաջ դիրիժոր, մեր թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի եւ դաշնակահար Արմեն Բաբախանյանի հետ Վիլնյուսում, տեղի սիմֆոնիկ նվագախմբի ընկերակցությամբ համերգ ունեցանք՝ նվիրված Հայաստանի անկախության 25-ամյակին: Այնտեղից ես մեկնեցի Գերմանիայի Քիլի օպերային թատրոն, հանդես եկա «Տոսկայում»՝ Սկարպիայի դերերգով, ապա հոկտեմբերի 19-ին, ներկայացումից հետո, գիշերը անմիջապես վերադարձա Երեւան, մասնակցեցի փորձերին եւ ամսի 22-ին բեմ բարձրացա մեր թատրոնում»,- իր ստեղծագործական գրաֆիկը սեղմ ներկայացրեց Գեւորգ Հակոբյանը: Հավելեց, որ հոկտեմբերի 26-ին մեկնում է Մարիինյան թատրոն՝ մասնակցելու «Տոսկա» ներկայացմանը, այս անգամ խաղընկերն է Մարիա Գուլեգինան: Ամսի 30-ին էլ վերադառնում է Երեւան, իսկ 2 օր անց բեմ է բարձրանալու Հռոմի օպերային թատրոնում՝ Նաբուկոյի դերերգով՝ Վերդիի համանուն օպերայում: Ընդ որում, բացի Հռոմի թատրոնից, երեք այլ թատրոններում նույնպես:

anna_avagyan

Աննա Այվազյան՝ Տոսկա:

Հարցրինք, թե ինչու, ասենք՝ Նետրեբկոյի օրինակով, ինքը կնոջ՝ հմայիչ սոպրանո Աննա Այվազյանի հետ պրեմիերայի առաջին օրը հանդես չեկավ, այն դեպքում, երբ իր կինը պրեմիերայի երկրորդ օրը երգեց՝ Սկարպիայի դերերգում խաղընկեր ունենալով Դավիթ Բաբայանցին: Արվեստագետը նկատեց, որ Աննա Նետրեբկոյի եւ իր ամուսնու մասնակցությամբ «Մանոն Լեսկոն», որի պրեմիերան կայացավ հոկտեմբերի 22-ին՝ Մեծ թատրոնում, իսկ մեկ օր անց էլ հեռարձակվեց «Կուլտուրա» ալիքով՝ երաժշտագետի մեկնաբանությամբ, գովազդվում էր տարիներ առաջ, իսկ Ազգային օպերային թատրոնում կայացած «Տոսկայից» հետո, որն իսկապես իրադարձություն էր, դեռ ոչ մի լրատվամիջոց չի հանդիպել ոչ մեներգիչների եւ ոչ էլ ստեղծագործական կազմի որեւէ պատասխանատուի հետ: Ինչ վերաբերում է կնոջ հետ բեմ չբարձրանալուն, բարիտոնը կեսկատակ-կեսլուրջ ասաց. «Մի բան է, երբ ինքդ միայն քեզ համար ես հուզվում, մի այլ բան, երբ երկուսս լինեինք բեմում եւ առանձին-առանձին հուզվեինք երկուսիս համար»:

Երգիչը հետո էլ հայտնեց, թե թատրոններում նոր բեմադրության առաջին ներկայացումից՝ մինչեւ 7-ը ներառյալ, համարվում է պրեմիերա, իսկ մեներգիչների օրվա կազմը որոշում է թատրոնի գեղարվեստական ղեկավարը: Հետաքրքրությանը՝ իսկ խանդի գործո՞նը, մանավանդ, «Տոսկայում» կան «անկեղծ» տեսարաններ, Գեւորգ Հակոբյանը պատասխանեց. «Ընդամենը կարող եմ ասել, որ կոնկրետ մեր թատրոնում մեներգիչներս մտերիմ ընկերներ ենք: Չեմ չափազանցնի, եթե ասեմ՝ նույնիսկ բարեկամներ: Ինչ վերաբերում է Աննայի կողմից խանդելուն, ապա վստահ եմ, որ նա նախ դրա ժամանակը չունի, հետո էլ՝ առիթը, մենք արդեն 10 տարի միասին ենք, եւ ոչ միայն բեմում»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31