Լրահոս
Օրվա լրահոսը

Գոյություն չունեցող անձը վկա է. «Սասնա ծռեր» քաղխորհրդի անդամ Արմեն Միքայելյանին կարդարացնե՞ն

Նոյեմբեր 23,2016 18:08

Անձնագրերի եւ վիզաների վարչությունը գրություն է ուղարկել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան այն մասին, որ Հարություն Գասպարյան անուն-ազգանունով անձ գոյություն չունի: Հարություն Գասպարյանը ընթերակա է ճանաչվել «Սասնա ծռեր» քաղաքական խորհրդի անդամ Արմեն Միքայելյանի անձնական խուզարկության ժամանակ եւ, ըստ ոստիկանության, նրա մոտից հայտնաբերվել է ինքնաշեն ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով:

Հիշեցնենք, Արմեն Միքայելյանին բերման էին ենթարկել հուլիսի 27-ին, Խորենացի փողոցում կայացած ցույցից հետո: Հիմնադիր խորհրդարանի անդամ Արմեն Միքայելյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, բայց քանի դեռ ցուցմունք չի տվել, դեպքի մանրամասների մասին չի ցանկանում խոսել: «Չեմ ընդունել, չեմ ընդունում եւ չեմ ընդունի, որովհետեւ դա իրականության հետ կապ չունի»,- ավելի վաղ ասել էր Արմեն Միքայելյանը:

Հարություն Գասպարյանի մասին Անձնագրերի եւ վիզաների վարչության դատարան ուղարկած գրությունը նշանակում է, որ անձնական խուզարկության մասին արձանագրությունը որպես ապացույց օգտագործվել չի կարող: Դա էլ իր հերթին տարբերակներ է ենթադրում, ընդհուպ մինչեւ մեղադրանքից հրաժարվել կամ արդարացման դատավճիռ կայացնելը:

Այսօր կայացած դատական նիստում հարցը բավական քննարկումների տեղիք տվեց: Դատախազ Հակոբ Ենոքյանը միջնորդեց անձնական խուզարկությունը կատարած եւ այդ մասին արձանագրություն կազմած անձից պարզաբանում պահանջել`դատարանի համապատասխան գրությամբ:

Պաշտպան Երվանդ Վարոսյանը առարկեց: Նրա պնդմամբ, Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն, նման հարցում կատարելու կարգ, ձեւ, հիմքեր նախատեսված չեն:

Դատավոր Ռոբերտ Պապոյանը մերժեց միջնորդությունը,  նաեւ գործով մյուս վկայի`Վարդգես Մովսիսյանի նկատմամբ բերման ենթարկելու որոշում կայացրեց: Հենց Վարդգես Մովսիսյանի ցուցմունքն է դրվել մեղադրական եզրակացության հիմքում: Եվ նրա`դատարան չներկայանալու պատճառով նիստն արդեն հինգերորդ անգամն է հետաձգվում:

«Արմեն Միքայելյանին առաջադրված մեղադրանքը հոգեվարքի մեջ է եւ ներկա պահին ընթանում են վերակենդանացման աշխատանքներ»,- հայտարարեց պաշտպան Երվանդ Վարոսյանը:

Հաջորդ նիստը տեղի կունենա դեկտեմբերի 7-ին:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930