Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի մարմնամարզիկների համար 2016-ը շատ լավ տարի էր, չհաշված օլիմպիական խաղերը

Դեկտեմբեր 12,2016 18:12 Share

Սպորտային մարմնամարզության Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը եւ Ռիոյի օլիմպիական խաղերի մասնակիցներ Հարություն Մերդինյանն ու Արթուր Դավթյանն այսօր ամփոփեցին մրցաշրջան 2016-ը:

«Այս տարին մեր հավաքականի համար շատ հաջող էր, չհաշված օլիմպիական խաղերը: Այս տարի մեր մասնակցությամբ բոլոր միջազգային պաշտոնական առաջնություններում մեր մարմնամարզիկները մեդալ են նվաճել: Տարին սկսվեց աշխարհի գավաթի առաջնությունով, որտեղ Հարություն Մերդինյանը հերթական անգամ դարձավ աշխարհի գավաթակիր, իսկ մյուս բոլոր տղաները մեդալներ նվաճեցին:

Այնուհետեւ, Եվրոպայի առաջնությունն էր, որն սպասվածից անհամեմատ հաջող ստացվեց. Հարություն Մերդինյանը հռչակվեց չեմպիոն, Արթուր Դավթյանը՝ փոխչեմպիոն: Մենք երկու մեդալ էինք սպասում, բայց չորսը եղավ: Մեդալակիր ունեցել ենք նաեւ միջազգային մրցումներում: Ըստ արդյունքների, օլիմպիական խաղերում մեդալի ակնկալիք ունեինք՝ չէինք գնում ուղղակի մասնակցելու: Ճիշտ է, Մերդինյանի եզրափակիչ մտնելը շատ մեծ հաջողություն էր, բայց այնտեղ վարժությունը մինչեւ վերջ չկատարեց: Մինչեւ այսօր վերլուծում ենք, թե ինչի համար այդպես եղավ: Սխալը մերն էր եւ հուսով եմ՝ դասեր կքաղենք, որպեսզի սխալներն այլեւս չկրկնվեն», – ասաց գլխավոր մարզիչը:

Հարություն Մերդինյանն ու Արթուր Դավթյանը նույնպես գոհ են անցնող տարուց: Բայց Մերդինյանը մեկնաբանություն չուներ, թե ինչպես պատահեց, որ եզրափակչում վարժության վերջին տարրը մինչեւ վերջ հստակ չկատարեց, իսկ Դավթյանը՝ թե ինչու ձախողվեց երկրորդ ցատկը: Սա է սպորտը իր բոլոր անբացատրելի անակնկալներով: Իսկ բացատրությունը, թերեւս, հոգեբանական վիճակն է, ներքին լարվածությունը ու նաեւ այն, որ մեր երկու մարզիկներն էլ վճռորոշ վարժությունների կատարման ժամանակ որոշակի վնասվածքներ ունեին:

Այդուհանդերձ, թե գլխավոր մարզիչը, թե մարզիկները մարտական ոգին չեն կորցրել ու նպատակադրվել են հաջորդ եւ մյուս տարիներին կրկնել իրենց լավագույն ցուցանիշները, ինչու չէ, նաեւ զարգացնել: Առավել եւս, որ ֆեդերացիային պետական աջակցությունն ավելացվել է 20 միլիոն դրամով, ինչն արդեն ավելի շատ հավաքներ կազմակերպելու եւ միջազգային մրցաշարերի մասնակցելու հնարավորություն է տալիս: Մնում է, որպեսզի լուծվի նաեւ ժամանակակից պահանջներին համապատասխանող գույք ձեռք բերելու խնդիրը:

Չնայած Ռիոյից հետո խոսակցություններ էին պտտվում, որ Հարություն Մերդինյանն ավարտելու է մարզական կարիերան, նա  Հակոբ Սերոբյանի եւ ֆեդերացիայի ղեկավարության հետ միասին եկել է այն եզրակացության, որ մնում է մեծ սպորտում ու նոր մեդալներ է նվաճելու իր եւ Հայաստանի համար, որ նախապատրաստվելու է հաջորդ օլիմպիական խաղերին ու ամեն բան անելու է, որպեսզի Տոկիոյում օլիմպիական մեդալ նվաճի:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031