Լրահոս
Օրվա լրահոսը

Բանկի աշխատակիցը Աղվան Հովսեփյանի, Արագած Ախոյանի անուններն է տվել. Ձայնագրություններ

Դեկտեմբեր 12,2016 19:45

Արդեն 12 օր կառավարության շենքի դիմաց հացադուլ իրականացնող ազատամարտիկ Սարգիս Ղազարյանն այսօր հրապարակեց իր խոստացած ձայնագրությունները:

Հիշեցնենք, որ ազատամարտիկը պնդում է, որ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն իրեն հանիրավի դատապարտել է տուգանքի՝ 300 000 ՀՀ դրամի չափով: Մինչդեռ, ազատամարտիկի եւ «Արցախբանկի» նախկին աշխատակից Անուշ Շահրամանյանի միջեւ նոտարական վավերացմամբ կնքվել է փոխառության պայմանագիր, կա ստացական, որ ազատամարտիկն է գումարներ տվել նրան, սակայն երբ մայր գումարը պահանջել է, իր նկատմամբ քրեական գործ են հարուցել վաշխառության համար: Ինքը որեւէ մեկին պարտք չէ, այլ պարտք է բանկի նախկին աշխատակիցը՝ մինչեւ 54 000 դոլարին համարժեք ՀՀ դրամ գումար: Ազատամարտիկն ավելի վաղ նաեւ հայտարարել էր, որ այդ կնոջ զոհերը բազմաթիվ են, որ այդ գործում խառնված են բարձրաստիճան անձինք:

Սարգիս Ղազարյանի այսօր հրապարակած ձայնագրություններում հնչում են բարձրաստիճան պաշտոնյաների` ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանի և Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի անունները:
Ազատամարտիկը ձայնագրել է «Արցախբանկի» նախկին աշխատակից Անուշիկ Շահրամանյանին, որը պնդում է, որ նույն բանկի մեկ այլ աշխատակից` Աշոտ Մալխասյանը, որը, ըստ ազատամարտիկի, «Արցախբանկի» մասնաճյուղերից մեկի կառավարիչն է, վիճահարույց գումարները տվել է պատգամավոր Արագած Ախոյանին, որը շենք է կառուցել, որի բնակարանները որոշ ժամանակ անց շահագործման են հանձնվելու:

«Ես հեռախոսով խոսել եմ Աշոտի հետ, ինքը ինձ պայմանագիր է ցույց տվել Աղվան Հովսեփյանի ու Արագած Ախոյանի միջեւ, որ այդ 18 բնակարանը Աղվան Հովսեփյանն է առնում, գումարները տալու է»,- մեջբերում ենք ազատամարտիկի ներկայացրած ձայնագրությունից, որում Անուշիկ Շահրամանյանն է զրուցում ազատամարտիկի հետ:

Ազատամարտիկը Aravot.am-ին պատմեց, որ Անուշիկ Շահրամանյանն իրեն ասել է, թե իրենից վերցրած գումարները տվել է Աշոտ Մալխասյանին, վերջինս էլ տվել է Արագած Ախոյանին. «Այն գումարները, որ տվել եմ Անուշիկ Շահրամանյանին, նա բազմաթիվ անգամ ասել է, թե Սաքո, իմացիր, որ քո գումարները Աշոտի մոտ են: Աշոտը Անուշիկ Շահրամանյանից թույլտվություն չի հարցրել` ուրիշին տա, թե չտա: Հետո ասաց, որ Արագոյի գործերը թարսվել են, տվել է Արագին`իմանալով, որ մի 15 օրից Արագը այդ գումարները վերադարձնելու: Իրենց ասելով, Արագած Ախոյանի սարքած էլիտար շենքից էլ Աղվան Հովսեփյանը 18 բնակարան է գնում, սարքեն վերջացնեն, ես ինչ իմանամ` ինչ կապ ունի Աղվան Հովսեփյանը»:

Պարոն Ղազարյանը նաեւ բացատրեց` ինչու է ձայնագրել Շահրամանյանին: Ըստ նրա, ինքը հանդիպել է նաեւ Աշոտ Մալխասյանի հետ, վերջինս սկսել է իրեն վախեցնել. «Բա գիտես իմ ընկերն ով է, հարցրի` ով է, բա Արագոն, հարցրի` Արագոն ով է, բա թե չգիտես` մեր պատգամավորն է, բոլորը վախենում են նրանից, ասացի` չեմ ճանաչում, հետո ասաց` բա գիտես Արագածն ում ընկերն է, բա Գառնիկիչի, հարցրի Գառնիկիչն ով է, ասաց մի քիչ կամաց, ախպեր, Աղվան Գառնիկիչին չես ճանաչում, ասացի` չէ, բա թե Հովսեփյան Աղվանին չգիտես, ասացի` գիտեմ, բա դե իմացի Արագոն ում ընկերն է: Ու ինձ ասում է` Արագած Ախոյանը տալիս է Անուշիկ Շահրամանյանի պատվերը, ես չեմ թողել»:

Ազատամարտիկի ձայնագրություններն այս տեսանյութում

Արագած Ախոյանի պարզաբանումն` ավելի ուշ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031