Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզական ծրագրերում ներգրավված ուսանողների թիվն աճել է

Դեկտեմբեր 20,2016 15:06

«Ե՛վ մարզական ծրագրերով հետաքրքրվող ուսանողների թիվը, և՛ ուսանողների շրջանում անցկացվող մարզական միջոցառումների թիվն աճել է»,-լրագրողների հետ հանդիպմանն ամփոփելով 2016-ին այս ոլորտում իրականացված ծրագրերը՝ տեղեկացրեց Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Ծրագրերի իրականացման ծառայության ղեկավար Արուսյակ Պողոսյանը:

Նա փաստեց, որ հիմնադրամի գործունեության մեջ առանձնացված է առողջ ապրելակերպի ոլորտը, քանի որ կարևորվում է երիտասարդների և ուսանողների առողջ կենսակերպը, երիտասարդների առողջական վիճակի բարելավման ուղղված ծրագրերը. «Հիմնադրամը խրախուսում է ուսանողների շրջանում կազմակերպվող միջբուհական և ներբուհական մարզական ծրագրերը, քարոզչական աշխատանքը՝ սպորտով ավելի ակտիվ զբաղվելուն ուղղված: Այդ նպատակով համագործակցում ենք նաև մասնագիտական ՀԿ-ների հետ»: Արուսյակ Պողոսյանը շեշտեց, որ մարզական ծրագրեր իրականացվում են ոչ միայն Երևանում, այլև մարզերում. «Հիմնադրամի մարզային կենտրոնները տարվա ընթացքում պարբերաբար նման ծրագրեր են իրականացնում: Մեր մարզային բանկում ունենք 5000 կամավոր, որոնք տարվա ընթացքում մասնակցում են բոլոր տեսակի սպորտային և քարոզչական ծրագրերի: Համոզված ենք, որ որքան առողջ է երիտասարդը, այնքան նրա գործունեությունն այլ ոլորտներում արդյունավետ է»:

Արուսյակ Պողոսյանը վստահեցրեց, որ այժմ ուսանողներն ավելի ակտիվ են առողջ ապրելակերպի ոլորտում, քան, օրինակ, 5 տարի առաջ ու փաստեց. «Եթե նախկինում խնդիրներ էինք ունենում որևէ բուհում ունենալ ջոկատ, որը կմասնակցի սպորտային ծրագրի, ապա հիմա միջբուհական մարզական ծրագրերի առաջարկներն ավելին են: Բուհերն ունեն հստակ ձևավորված ջոկատներ, ճանաչում են իրենց սպորտային ուսանողներին»:

ՀՀ ուսանողական ֆեդերացիայի նախագահության անդամ, գլխավոր քարտուղար Հովհաննես Գաբրիելյանը տեղեկացրեց, որ տարվա ընթացքում շուրջ 5000 ուսանողներ ներգրավված են եղել սպորտային տարբեր միջոցառումների: Անդրադառնալով ֆեդերացիայի գործունեությանը՝ պարոն Գաբրիելյանը նշեց. «Մարզական ֆեդերացիան ակտիվ գործունեություն է ծավալում 1994-ից՝ ուղղված առողջ ապրելակերպին, ուսանողական սպորտին, մասնակցում տարբեր միջազգային ծրագրերի: Համագործակցում է ԿԳՆ-ի, 2015-ից նաև ՀԵՀ-ի հետ»: Հովհաննես Գաբրիելյանը, ամփոփելով 2016-ը, նշեց, որ տարվա ընթացքում անցկացվել է երկու խոշոր մարզական ուսանողական ծրագիր՝ 17-րդ հանրապետական ուսանողական խաղերը և ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված «Ուսանողական գավաթ» միջբուհական մարզական խաղերը. «Հանրապետական ուսանողական խաղերը կազմակերպվել են ՀՀ ԿԳՆ-ի և ՀԵՀ-ի հետ համատեղ, որի ընթացքում 9 մարզաձևերի 16 մրցաշարերին մասնակցել են շուրջ 2000 ուսանող-մարզիկներ: ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված «Ուսանողական գավաթ» միջբուհական մարզական խաղերն իրականացվել են ՀՀԿ ԵԿ-ի հետ համագործակցությամբ, որոնք անցկացվել են 4 խաղային ձևերում»:
Հովհաննես Գաբրիելյանը տեղեկացրեց, որ հունվարին հիմնադրամի աջակցությամբ և ԿԳՆ-ի հետ համագործակցությամբ արդեն 4-րդ անգամ Ծաղկաձորում կպարգևատրվեն լավագույն ուսանող մարզիկները:

2017-ին Հայաստանի ուսանող-մարզիկները կմասնակցեն
միջազգային ամառային ունիվերսիադային: Անդրադառնալով միջազգային համագործակցությանը 2016-ին՝ Հովհաննես Գաբրիելյանը տեղեկացրեց, որ հայ մարզիկները մասնակցել են շախմատի աշխարհի ուսանողական առաջնությանը,կարատեի ուսանողական միջազգային առաջնությանը, եվրոպական համալսարանական խաղերին և այլն: Հայաստանն առաջին անգամ հյուրընկալել է ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի խաղարկությունը` ՀՊՏՀ-ի ֆուտզալի թիմի հաղթանակի շնորհիվ:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031