Լրահոս
Օրվա լրահոսը

Պետությունն իսկապե՞ս հավելյալ արժեք ստեղծողի կողքին է

Նոյեմբեր 17,2016 15:30

Հայաստանի Հանրապետության Մայր օրենքի՝ Սահմանադրության 8-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում եւ պաշտպանվում է սեփականության իրավունքը: Հոդված 31-ն էլ ասում է. «Ոչ ոքի չի կարելի զրկել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով՝ օրենքով նախատեսված դեպքերի»:

Հայաստանի տնտեսությանը, ծակծկված եւ ճաքճքված բյուջեին օդուջրի պես ներարկումներ են անհրաժեշտ:

Նման ներարկումների մի քանի ճանապարհ կա: Մի կողմ թողնենք Սահմանադրությանն ու օրենքներին հակասող «1000 դրամների» պարտադիր նվիրատվության ճանապարհը՝ աղոտ հույս փայփայելով, որ սա նախադեպ չի դառնա, եւ ամեն ինչի համար չեն սկսի մտնել աշխատող մարդու գրպանը՝ գանձելով նրա սեփականության՝ աշխատավարձի մի մասը:

Խոսենք ավելի օրինական ուղիների մասին: Առաջինը, որը գալիս է բոլորիս մտքին, ստվերը կրճատելն է: Տարբեր վերլուծաբաններ տարբեր տվյալներ ունեն այն մասին, թե մեր տնտեսության ո՞ր մասն է գտնվում ստվերում: Այդուհանդերձ, այդ թիվը ոչ մեկի մոտ 25%-ից պակաս չէ: Կան նաեւ 30, 35, 40 տոկոս նշողներ: Բայց վերցնենք չարյաց փոքրագույնը եւ ենթադրենք, թե 25%-ն է ստվերում: Ինքնին մեծ թիվ է: Ստվերից հիմնովին ազատվելն անհնար է՝ մեր տնտեսությունը պարզապես կփլվի՝ ամեն ինչ կտրուկ կթանկանա, գործազուրկների բանակը կմեծանա, արտագաղթի նոր ալիք կսկսվի եւ այլն, եւ այլն: Սակայն քայլեր անել՝ ստվերը հնարավորինս նվազեցնելու համար, անհրաժեշտ է: Ընդ որում՝ պետք է սկսել խոշոր բիզնեսից. մանր ու միջին գործարարներին ամբողջովին սպիտակ դաշտ բերելը շատ դեպքերում կնշանակի պարզապես փակել այդ բիզնեսները: Եթե գոնե մի քանի տոկոսով ստվերը կրճատվի, պետական բյուջեի հոսքերը նկատելիորեն կմեծանան:

Այլ հարց, որ բյուջեն կառավարողը՝ ՀՀ կառավարությունը, պարբերաբար ցույց է տալիս այդ աշխատանքը պատվով կատարելու իր անկարողությունը: Վերցնենք հենց ՊԵԿ Դիլիջանի ուսումնական կենտրոնը: Միլիոնավոր դոլարներ բյուջեից ուղղվեցին անհասկանալի մի հիմնարկի կառուցման վրա, որի ձեռքը հիմա արդեն կրակն են ընկել: Սակայն վերադառնանք ստվերի դեմ պայքարին: Ստվերի կրճատման ուղղությամբ առայժմ դժվար է նշել նկատելի ձեռքբերումներ. պարբերաբար հարկային մարմինները կամ ֆիննախը հաղորդագրություններ են պատրաստում այն մասին, որ մի քանի տնտեսվարողներ տուգանվել են մի քանի միլիոն կամ մի քանի հարյուր հազար դրամով՝ չգրանցված աշխատողներ պահելու, ՀԴՄ կտրոններ չտրամադրելու եւ այլ զանցանքների համար: Թե դա որքանո՞վ կարող է նպաստել բյուջեի ճեղքերը փակելուն՝ դժվար է ասել: Պետական բյուջեն աննպատակ մսխողները՝ մի քանի միլիոն դրամով ինքնաթիռի տոմս գնողները, տարբեր «ատկատների» միջոցով միլիոն դիզողները եւ այլք առայժմ, կարծես թե, հանգիստ վայելում են «բյուջե» կարկանդակից պոկած իրենց կտորները: Երբ լինեն թեկուզ մեկ-երկու աղմկահարույց գործեր՝ բյուջեի մսխման համար պատասխանատվության ենթարկվելու վերաբերյալ, հավանաբար կարելի կլինի հուսալ, որ հաջորդները գոնե մի քանի րոպե կերկմտեն ձեռքը պետության գրպանը մտցնելուց առաջ:
Բյուջեն լցնելու մեկ այլ՝ պակաս ցավոտ եւ առավել նկատելի տարբերակ է ներդրումների խրախուսումը: Ընդ որում՝ ներդրողները պետք է լինեն ոչ միայն դրսից, այլեւ ներսից: Գումար ունեցող մարդիկ պետք է խրախուսվեն, նախընտրեն իրենց գումարները որեւէ գործի մեջ դնել հե՛նց Հայաստանում եւ ոչ թե այլ տեղ:

Ներդրումային միջավայրը լավացնելու համար կառավարության նախաձեռնությունը՝ էկոնոմիկայի նախարարության անվանման մեջ «ներդրումներ» բառը մտցնելը, շատ քիչ է: Ավելի լուրջ եւ կարեւոր քայլեր են պետք: Պոտենցիալ ներդնողը պետք է Հայաստանի տնտեսական միջավայրում իրեն ապահով եւ պաշտպանված զգա, ընդ որում՝ ՀՀ իշխանություններն այդ երաշխիքները պետք է տան գործով եւ ոչ թե խոսքերով: Այնինչ վերջին շրջանում իշխանությունն ինքն է ընդդիմության «հացը կտրել»՝ պոպուլիստական հայտարարություններ եւ քայլեր անելով:

Անշուշտ, 30% աղքատություն ունեցող երկրում բնական է, որ հարուստ լինելը, բիզնեսմեն լինելը գրեթե հայհոյանքի պես է հնչում: Եվ ընդդիմությունը, անգամ լիբերալ արժեքներ իբր կրող ընդդիմադիր ուժերը իրենց ձախակողմյան պոպուլիստական բառամթերքով ավելի են խորացնում հասարակության մեջ այդ մտայնությունը: Սակայն իշխանությունն էլ, փոխանակ կանգնի տնտեսության շարժիչ ուժի՝ գործարարների, ինչպես ներկայիս վարչապետն է սիրում ասել՝ «հավելյալ արժեք ստեղծողների» կողքը եւ ամեն բան անի նրանց սեփականությունը պաշտպանելու համար, մրցում է ընդդիմության հետ ամբոխահաճության ոլորտում: Ի՞նչ անուն կարելի է տալ բազմաբնակարան շենքերում տեղակայված գիշերային ակումբները փակելու մասին հրահանգին: Եթե դու, իշխանություն, այդ մարդկանց՝ ակումբների տերերին արդեն իսկ օրինական իրավունք ես տվել բիզնես ծավալելու, գումար աշխատելու եւ այդ գումարից բյուջեին փողեր հատկացնելու, ի՞նչ հիմքով ես հիմա նրանց ասում՝ դո՛ւրս այստեղից: Եթե նրանք աշխատում են օրինական դաշտում, ոչ մի հակաիրավական արարքներ թույլ չեն տալիս՝ նրանց բիզնեսին «կպնելը» (թեկուզեւ «բարոյախոսական» հիմնավորումներով) ոչ միայն կոնկրետ բիզնեսմենին հարվածել է նշանակում, այլեւ պոտենցիալ ներդնողներին զգուշացում՝ ստոպ, այստեղ բիզնես-միջավայրը խախուտ է:

Սակայն ինչո՞ւ միայն գիշերային ակումբները: Հասարակության կողմից սարսափելի չսիրված «արագաչափերի» եւ «կարմիր գծերի» ոլորտին անդրադառնանք: Մի կողմ թողնենք ժողովրդական բանահյուսությունն այն մասին, թե ում են պատկանում այդ բիզնեսները, մանավանդ, որ բացի «հավատո՞ւմ եք, որ Հայաստանում կարող է միլիարդներ աշխատել Սերժ Սարգսյանի շրջապատից դուրս մարդը» «հիմնավորումից»՝ որեւէ այլ, փաստացի ապացույց այդ ենթադրությունների վերաբերյալ այս 4-5 տարիների ընթացքում այդպես էլ չի հնչել: Պետությունը բիզնեսմենին հրավիրում է աշխատելու այդ ոլորտում, հետը պայմանագիր է կնքում, բիզնեսմենը սեփական միջոցներով ամբողջ համակարգ է ներդնում, բնականաբար, ոչ պետության կամ հասարակության սիրուն աչքերի համար, այլ սեփական շահույթի: Եվ ահա, խնդրեմ, գալիս է նախընտրական շրջանը, եւ պետությունը հայտարարում է՝ կներես, հերիք է ինչքան աշխատեցիր, ժամանակն է բիզնեսդ ինձ տաս: Եվ թքած, որ պայմանագիրը կնքված է շատ ավելի երկար ժամանակի համար: Կարեւորը՝ հասարակությունն իրեն մի քանի օրով լավ զգաց: Հա, իհարկե, հետո արդեն հասկացավ՝ վայ, բայց ինձ ի՞նչ, թե ո՞ւր են գնում էդ փողերը, ինձ պետք է, որ ինձնից տուգանք չպահանջեն խախտումներիս համար եւ քաղաքում էլ որտեղ ուզեմ՝ կայանեմ առանց կոպեկ տալու:

Իսկ հիմա պատկերացրեք, որ որեւէ այլ առիթով պետությունը մրցույթ հայտարարի, հրավիրի որեւէ ընկերության այս կամ այն ոլորտը կառավարելու, ներդրումներ անելու, համակարգ ներդնելու համար: Ես չեմ՝ դուք եք, կգնա՞ք, ձեր գումարները կներդնե՞ք այն պետության տնտեսության մեջ, որն այսպես անսպասելիորեն կարող է մի օր կանգնել եւ հայտարարել, որ վաղվանից այդ բիզնեսից ստացված գումարները մտնելու են պետբյուջե եւ ոչ թե այդ բիզնեսն իրականացնող ընկերության գրպանը: Եթե այսքան աղմկահարույց, այսքան «համբավավոր» բիզնեսներն են կարողանում այսպես արագ «ազգայնացնել», ավելի մանր-մունր եւ ոչ հայտնի բիզնեսների հետ ի՞նչ կանեն: Վարչապետի ականջը կանչի՝ «բիզնես խլելն» էլ ո՞նց է լինում:

 
ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

«Առավոտ»

16.11.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930