Լրահոս
Օրվա լրահոսը

«Վերջին երկու տարիներին Հայաստանում էապես խորացել է ավտորիտարիզմը». Լեւոն Բարսեղյան

Նոյեմբեր 02,2016 12:03

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի գնահատմամբ, այն, ինչ տեղի ունեցավ այս տարվա հուլիսին Սարի թաղում եւ Խորենացի փողոցում՝ աննախադեպ էր:

«Ե՛վ բռնությունների թիվն ավելացավ, ե՛ւ հատուկ միջոցներ կիրառվեցին, աբսուրդի թատրոնը հնարավոր չէ գնահատել: Լրագրողների ու օպերատորների տեխնիկայի ջարդելը, օպերատորներին ու լրագրողներին ծեծելը աբսուրդ է»,- այսօր «Մեդիա կենտրոնում» ասաց պարոն Մելիքյանը:

Անդրադառնալով այդ դեպքերից հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ներողությանը, որն ուղղված էր լրագրողներին ու մոռանալու մասին հորդորին՝ պարոն Մելիքյանը նկատեց, որ դրանից հետո ՀՔԾ-ն սկսեց ակտիվություն ցուցաբերել, նույնիսկ նախորդ տարվա «Էլեկտրիկ Երեւանի» ցույցերից սառեցված գործերով 21 տուժած լրագրողների, օպերատորների նկատմամբ բռնություն կիրառած չորս ոստիկանի մեղադրանք առաջադրվեց:

«Ձեւական մոտեցումը, կոծկելու միտումը, քավության նոխազ գտնելը դա է ձեռագիրը, պետք է վերջ տալ անպատժելիության մթնոլորտին, պետք է արդյունավետ գործողություններ ձեռնարկել, ոչ թե միայն ներողություն խնդրել ու հորդորել մոռանալ այդ դեպքերը»,- ասաց պարոն Մելիքյանը:

Գյումրու Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանի խոսքով էլ հանրային ցնցումները, բողոքի տարբեր ցույցերը ռեժիմի իրական պատկերը բացահայտելու հնարավորություններ են. «Այդ դրության մեջ է, որ պարզվում է՝ իշխանությունն ինչ դիրքերում է, փոխե՞լ է իր դիրքը, վերանայե՞լ է դիրքորոշումը, թե՞՝ ոչ: Մինչեւ սահմանադրական հանրաքվեն կարծում էի, որ Հայաստանը լիակատար ավտորիտար չէ: Անցած երկու տարիների դինամիկան՝ քաղաքացիական ազատությունները ու քաղաքական իրավունքները ճնշելու մասով ցույց է տալիս, որ Հայաստանում էապես խորացել է ավտորիտարիզմը: Այդ խորության նոր տեմպը սկիզբ է առել 2013 թվականի սեպտեմբերի երեքով, երբ Սերժիկ Սարգսյանին ստիպեցին մտնել ԵՏՄ, ինչին հաջորդեց քաղբանտարկյալների թվի աճը, բռնությունները եւ այդ համատեքստում չէր էլ կարող լինել լրագրողների նկատմամբ տարբեր վերաբերմունք, նրանց նկատմամբ բռնաճնշումները շատ բնական են»:

Ինչ վերաբերում է Սարի թաղի դեպքերից հետո լրագրողներին ուղղված Սերժ Սարգսյանի ներողությանը՝ պարոն Բարսեղյանը շարունակեց. «Լրագրողներիս անհրաժեշտ է բացահայտում, նորմալ քննություն, պատիժ, էդքան մի բան: Միայն այդ դեպքում նման դեպքերը կվերանան, որովհետեւ հաջորդ անգամ՝ ապօրինի հրաման կատարելուց առաջ, ոստիկանները խորը կմտածեն՝ այն անգամ ասացին՝ ծեծեցինք, դատվեցինք, այս անգամ ոնց ծեծենք»:

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն էլ նկատեց, որ Հայաստանը, լինելով միջազգային կազմակերպությունների անդամ, ձեւականորեն է ստանձնել մի շարք պարտավորություններ. «Այդ մարդիկ, որոնք ստորագրել են այդ պարտավորությունները, որոնք այսօրվա մեր իշխանություններն են, չեն էլ կարդացել՝ ինչ են ստորագրել կամ եթե կարդացել են, քմծիծաղ են տալիս իրենց ստորագրածի վրա: Նրանց հոգեբանությունը լրիվ այլ է: Պատկերացրեք, որ եթե մարդիկ հարստացել են ժողովրդին հարստահարելով, իրենց շրջապատում, պայմանական ասած, հարգանք ունեն, կան մարդիկ, որոնք իրենց թագավոր են ասում, որոնք պատերազմի են մասնակցել ու հիմա պատգամավոր են կամ գեներալ, ու հանկարծ ինչ-որ մի լրագրող իրենց մասին մի բան է գրում, էդ ով դառավ, միջնադարյան այս հոգեբանությունն ամբողջ իշխանությունը կրողն է… մեզ մոտ գործում է ոչ թե չանել, այլ կոծկել սկզբունքը ու ովքեր են դիմադրում այդ սկզբունքին, հենց լրագրողները: Եթե նրանց հոգեբանությունը փոխված լիներ, ապա լրագրողների նկատմամբ բռնություն կիրառողները կպատժվեին, բայց եթե հոգեբանությունը դեռ չի փոխվել, անընդհատ ունենալու ենք զանգվածային աննախադեպ ծեծերն ու ոճիրները ու ոչ միայն լրագրողների նկատմամբ»:

Ըստ իրավապաշտպանի լրագրողներին ուղղված Սերժ Սարգսյանի ներողությունն էլ միջազգային հանրության համար է արվել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930