Լրահոս
Օրվա լրահոսը

Ում հաշվին են իջեցնելու գազի, էլեկտրաէներգիայի սակագինը. Նազարյանը՝ վարչապետի առաջարկի եւ աղբյուրների մասին (Տեսանյութ)

Նոյեմբեր 07,2016 13:52

Այսօր ԱԺ-ում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը լրագրողների հետ զրույցում գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների իջեցման հետ կապված հստակեցրեց, որ նոյեմբերի վերջին կունենան գազի վերջնական սակագնի մասին որոշում, որը կգործի հունվարի 1-ից, իսկ դեկտեմբերի մինչեւ վերջ կունենան էլեկտրաէներգիայի սակագնի մասին որոշումը, որը կգործի փետրվարի 1-ից:

ԱԺ-ում հանձնաժողովի տարեկան գործունեության ծրագիրը ներկայացնելիս Ռոբերտ Նազարյանն ասել էր, որ գազի, էլեկտրաէներգիայի սակագները կիջնեն, եթե գտնեն ֆինանսավորման աղբյուրներ: Այսօր լրագրողները հետաքրքրվեցին՝ աղբյուրները գտնվա՞ծ են: Ռոբերտ Նազարյանը պատասխանեց, որ ֆինանսական 4 աղբյուր է պարզվել. «Բյուջեից չի: Ես մտածում էի, որ դա կարող է լինի գազի սակագնի նվազեցումը սահմանի վրա, այ դա կհանդիսանա: Բայց աղբյուրները 4-ն են: Դրանցից մեկը ՌԴ-ից մինչեւ ՀՀ հասնող տարանցման գնի նվազեցման հաշվին պետք է լինի: Տարանցման սակագնի ժամկետը լրանում է 2017-ի հունվարի 1-ին, դրանից առաջ բանակցություններ են ընթանում «Գազպրոմ էսպորտ» ընկերության եւ Վրաստանի միջեւ, որ սակագները նվազեն: Այդ նվազեցման արդյունքում որքան գումար կմնա, կուղղվի այս խնդրի լուծմանը: Սա՝ մեկ ֆինանսավորման աղբյուր:

Երկրորդը՝ այն արտոնությունները, որ տրվում են բիզնեսին եւ սոցիալապես անապահով խավերին, ենթադրում ենք, որ լրացուցիչ ծավալներ կունենանք սպառման,որի հասույթը նույնպես կլինի ֆինանսավորման աղբյուր:

Երրորդ աղբյուրը «Գազպրոմ Արմենիան» դիտարկում է, որ իրենք նախկինում ունեցել են մեծ ֆինանսական պարտավորություններ, այդ պարտավորությունների մեծ մասն այսօր վերացել են որոշակի օպտիմիզացիայի հաշվին, դրանք նույնպես կուղղեն այս խնդրի լուծմանը:

Եվ 4-րդ աղբյուրը՝ ամենակարեւորը՝ ռուսական «Գազպրոմ» ընկերությունը այս բոլոր աղբյուրների ռիսկը խոստանում է վերցնել իր վրա, եթե չի բավարարի, ինքը կսուբսիդավորի մնացած մասը»:

Aravot.am-ը հարցրեց՝ ԱԺ-ում ընդդիմությունը բազմիցս դիտարկել է այդ հարցը՝ գազի սակագինն իջեցնելու, եւ Դուք, նաեւ իշխանության տարբեր ներկայացուցիչներ ասել եք, որ դա անհնար է, սա ընտրությունների՞ հետ է կապված, ինչպե՞ս եղավ, որ անհնարը դարձավ հնարավոր: Ռոբերտ Նազարյանը պատասխանեց. «Ես քաղաքականության մեջ չեմ, կուսակցական չեմ, ընտրությունների չեմ, ես իմ պրոֆեսիոնալ գործառույթն եմ կատարում: կա «Գազպրոմ Արմենիայի» հստակ հայտը, որտեղ կա բացատրագիր, որոնցով նվազեցնում է սակագինը: Սա է ընդամենը»:

Նա ասաց, որ վարչապետն է առաջարկել քննարկել այդ խնդիրները, արդեն 2 ամսից ավելի է՝ քննարկում են: Մեր հարցին՝ նախկինում Հովիկ Աբրահամյանը չէ՞ր հանձնարարում քննարկել բոլոր հնարավոր տարբերակները՝ նա պատասխանեց, որ տարանցման սակագնի ժամկետը լրանում է հունվարի 1-ին. «Դրանից առաջ հնարավո՞ր էր բանակցություններ վարել: Իհարկե, ոչ»:

Ռոբերտ Նազարյանն ընդգծեց, որ եթե գազի գինը իջեցնեն, չե՞ք ենթադրում, որ մարդիկ կսկսեն ավելի շատ վառել, ովքեր չէին սպառում, հիմա կսկսեն գազ սպառել: Հարցին՝ իսկ որ բարձրացնում էիք սակագինը, չէի՞ք ենթադրում, որ ավելի քիչ կսպառեն՝ Ռոբերտ Նազարյանն ասաց, որ ինքը իր գործառույթները կատարում է այն շրջանակներում, որ կարողանան անհրաժեշտ հասույթ ապահովեն ընկերությունները, որ նրանք ֆինանսական կայունությամբ անվտանգ ծառայություն մատուցեն: Մեր զարմանքին, որ Դուք առաջին հերթին պիտի հանրային շահերը ներկայացնեք, ոչ թե ընկերությունների՝ Ռոբերտ Նազարյանն արձագանքեց. «Միանշանակ, ես նաեւ կոչված եմ սպառողների շահերը պաշտպանել: Հավասարակշռելու եմ, եթե առաջին հերթին նա անեմ, մյուսին վնաս կտամ»:

Թե ինչքան կիջնի էլեկտրաէներգիայի սակագինը՝ Ռոբերտ Նազարյանը չպատասխանեց՝ ասելով, որ 15-20 օր իրեն ժամանակ տանք, մինչեւ ընկերություններից ստանան հայտերը. «Վարչապետն առաջարկել է այս տարի նոր սպառողական խումբ ունենալ՝ սոցիալապես անապահովների խումբը, նրանց սակագինը ավելի շոշափելի ցածր կլինի, քան մյուս սպառողներինը, սա էլ կհաշվենք եւ հանդես կգանք, բոլորիդ տեղյակ կպահենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930