Լրահոս
Օրվա լրահոսը

«Ներկայում հիմնական խնդիրը որակի ապահովումն է կրթության բոլոր աստիճաններում». Լևոն Մկրտչյան

Նոյեմբեր 19,2016 16:41

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Յան Վապավուորիի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին` նախարար Լևոն Մկրտչյանը  բարձր է գնահատել  կրթության ոլորտում ԵՆԲ-ի հետ համագործակցությունը: «Մեզ համար կարևոր է յուրաքանչյուր աշակերտի  որակյալ կրթությունն ապահովող ցանկացած նախաձեռնություն` ուղղված ուսումնական հաստատությունների արդիականացմանը, դպրոցների ժամանակակից լաբորատորիաներով հագեցմանը, ինչպես նաև` շենքային պայմանների բարելավմանը»,-նշել է Լևոն Մկրտչյանը: Այդ համատեքստում նախարարը կարևորել է Եվրոպական ներդրումային  բանկի կողմից մեր երկրում իրականացվող դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիրը:

Հյուրերի խնդրանքով ներկայացնելով կրթության համակարգում իրականացվող բարեփոխումների առաջնահերթությունները` նախարարը շեշտել է, որ ներկայում  հիմնական խնդիրը որակի ապահովումն է կրթության բոլոր աստիճաններում`  հանրակրթության, միջին մասնագիտական և բարձրագույն: Լևոն Մկրտչյանի խոսքով` Բոլոնիայի գործընթացին  անդամակցող Հայաստանի կրթական համակարգի կառույցն ամբողջությամբ համապատասխանեցվել է եվրոպական չափանիշներին, այժմ ժամանակն է լուծումներ գտնել  բովանդակային խնդիրների կարգավորման համար: ԿԳ նախարարը պատրաստակամություն է հայտնել ԵՆԲ-ի հետ համագործակցության ծրագրեր իրականացնել կրթության ոլորտի տարբեր ուղղություններով:

Յան Վապավուրին իր գոհունակությունն է հայտնել  ԵՆԲ-ի  կողմից Հայաստանի կրթության ոլորտում իրականացվող ծրագրերի  վերաբերյալ: Նա նշել է, որ ԵՆԲ-ն բավարարված է արդեն հաստատված ծրագրերի իրականացման որակով:  Յան Վապավուրիի խոսքով, համատեղ արդյունավետ փորձն  ամուր հիմք է ստեղծում հետագա համագործակցությունը շարունակելու համար և խնդրել է ներկայացնել հետագա համագործակցության առաջնահերթությունները:

Հանդիպման ընթացքում Լևոն Մկրտչյանը և Յան Վապավուրին քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

ՀՀ ԿԳ նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930