Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Տեղի է ունեցել ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսը

Հունվար 18,2017 16:38

Հունվարի 18-ին ԼՂՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանի տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսը:

Ասուլիսի մեկնարկին Աշոտ Ղուլյանը բնորոշելով անցած տարին` նշել է. «Տարին բարդ էր, փորձություններով լեցուն, նաև հարուստ՝ քաղաքական նշանակալի իրադարձություններով», – նշել է ԱԺ նախագահը:

Այդ համատեքստում Աշոտ Ղուլյանն առանձնացրել է մի շարք կարևոր իրադարձություններ՝ Սահմանադրական բարեփոխումների մեկնարկը և գործընթացը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 25-րդ տարեդարձը, անկախության հանրաքվեի 25 ամյակը և դեկտեմբերի 28-ին՝ առաջին խորհրդարանական ընտրությունների քառորդդարյա տարեդարձը:

Խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է նաև ապրիլի 2-ին Ադրբեջանի հրահրած ռազմական ագրեսիային, որը, Աշոտ Ղուլյանի խոսքով, ցավալի հետևանքներ է ունեցել առաջին հերթին մարդկային կորստի առումով, սակայն այդ օրերին արձանագրվեց նաև Արցախի շուրջ համազգային միասնականության կարևորագույն արտահայտությունը:

Ազգային ժողովի նախագահը այնուհետև ներկայացրել է 6-րդ գումարման Ազգային ժողովի երրորդ և չորրորդ նստաշրջաններում խորհրդարանի կատարած աշխատանքների հիմնական ուղղությունները:

Երկու նստաշրջանի ընթացքում խորհրդարանն ընդհանուր առմամբ գումարել է 13 լիագումար նիստ, այդ թվում՝ մեկ արտահերթ նիստ և մեկ արտահերթ նստաշրջան:

Շրջանառության մեջ է դրվել 57 օրենք։ Օրենսդրական նախաձեռնություններից 4-ը պատգամավորական է, 53-ը` կառավարությանը:

Խորհրդարանն ընդունել է 48 օրենք, որից 12-ը՝ մայր օրենք:

Աշոտ Ղուլյանի բնորոշմամբ, անցած տարին, աշխույժ էր նաև խորհրդարանի արտաքին հարաբերությունների ամրապնդման և զարգացման առումով: Ազգային ժողովի միջխորհրդարանական հարաբերություններում, ինչպես նախկինում գերակշռող տեղ են ունեցել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հետ կապերը:

«Այս առումով չափազանց կարևոր եմ համարում երկու խորհրդարանների մշտական հանձնաժողովների՝ հրատապ թեմաների շուրջ հստակ օրակարգով համատեղ նիստերն ու տարբեր ձևաչափով հանդիպումները»,-նշել է խորհրդարանի նախագահը:

Խորհրդարանական պատվիրակություններից զատ Արցախի Ազգային ժողովում հյուրընկալվել են նաև ՀՀ կառավարական պատվիրակություններ, հայ և արտասահմանյան հասարակական ոլորտի ներկայացուցիչներ, արտերկրի քաղաքական գործիչներ ու խորհրդարանականներ:

Սեպտեմբերին ԱԺ պատվիրակությունն այցելել է Բելգիայի Թագավորություն, իսկ դեկտեմբերի կեսերին կայացել է խորհրդարանի նախագահի այցը Ֆրանսիական Հանրապետություն:

Խորհրդարանական գործունեությունն ամփոփելուց հետո ԱԺ նախագահը պատասխանել է լրագրողների հարցերին, որոնք վերաբերում էին ինչպես խորհրդարանի 25 -ամյա գործունեությանը, Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագծի յուրահատկություններին, նրա առանձին հոդվածներին, ապրիլյան ագրեսիայի հետևանքով խորհրդարանական դիվանագիտության մեջ հնարավոր փոփոխությունների անհրաժեշտությանը, Արցախի միջազգային ճանաչման հնարավորություններին եւ այլ թեմաների:

ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031