Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Սահակյան. «Նույնիսկ հին օրենսգրքով ընդդիմությունը բավարար գործիքներ ուներ ապահովելու ընտրությունների լիարժեք վերահսկողությունը». «Հայոց Աշխարհ»

Հունվար 12,2017 12:23

Ընտրությունները քթի տակ են, բայց քաղաքական ուժերը ոչ մի կերպ չեն կարողանում լեզու գտնել իրար հետ՝ համաձայնության գալ եթե ոչ լայն, ապա գոնե «լոկալ» համախմբման շատ թե քիչ խոստումնալից ձեւաչափեր կազմելու հարցում։ Բոլորը բոլորի հետ բանակցում են, «Համախմբում» կուսակցությունը նույնիսկ բանակցողների հատուկ խումբ է ստեղծել, բայց սայլը տեղից չի շարժվում։
Ի՞նչն է խնդիրը՝ ինչո՞վ է պայմանավորված ընտրական սեզոնի պաշտոնական մեկնարկի շեմին ընդդիմադիր դաշտում ստեղծված աննախադեպ անորոշ իրավիճակը։ Մեր հարցերին պատասխանում է ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆԸ։

-Հայտնի է, որ Սփյուռքի մեր որոշ հայրենակիցներ ցանկանում են որպես դիտորդ հետեւել ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների ընթացքին։ Սա կարո՞ղ է բարձրացնել հանրության վստահությունն ընտրությունների արդյունքների նկատմամբ։

-Չէի ուզենա հարցը քննարկել Հայաստան-Սփյուռք հարթության վրա, առավել եւս՝ տարանջատել Հայաստանը Սփյուռքից։ Միշտ էլ միջազգային տարբեր դիտորդական կազմակերպություններ եկել եւ վերահսկել են մեր ընտրությունների ընթացքը, տեղական դիտորդների պակաս նույնպես երբեք չի զգացվել։
Չեմ կարծում, թե այստեղի ընդդիմադիր գործիչները կամ դիտորդական կազմակերպությունները պակաս ազնիվ են եւ պակաս հետեւողական` ընտրական գործընթացը վերահսկելու հարցում։ Ավելին՝ ապրելով երկրի «դարդուցավով», ավելի լավատեղյակ են ընտրական գործընթացի նրբություններին եւ շատ ավելի բովանդակային, պրոֆեսիոնալ վերահսկողություն կարող են իրականացնել։

Հիմա, եթե Արսինե Խանջյանը, Սերժ Թանկյանը, մյուսները որոշել են իրենց լուման ներդնել այդ գործում, խնդիր չեմ տեսնում. բարով գան՝ Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է։ Գուցե դա շարժառիթ կլինի նրանց համար, մոտիկից հետեւելով ընտրական գործընթացին՝ համոզվելու, որ «համատարած կեղծիքների» մասին լուրերը խիստ չափազանցված են, եւ փոխելու իրենց վերաբերմունքը Հայաստանում ընթացող նաեւ այլ գործընթացների նկատմամբ։

-Մեր ընդդիմությունը կկարողանա՞ վերահսկել ընտրությունների ընթացքը։

-Մշտապես ասել եմ՝ նույնիսկ հին օրենսգրքով ընդդիմությունը բավարար գործիքներ ուներ ապահովելու ընտրությունների լիարժեք վերահսկողությունը եւ համարժեք գնահատական տալու ընտրական գործընթացին։ Ընդամենը ամիսներ առաջ մենք անցկացրինք տեղական ընտրություններ, եւ միայն մեկ դեպքում ընդդիմադիր ուժերն ունեցան արդյունք։

Եթե հիշում եք, Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթի շրջանակներում նորամուծություններ ենք արել նաեւ Քրեական օրենսգրքում՝ խստացնելով ընտրախախտումների համար սահմանված քրեական պատասխանատվությունը։ Հետեւաբար այս ընտրական գործընթացը լինելու է լիովին վերահսկելի եւ թափանցիկ, ինչի մասին ԱԺ ամբիոնից բարձրաձայնել են նաեւ մեր ընդդիմադիր գործընկերները։

Լիլիթ Պողոսյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի Հունվարի 12-ի համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031