Լրահոս
Օրվա լրահոսը

Ասիական զարգացման բանկի ներկայացուցչի հետ քննարկվել են գինեգործության և խաղողագործության ոլորտի զարգացման հեռանկարները

Դեկտեմբեր 09,2016 11:33

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն նախօրեին ընդունել է  Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենտալին: Հանդիպման նպատակն էր քննարկել  ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ  ԱԶԲ-ի կողմից իրականացվող  գինեգործության և խաղողագործության ոլորտի վերլուծության նախնական արդյունքները:

Վերլուծությունն ուղղված է բացահայտելու առկա հիմնախնդիրները, ուսումնասիրելու  դրանց լուծումներ տալու ինստիտուցիոնալ ձևաչափերը, ինչպես նաև պարզելու հայկական արտադրանքի արտահանմանն օժանդակելու հնարավոր գործիքները:

Հանդիպման ընթացքում նախարարի կողմից բարձրացվել են մի շարք առանցքային հարցեր` մասնավորապես խաղողի այգիների կադաստրի ստեղծման խնդիրը: Անդրադարձ է կատարվել նաև պետության կողմից խաղողագործական արտադրանքի համար նվազագույն գների սահմանման, խաղողագործության ոլորտում ֆիլոքսերիայի դեմ պայքարի միջոցառումների, ֆիլոքսերակայուն սորտերի մշակման, աշխարհագրական անվանումների համակարգի ներդրման հարցերին:

Կողմերը կարևորել են  հայկական գինեգործական արտադրանքի բրենդավորման և արտահանմանը միտված քաղաքականության արդյունավետ կազմակերպման հարցերը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել  ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից գինեգործության ոլորտում ներգրավված կազմակերպությունների հետ համատեղ գործողությունների ծրագիր մշակելու վերաբերյալ, ինչպես նաև քննարկվել է հետագայում ԱԶԲ-ի կողմից այդ աշխատանքների ֆինանսավորման հնարավորությունը:

Իգնատի Առաքելյանը և Շեյն Ռոզենտալը համակարծիք էին, որ խաղողագործության ոլորտում խնդիրների հաղթահարման և ճյուղի կայուն զարգացման համար անհրաժեշտ է ապահովել պետության և մասնավոր հատվածի սերտ համագործակցությունը:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031