Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիևը խոստովանել է. պարադոքս Հայաստանի դիտանկյունից. «Ժամանակ»

Հունվար 11,2017 10:47

Ադրբեջանի նախագահ Ւլհամ Ալիևը հայտարարել է, որ 2016 թվականին Ադրբեջանի ՀՆԱ-ն կրճատվել է նավթի գնի անկման հետևանքով: Այս իրողությունը պատկերացնելու համար, իհարկե, Ալիևի հայտարարությանը սպասել պետք չէր, քանի որ ինքնին պարզ է՝ նավթագազային դոլարների վրա հենված Ադրբեջանի համար նավթի գնանկումը պետք է բերեր այդպիսի կորստի: Ալիևը, ընդամենը, ստիպված է արձանագրել իրականությունը: Իրականություն, որը Երևանում, օրինակ, պետք է արձանագրել ոգևորությամբ, նկատի ունենալով այն, որ Ադրբեջանը հենց նավթագազային ռեսուրսների շնորհիվ է կարողացել մի կողմից միլիարդների սպառազինություն կուտակել և ռազմական դիվանագիտությունը, ասել է թե ռազմական շանտաժի քաղաքականությունը առաջ տանել՝ հասցնելով Ապրիլյան պատերազմի, մյուս կողմից առաջ տանել խավիարային դիվանագիտությունը, որը ևս, պետք է խոստովանել, որ անպտուղ չի անցել:

Վերջիվերջո հարկ է հիշել, որ Ապրիլյան պատերազմին նախորդել էր Սարսանգի ջրամբարի վերաբերյալ ԵԽԽՎ զեկույցը, որը ըստ էության հանդիսացավ Ալիևի ապրիլյան ագրեսիայի դե ֆակտո փաստաթղթային «ուղեցույցը»: Իսկ ԵԽԽՎ-ն այն կառույցն է, որտեղ ադրբեջանական խավիարային դիվանագիտությունն առավելագույնս է ծաղկել: Սա իհարկե չի նշանակում, որ Հայաստանն իր հերթին արել է հնարավորն ու անհնարը, և միայն նավթի ու գազի շնորհիվ է, որ Ադրբեջանը հնարավոր է դարձրել իր համար ինչ-ինչ բաներ: Իրականում Ադրբեջանի նավթագազային առավելությունը «բացարձակ» չէ և Հայաստանը չնայած այդպիսի ռեսուրսների բացակայությանը, ուներ և ունի իր ռեսուրսները, որոնք ոչ միայն պակաս չեն նավթից ու գազից, այլ ժամանակակից աշխարհի ներկայիս զարգացումների տրամաբանության մեջ նույնիսկ ավելին են:

Հայաստանն ունի մարդկային, տեխնոլոգիական, քաղաքակրթական ահռելի ռեսուրս, որի զարգացման համար պետք է ժողովրդավարություն, պետք է ազատականություն, որի զարգացման համար պետք է օրենքի և իրավունքի միջավայր, ազատ մրցակցություն և անկախ արդարադատություն, կոռուպցիայից զերծ կառավարում: Բաներ, որոնք գետնի տակից չէ, որ պետք է դուրս բերել և չկան, այլ բաներ, որոնք պետք է լինեն մարդկային մտքի և կամքի արգասիք: Դրա շնորհիվ Հայաստանը ոչ միայն կարող էր համարժեք կերպով հակազդել Ադրբեջանի նավթին ու գազին, այլ պարզապես Ադրբեջանը կունենար Հայաստանի հետևից հասնելու կարիք: Սակայն այդ ռեսուրսով հարուստ Հայաստանում իշխանությունը վարել և վարում է մի քաղաքականություն, որը այդ ռեսուրսը պարզապես վերածում է մսխվող ժամանակի, աճող արտագաղթի, փոխարենը՝ այդպիսի ռեսուրսով հարուստ Հայաստանը ընկնում է նավթագազային այն կախվածության մեջ, ինչի մեջ է Ադրբեջանը:

 

Արամ Ամատունի

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031