Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախի ամենաերջանիկ և ամենադժբախտ սերունդը»

Ապրիլ 21,2026 22:30 Share

«Արցախի ժողովրդի տեղահանությունը, էթնիկ զտումները, ցեղասպանության վտանգի տակ հայաթափումը յուրօրինակ հանրաքվե է եղել՝ Արցախն Ադրբեջանի կազմում չլինելու մասին»,- «Առավոտի» «Այլ օրակարգ» հաղորդման ժամանակ կարծիք հայտնեց Արցախի խորհրդարանի նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը։

«Պաշտոնական-պետական մակարդակում անտեսված, բարձիթողի վիճակում, հանրային մակարդակում՝ անորոշությունների և որոնումների մեջ, իսկ անհատական մակարդակում՝ ծանր կորուստների, ամենօրյա ապրումների և խորը մտահոգությունների վիճակում»,- Արցախի հարցի ներկայիս իրավիճակը կարճ՝ այսպես է բնութագրում մեր զրուցակիցը։ Եվ որքան էլ ՀՀ գործող իշխանությունը փորձում է առաջ մղել իր տեսակետը՝ «Արցախի էջը փակված» լինելու և «ղարաբաղյան շարժումից հրաժարվելու» մասին, Աշոտ Ղուլյանի կարծիքով, դա խիստ տարանջատված է անհատական, հանրային ընկալումներից և, միևնույն է, այն մնում է զուտ քարոզչական մակարդակի վրա․ «Ինչքան էլ իշխանությունն այդ քարոզչական թեզերով առաջնորդվի, միևնույն է, 100 հազարից ավելի արցախցիների ներկայությունը մայր հայրենիքում՝ փախստականի կամ բռնի տեղահանվածի իրավիճակում, արդեն խոսում է այն մասին, որ Արցախի հարցը կա»։

Հարցին՝ սա ժամանակավոր փուլ է, թե՞ արդեն նոր իրականություն, Աշոտ Ղուլյանը պատասխանեց․ «Նոր իրողություն է։ Գոնե տասը տարի առաջ ոչ ոք չէր պատկերացնում, որ այսպիսի զարգացումներ կլինեն։ Բայց ես նաև կարծում եմ, որ սա ժամանակավոր է»։ Մեր զրուցակիցը փիլիսոփայորեն է մոտենում այս ամենին՝ աշխարհում միայն արժեքներն են մնում, մնացյալը ժամանակավոր է․ ժամանակավոր է համարում նաև այս իրողությունը, մանավանդ ներկայիս աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում։

Հետաքրքրվեցինք՝ դուք հավատո՞ւմ եք, որ վերադարձը դեռ հնարավոր է, թե՞ մենք խոսում ենք ավելի շատ ցանկության մասին։ Եթե այո՝ ո՞վ է տալու անվտանգության երաշխիքները, երբ նախկին մեխանիզմները չաշխատեցին։

«Մենք հիմա խոսում ենք վերադարձի տեսական հնարավորության մասին, բայց ես չեմ կարող չհավատալ վերադարձին․ դա բոլոր արցախցիների՝ ամենօրյա մտածմունքների մեջ է, և դա միայն հուզական հարթության վրա չէ»,- ասաց մեր զրուցակիցը։

Հակադարձելով իշխանական ճամբարից հնչող հայտարարություններին, թե վերադարձի մասին խոսողները բացում են պատերազմի դուռը, Արցախի ԱԺ նախկին նախագահն ասում է․ «Պատերազմի վտանգը, պատերազմի սպառնալիքը երբեք էլ չի անհետացել։ Այնպես չէ, որ այսօր մենք բոլորս համոզված ենք, որ վաղը, մյուս օրը կամ հետագա ամիսներին իրավիճակը չի փոխվի»։ Խորհուրդ է տալիս մի փոքր ծանոթանալ մեր հարևան ժողովրդի մենթալիտետին, հոգեբանությանը և այսօրվա պահվածքին, որը նաև արդյունք է նրանց վերջին ամիսների «հաղթանակների»․ «Նրանք երբեք չեն բավարարվում իրենց ունեցածով, նրանց համար իրենց ծրագրերի դադար չկա։ Ճանապարհը, որի մասին այսօր խոսույթը թարմացվում է, դրա մասին 100 տարի առաջ էլ էին խոսում․ երազել են, որ այս հնարավորությունն ունենան և երբեք չեն հրաժարվել այդ մտածելակերպից»։

«Երբ խոսում ենք Արցախի ժողովրդի վերադարձի մասին, ես կուզեի, որ մենք ունենայինք իշխանություն, որը ռազմավարական մտածողություն ունենար և հասկանար, որ այն, ինչն այս պահին հնարավոր չէ, դա չի նշանակում, որ մենք պետք է դադարենք խոսել այդ իրավունքի մասին։ Նաև շատ տարօրինակ կլինի, որ մենք չխոսենք այդ մասին, երբ 2023-ից սկսած մի շարք պետություններ և կազմակերպություններ խոսում են դրա մասին։ Հենց այսօր դա իրատեսական չէ, վաղը իրատեսական է լինելու՝ աշխարհաքաղաքական իրավիճակներից ելնելով»,- ասաց Աշոտ Ղուլյանը՝ հավելելով․ «Այսօր շատ իրատեսական են արցախցիների սպասումները, և արցախցիների գերակշիռ մեծամասնությունը շատ լավ գիտի, որ երբ խոսում ենք վերադարձի, վերադարձի իրավունքի մասին, դա չի նշանակում, որ դա վաղը, մյուս օրը կամ մեկ ամիս հետո անպայման լինելու է։ Արցախ վերադառնալու իրավունքի տերը արցախի ժողովուրդն է։ Որևէ մեկը մեզ չի կարող ասել՝ այդ իրավունքը դուք չունեք․ այդ իրավունքը մեր մասին է, մեր կյանքի մասին է, այն ձեռք է բերվել մեծ կորուստներով։ Եվ դեպի խաղաղություն տանող ճանապարհը տեղահանվածների վերադարձով է, գերեվարվածների ազատ արձակումով»։

«Երբ դետալներին չենք անդրադառնում, թվում է, թե ճիշտ է ասում, Պուտինը երկու անգամ դրա մասին խոսել է։ Ես մի քանի անգամ Պուտինի այդ հաղորդումը նայել եմ, և գիտեք, պարզապես պետք է մի քիչ նաև քաղաքական լեզուն լավ հասկանալ և ռուսերենը։ Պուտինի ասածը հետևյալն է, որ միջազգային իրավունքի տեսակետից ԼՂՀ-ն Ադրբեջան է։ Միջազգային իրավունքի տեսակետից Ղրիմն էլ Ուկրաինա է։

Այսինքն, սա նշանակո՞ւմ է, որ եթե միջազգային իրավունքն այդ պահին խոսում է դեռևս չճանաչված կազմավորումների մասին, մենք պետք է հետ քաշվե՞նք ու ասենք՝ Պուտինն այսպես է ասել, Թրամփը այնպես։ Սա ճիշտ, հետևողական, մտածված դիվանագիտական աշխատանքի արդյունք պետք է լինի։ Ու այստեղ շատ կարևոր է այն ռազմավարական աշխատանքը, որը հետխորհրդային չճանաչված բոլոր սուբյեկտները հետևողական տանում են։

Միակ դեպքը, որ նահանջ եղավ, ԼՂՀ-ն է, և սա այն դեպքում, երբ ԼՂՀ-ն շատ ավելի մեծ հիմնավորումներ ու փաստարկներ ուներ անկախության և ինքնորոշման իրավունքին հասնելու համար։ Այսինքն, Պուտինը մտածել էր, որ ԼՂՀ-ն Ադրբեջան է, բայց ՌԴ-ն մասնակցել էր, որպես միջնորդ, որ խնդիրը լուծվի»,- ՌԴ նախագահի և Նիկոլ Փաշինյանի վերջին հանդիպման մասին էլ ասաց մեր զրուցակիցը։

Բաքվում պահվող հայ գերիների հարցում գործող իշխանության պահվածքը բավական կրավորական է, բայց զարմանալի էր, օրերս Ստամբուլում, Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովի իր ելույթում Ալեն Սիմոնյանն ասել է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև դեռևս առկա են լուրջ մարդասիրական խնդիրներ, վստահության ամրապնդումը շարունակելու և իրական հաշտեցման հասնելու համար Ադրբեջանում պահվող 19 հայերը պետք է ազատ արձակվեն և վերամիավորվեն իրենց ընտանիքների հետ։ Նա հավելել է, որ անհետ կորած մյուս անձանց ճակատագրերը ևս պետք է պարզվեն։

Այս առիթով էլ մեր զրուցակիցն ասում է․ «Ամեն դեպքում, ֆիքսենք, որ գոնե սկսել են բացահայտ խոսել, սկսել են ամբիոններից դրա մասին խոսել։ Բայց ես խիստ կասկածներ ունեմ, որ կապված է նախընտրական իրավիճակի հետ։ Երրորդ տարին է, որ մեր հայրենակիցները, գործընկերները, ընկերները, նաև ում հետ մենք ճանապարհ ենք անցել՝ Արցախի Հանրապետության պետական համակարգը կայացնելու այս դժվարին ընթացքի մեջ, գտնվում են գերության մեջ։ Տարբեր խոսակցություններ են նետվում քարոզչական դաշտ՝ ինչո՞ւ են գերի ընկել, կարող էին և չգնալ և այլն․ գոնե բացահայտված փաստերի հիման վրա, այսօր կարելի է ասել, որ այդ մարդիկ այդպես՝ իրենց ներկայությամբ և իրենց գերությամբ, երաշխավորել են, որպեսզի Արցախի ժողովուրդը՝ 100 հազար և ավելի մարդիկ, անցնեն սահմանը։ Սա չի կարելի մոռանալ, սա պարզապես պատասխանատվություն է, որ նրանք զգացել են։ Իրենց ճանապարհը չի ավարտվել միայն պաշտոնավարման տարիների ավարտով։ Այն, ինչ այսօր ասվել է, կուզենայի, որ տարիներ առաջ էլ ասվեր, նաև որովհետև նրանցից մի մասի հետ ՀՀ պաշտոնյաները գործընկերներ են եղել։ Եվ ես կցանկանայի, որ միայն ասելով չսահմանափակվեինք․ խոսելը մի բան է, արդյունքի հասնելը՝ այլ բան»։

Արցախցիների «փախուստի» մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին էլ պատասխանում է․ «Մի քանի օր առաջ հանդիպեցի ՀՀ ԱԳ նախարարի ելույթին, այն եղել է 2023 թվականի սեպտեմբերի 23-ին, ՄԱԿ գլխավոր ասամբլեայում։ Կուզենայի, որ վերցնեն և կարդան այդ ելույթը, և եթե այդ ելույթում ինչ-որ ասել են, հիմա հրաժարվում են դրանից․․․ Սա մենք չենք ասել, սա ասել են այսօրվա նույն իշխանությունները։ Լավ կլինի նորից կարդան, հիշեն, թե մենք ինչի միջով ենք անցել, ինչպես է այդ ամենը եղել»։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930